ԽՍՀՄ փլուզման և շրջափակման հետևանքով խզվեցին միջհանրապետական տնտեսական ավանդական կապերը, դադարեց հումքի մատակարարումը։ Հայաստանի տնտեսությունը հայտնվեց ճգնաժամային վիճակում։ Մեծ տերության մի մասը կազմող և նրա միջոցներից օգտվող հանրապետությունից Հայաստանը դարձավ սեփական վառելիքաէներգետիկ պաշարներից զուրկ, հանքահումքային սուղ հնարավորություններ ու փոքր տարածք ունեցող անկախ երկիր։ Նա արդեն ինքնուրույն պետք է լուծեր ծառացած սոցիալ-տնտեսական հիմնահարցերը։ Սկզբնական շրջանում, շրջափակման պայմաններում, կարևորագույն խնդիրը բնակչության կենսապահովման նվազագույն պայմանների ապահովումն էր։ Խնդրի լուծումն ավելի էր դժվարացնում ու տնտեսական ճգնաժամը խորացնում նախկին տնտեսական կապերի խզումը։ Սրան եթե ավելացնենք հանրապետության շրջափակումը, պատերազմական իրավիճակը, փախստականների օրհասական դրությունն ու էներգետիկ ճգնաժամը, ապա հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի պատկերը կամբողջանա։
Այս ծանր պայմաններից դուրս գալու նպատակով ծրագրվեց տնտեսությունը արմատական վերափոխումների ենթարկել։ Նախատեսվում էր, նոր պահանջներին համապատասխան, անցում կատարել դեպի շուկայական հարաբերություններ։
1990-1991թթ. Հայաստանի Գերագույն խորհուրդը մի շարք որոշումներ ընդունեց, որոնք ուղղված էին տնտեսական հարաբերությունները կարգավորելուն։ Կարևոր նշանակություն ուներ խորհրդարանի 1990թ. սեպտեմբերի 10-ին ընդունած օրենքը պետական սեփականության մասին։ Դրա համաձայն հանրապետության տարածքում գտնվող բոլոր պետական հաստատությունների ունեցվածքը հայտարարվեց Հայաստանի Հանրապետության սեփականություն։ 1991թ. սկսած արդյունաբերական, գյուղատնտեսական ձեռնարկությունների, ամբողջ ոլորտի հախուռն ապապետականացման հետևանքով երկիրը հայտնվեց խոր տնտեսական ճգնաժամի մեջ։ Համատարած բնույթ ընդունեցին գործազրկությունն ու աղքատությունը։ Կտրուկ ավելացավ բնակչության արտագաղթը։
Հանրապետությունում տարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության մշակման ժամանակ թույլ տրվեցին նաև սխալներ։ Շուկայական տնտեսությանն անցնելու հիմնական բաղադրիչը համարվեց գների ազատականացումը, որը հանգեցրեց գների կտրուկ աճի և բնակչության սոցիալական դրության վատթարացման։ 1992թ. դեկտեմբերին, նախորդ տարվա համեմատությամբ, սպառողական ապրանքների գներն աճեցին 13 անգամ։ Գների ազատականացումը համահունչ չէր տնտեսության նախկինում գոյություն ունեցող պետական-մենաշնորհային համակարգին, ինչը հանգեցրեց ոչ թե բարեփոխման, այլ գործող համակարգի փլուզման։