18-րդ դարի սկզբներին Հունգարիայի Տրանսիլվանիա երկրամասում ցրված հայերը կենտրոնացան երկու քաղաքներում։ Դրանցից մեկը 1700թ. հիմնադրված Գեոլան՝ Արմենոպոլիսն էր, մյուսը՝ Եղիսաբեթպոլիսը։ Թագավորական հրամանով երկու քաղաքներն էլ համարվեցին զուտ հայկական կենտրոններ և ստացան արտոնություններ։
Հայ ազգաբնակչությունը Հունգարիայում մեծաքանակ չէր, հասնում էր 15-20 հազարի։ Տրանսիլվանիայի հայերը կապված էին մայր հայրենիքի հետ։ Նրանք արձագանքել և նյութական օժանդակություն են կազմակերպել սովյալներին, 1890–ական թվականների կոտորածներից փախածներին։
Նրանք ակտիվ մասնակցություն ունեցան 1848-1849 թթ. Հունգարիայի ազատագրական-հեղափոխական շարժումներին։ Մի քանի հայ գեներալներ (Վիլմոչ Լազարը, Ցեցյանը, Էռնե Կիշյանը) ազատագրական բանակի հրամանատարներ էին։
Հունգարահայերը ունեցել են ուրույն մշակութային կյանք։ 18-րդ դարից սկսած այնտեղ բացվել են հայկական դպրոցներ։ Ընդօրինակվել են հայկական ձեռագրեր, ստեղծվել՝ նորերը։ Նշանավոր էր հունգարերենով լույս տեսնող «Արմենիա» ամսագիրը (1887-1907 թթ.), որը հայագիտական բնույթ ուներ և օտարներին ծանոթացնում էր հայոց պատմությանն ու մշակույթին։