Հայերը Անգլիային ծանոթ էին միջնադարից, սակայն հայկական համայնքներ այստեղ ձևավորվել են միայն 19-րդ դարի 80-ական թվականներին։ Այդ ժամանակ Կ.Պոլսի հայ վաճառականները բնակություն են հաստատում և իրենց գրասենյակներն են հիմնում Լոնդոնում և Մանչեստրում։ 1870թ. հայերը Մանչեստրում կառուցում են առաջին եկեղեցին։ Մինչ այդ նրանք ընտրել էին հոգաբարձություն, որը փաստորեն վարում էր տեղի հայ համայնքի գործերը։
Հայ բնակչության քանակը ավելանում է 19-րդ դ. վերջերին Թուրքիայում սկսված կոտորածների և ծայր առած արտագաղթի հետևանքով։ Իսկ Մեծ եղեռնից հետո, փախստականների հոսքի հետևանքով, ավելի է ստվարանում հայ բնակչությունը։
Հայերի զգալի մասը մտավորականներ էին, վաճառականներ ու արհեստավորներ։ Հայ վաճառականները Մանչեստրում, Լիվերպուլում, Լոնդոնում իրենց խանութներն ու գրասենյակներն ունեին։ Նրանք կապված էին գերազանցապես արևելյան շուկաների հետ։
Սակավամարդ այդ համայնքները մշակութային ձեռնարկումներ էին կատարում։ 1736թ. Լոնդոնում թարգմանաբար հրատարակվել են Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» և Անանիա Շիրակացու «Աշխարհացույցը»։ Բեռլինի վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ Մինաս Չերազը Լոնդոնում հրատարակում է «Արմենիա» ամսագիրը։ Դրանում նյութեր էին տպագրվում հայ ժողովրդի ներքին կյանքի, Անգլիայի և ուրիշ երկրների հայկական գաղութների մասին։
Անգլիայի հայկական գաղութները զորեղանում են 20-րդ դարում։