Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991-2008թթ.Հանրապետությունը տնտեսական վերափոխումների ճանապարհինԱրդյունաբերությունը

Արդյունաբերությունը

ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի շրջափակման և այլ պատճառներով զրկվելով դրսից ներմուծվող էժան հումքից ու էներգիայից՝ հզոր արդյունաբերության մի շարք ճյուղեր դադարեցին գործելուց։ 1992թ. արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմեց նախորդ տարվա 51%-ը։ Անկում ապրեցին հատկապես մետալուրգիան, շինանյութերի արտադրությունն ու մեքենաշինությունը։

1992թ. օգոստոսին ընդունվեց օրենք արդյունաբերական ձեռնարկությունների սեփականաշնորհման մասին։ Այդ օրենքի հիման վրա 1993թ. հանրապետությունում սեփականաշնորհվեց 500 ձեռնարկություն, իսկ 1994–1995թթ.՝ մոտ 800-ը։

Այս բնագավառում ևս թույլ տրվեցին սխալներ։ Հապճեպ սեփականաշնորհվեցին ու ցածր գներով առանձին անհատների վաճառվեցին արդյունաբերական բազմաթիվ ձեռնարկություններ, որոնց մեծագույն մասը դադարեց աշխատելուց։ Հազարավոր բանվորներ և մասնագետներ դարձան գործազուրկ։ Ապապետականացման գործընթացում ամեն ինչ թողնվեց մասնավորի ձեռներեցությանը, իսկ պետությունը որոշ դեպքերում մնաց դիտորդի դերում։

Արդյունաբերական ձեռնարկությունները սեփականաշնորհելիս բավարար չափով հոգ չտարվեց դրանց ունեցվածքի պահպանման ուղղությամբ։ Դրա հետևանքով մետաղյա թանկարժեք, այդ թվում նորագույն սարքավորումները, հաճախ ջարդոնի անվան տակ, վաճառվեցին արտասահմանյան երկրներում՝ հատկապես Իրանում և Թուրքիայում։ Դա ծանր հարված հասցրեց արդյունաբերությանը և ամբողջ տնտեսությանը։ Մեծ դժվարություններ առաջացան արդյունաբերական արտադրանքի իրացման գործում։ 1994թ. օրինակ՝ իրացվեց ամբողջ արդյունաբերական արտադրանքի միայն 50%-ը։ Դա, անշուշտ, պայմանավորված էր նրանով, որ հայկական արտադրանքը միջազգային շուկայում դեռևս մրցունակ չէր։

Պետությունը, փաստորեն, անտեսեց սեփականաշնորհման գործընթացի խելացի, ծրագրավորված կառավարումը։ Նոր տնօրինողներից չէր պահանջվում ձեռնարկությունները գործարկելու ծրագրեր, ինչը հանգեցրեց արտադրության կրճատմանը, ավելի ճիշտ դադարեցմանը։ Չարդարացան նաև սեփականաշնորհումից բյուջեի մուտքերն ապահովելու հույսերը։ Պետության իրական դրամական եկամուտները սպասվածից առնվազն 10 անգամ ցածր էին։ Այս բոլորի հետևանքով խիստ սահմանափակվեցին ՀՀ տնտեսության զարգացման հնարավորությունները։

Սեփականաշնորհման արդյունքում ձեռնարկությունների արտադրական հիմնական միջոցների յուրացումը հասցրեց արդյունաբերության քայքայմանը, գործազրկության աճին ու արտագաղթին։

Այնուհանդերձ, դժվարին պայմաններում, այս ոլորտում կատարվեցին դրական աշխատանքներ։ 1996թ. ապրիլին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության արդյունաբերողների և ձեռնարկատերերի հիմնադիր համագումարը, որը ստեղծեց արդյունաբերողների միություն։

Արդյունաբերության և ամբողջ ժողովրդական տնտեսության ճգնաժամային վիճակի հիմնական պատճառներից մեկը էներգետիկ ճգնաժամն էր։ Սա արդյունք էր հայկական ատոմակայանի փակման, շրջափակման հետևանքով մազութի ու բնական գազի մատակարարման ընդհատումների։ 1992–1993թթ. կենցաղային կարիքների համար միայն 2-3 ժամ էր էներգիա տրվում։ Այդ տարիները բնակչության հիշողության մեջ մնացել են որպես ցրտի ու մթի տարիներ։

Այսպիսի պայմաններում անխուսափելի էր հայկական ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) վերագործարկումը 1996թ. և Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի շահագործումը։ ԱԷԿ-ի վերագործարկումը տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության տնտեսատեխնիկական օգնությամբ, որով բարելավվեց էլեկտրամատակարարումը։

2000 թվականից կրճատվեց էներգակիրների ներմուծումը արտասահմանից։ Առավելագույնի հասավ սեփական ջրաէներգետիկ ռեսուրսների օգտագործումը և թափ հաղորդվեց ոչ ավանդական (արեգակի, քամու և ընդերքի ջերմային) էներգառեսուրսների օգտագործմանը։

Այսպիսով 1990-ական թվականների կեսերից ատոմային էլեկտրակայանի վերագործարկումով սկսվեց տնտեսության վերակենդանացման դանդաղ գործընթացը։ Եթե 1994թ. երկրի համախառն ներքին արտադրությունը մինչ անկախացման առավելագույն ցուցանիշին զիջում էր շուրջ 10 անգամ, ապա 1995թ. առաջին անգամ գրանցվեց աճ։ Հաջորդ տարիներին աճի տեմպերը մեծացան։

Արդյունաբերության անկման հետևանքով ծանր կացության մեջ էր հայտնվել նաև Հայաստանի ֆինանսավարկային համակարգը։ Մինչև 1993թ. հանրապետությունը, միասնական դրամական համակարգի առկայության պայմաններում, կրում էր Ռուսաստանի տնտեսական քաղաքականության ազդեցությունը։ Չնայած այս ուղղությամբ հանրապետության իշխանությունների գործադրած ջանքերին՝ Հայաստանն այդպես էլ ամբողջությամբ չընդգրկվեց ռուսական ռուբլու գոտու մեջ։

1993թ. նոյեմբերին հանրապետության կառավարությունը հարկադրված շրջանառության մեջ դրեց հայկական ազգային դրամը։ Դրանից հետո Հայաստանը հնարավորություն ստացավ ինքնուրույն տնօրինելու տնտեսական ամբողջ ոլորտը։

Սեփական դրամը շրջանառության մեջ դնելը կառուցվածքային լուրջ տեղաշարժեր առաջ բերեց հանրապետության ֆինանսական համակարգում։ Ստեղծվեց Հայաստանի կենտրոնական բանկը, ձևավորվեցին շուրջ 60 առևտրային դրամատներ ու մասնավոր բանկեր։

Հայաստանի տնտեսության մեջ առաջացած դժվարին իրավիճակում բնակչության հսկայական մեծամասնության համար ստեղծվել էր ծանրագույն կացություն, որը հանգեցնում էր այնպիսի բացասական երևույթի ծավալմանը, ինչպիսին արտագաղթն էր։

Տասնյակ տարիների ընթացքում երաշխավորված աշխատատեղին և աշխատավարձին սովոր, աշխատասերի համբավ ունեցող հայ ժողովրդի վիթխարի զանգվածներ հայտնվեցին գործազուրկի կարգավիճակում։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Search
Туры в Армению
FindArmenia.ru
Photos of Armenia
Tourism and tours
in Armenia
Sights
Songs
Words, chords and mp3 of Armenian songs
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Contacts | Tours