Հայաստանը XX դարի սկզբինՌազմական գործողությունները Կովկասյան ռազմաճակատում և հայերըՌազմական գործողությունները

Ռազմական գործողությունները

1914թ. օգոստոսի 1-ին բռնկվում է Առաջին համաշխարհային պատերազմը։ Այն մղվում էր երկու խոշոր ռազմաքաղաքական խմբավորումների՝ Անտանտի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) և Եռյակ, իսկ 1915 թվականից՝ Քառյակ միության (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա և Բուլղարիա) միջև։ Ե՛վ Անտանտը, և՛ Եռյակ միությունն այս պատերազմում հետապնդում էին զավթողական նպատակներ։ Թուրքիան ձգտում էր գրավել Կովկասը, Ղրիմը, Իրանական Ատրպատականը և Միջին Ասիան։ Դրանով իրագործվելու էր երիտթուրքերի պանթուրքական ծրագիրը։ Իր հերթին ցարական Ռուսաստանը նպատակ ուներ գրավել Արևմտյան Հայաստանը, Կ. Պոլիսը, Բոսֆորի և Դարդանելի նեղուցները։

Կովկասյան ճակատում մարտական գործողությունները սկսվում են 1914թ. հոկտեմբերի 29-30-ին։ Թուրքերը կենտրոնացրել էին 300 հազար զինվոր։ Ռուսական զորքերի թիվը հասնում էր շուրջ 200 հազարի։ Մարտական գործողություններն ընթանում էին Սև ծովից մինչև Ուրմիա լիճը՝ 720 կմ երկարությամբ։

Առաջինը նախահարձակ են լինում թուրքերը։ Օգտագործելով ուժերի գերակշռությունը և այն հանգամանքը, որ ռուսները զորքերի մի մասը Կովկասից տեղափոխել էին Արևմտյան ճակատ, թուրքերին հաջողվում է գրավել ռուսական սահմանամերձ մի քանի շրջաններ։ Զավթված տարածքների բնակչությունը՝ հայեր, հույներ և ասորիներ, հալածանքների են ենթարկվում թուրք զինվորների կողմից։

1914թ. դեկտեմբեր–1915թ. հունվար ամիսներին թուրքական և ռուսական բանակների միջև, Սարիղամիշ քաղաքի շրջանում, տեղի են ունենում կատաղի մարտեր։

Թուրքերը, որոնք ողջ հույսը դրել էին իրենց թվական գերակշռության վրա, գլխովին ջախջախվում են։ Իննսունհազարանոց թուրքական բանակից հաջողվում է ճողոպրելով ազատվել միայն 12 հազարին։ Ռազմական նախարար Էնվեր փաշան հազիվ է խուսափում գերի ընկնելուց։ Ռուսների 60 հազար զորքից զոհվում է 20 հազարը։

Զարգացնելով հարձակումը՝ ռուսական ուժերը գրավում են Թավրիզը և Դիլմանը, հետ մղում Պարսկաստան ներխուժած թուրքական զորքերին։ 1915թ. գարնանը Արևմտյան Հայաստանում ևս ռուսական Կովկասյան բանակը հաջող գործողություններ է ծավալում։ Թշնամուց գրավվում են Մանազկերտը, Բաշկալեն, Շատախը, Արճեշը և Վանը։ 1915թ. հուլիսին, սակայն, ռուսները անսպասելի նահանջում են Ալաշկերտի հովիտ։ Ռուսական հրամանատարությունը, լրացուցիչ ուժեր ստանալով, անցնում է հարձակման և վերագրավում կորցրած տարածքները։

1916թ. հունվարին ռուսական բանակներն անցնում են լայնածավալ հարձակման։ Կարճ ժամանակամիջոցում ջախջախվում է թուրքական երեք դիվիզիա։ Իսկ 1916թ. փետրվարին, հնգօրյա կատաղի մարտերից հետո, նրանք գրավում են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Էրզրումը։ Նույն թվականի ապրիլին ռուսական ցամաքային և ծովային ուժերի համատեղ ջանքերով գրավվում է Սև ծովի ափին գտնվող Տրապիզոն քաղաք-նավահանգիստը։

Երկարատև պատերազմը և Արևմտյան ճակատում ռուսական զորքերի պարտությունը հնարավորություն չտվեցին շարունակել ռազմական գործողությունները։ 1917թ. մայիսից սկսած՝ ռուս-թուրքական մարտադաշտում հարաբերական դադար է հաստատվում։ Իսկ 1917թ. հոկտեմբերյան հեղափոխությունը նոր իրադրություն է ստեղծում երկրում և ռազմաճակատում։ Դեկտեմբերին Երզնկայում ստորագրվում է զինադադար ռուսական և թուրքական կողմերի միջև։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Search
Туры в Армению
FindArmenia.ru
Photos of Armenia
Tourism and tours
in Armenia
Sights
Songs
Words, chords and mp3 of Armenian songs
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Contacts | Tours