Տիգրան Բ-ն (Ք.ա. 95-55 թթ.) գահ բարձրացավ 45 տարեկան հասակում: Նրա առաջնահերթ խնդիրը հայկական բոլոր տարածքները մեկ ընդհանուր պետության մեջ միավորելն էր:
Հայկական բոլոր հողերը միավորելու համար անհրաժեշտ էր Մեծ Հայքին միացնել նաև Փոքր Հայքը: Սակայն այն մինչ այդ միացվել էր Պոնտոսի թագավորությանը: Վերջինս Փոքր Ասիայի հզոր պետություններից էր, ուներ լավ վարժեցված ու մարտունակ բանակ:
Մեծ Հայքի թագավորության և Պոնտոսի մերձեցումը, հայերի ռազմատենչ գործողությունները Կապադովկիայում ստիպեցին Հռոմին մերձենալու Պարթևստանին: Նրանց միջև կնքվեց համաձայնագիր, որն ուղղված էր Հայաստանի ու Պոնտոսի դեմ:
Հյուսիսային Միջագետքի գրավմամբ Տիգրան Բ-ի տերությունը ընդհուպ սահմանակցեց Սելևկյան պետությանը: Նրանց բաժանում էր միայն Եփրատ գետը: Երբեմնի հզոր Սելևկյան թագավորությունն ապրում էր խոր ճգնաժամ: