Հայ ազգային-ազատագրական շարժման նոր փուլըՍասունի ապստամբությունը: Արևմտահայության կոտորածներըՍասունի 1894թ. ապստամբությունը

Սասունի 1894թ. ապստամբությունը

Թուրքական իշխանությունը որոշեց նախ և առաջ հաշվեհարդար տեսնել հայ ազատագրական շարժման գլխավոր օջախներից մեկի՝ Սասունի հետ: Սասունը Արևմտյան Հայաստանի լեռնային գավառներից է: Այն վարչականորեն գտնվում էր Բիթլիսի վիլայեթում և ուներ շուրջ 35000 հայ բնակչություն: Ազատաբաղձ և անկոտրում սասունցիներին ճնշելու համար սուլթանի հրամանով թուրքական ուժերը հաճախակի հարձակումներ էին կազմակերպում Սասունի հայկական գյուղերի վրա: 1891-1892թթ. սասունցիները պարտության են մատնում թուրք-քրդական ուժերին, որոնք փորձում էին ներխուժել Տատրագոմ և սրի քաշել խաղաղ բնակչությանը: Հնչակյան կուսակցության գործիչներ Միհրան Տամատյանը, Մեծն Մուրադը (Համբարձում Պոյաջյան) տեղի գործիչներ Հրայրի, Գևորգ Չաուշի և ուրիշների հետ ժողովրդին ապստամբության էին կոչում: Շուտով լեռնականները հրաժարվում են հարկատվությունից: Սուլթանական կառավարությունը նախ փորձում է սասունցիներին հնազանդեցնել քուրդ ցեղապետերի միջոցով, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ դրանով ավելի կսրվեն հայ-քրդական հարաբերությունները: Սակայն լեռնցիներն անկոտրում էին մնում: Սասունցիները Գրիգոր Մոսեյանի գլխավորությամբ 1893թ. պարտության են մատնում Բիթլիսի կուսակալի կողմից ուղարկված զորքերին: Բայց սուլթանին հաջողվում է ձերբակալել Մ.Տամատյանին, Տարոնի հոգևոր առաջնորդ Ներսես եպիսկոպոսին և այլ ըմբոստ սասուևցիների՝ թվով 25 հոգու: Սակայն սասունցիները չեն վհատվում: Պայքարի ղեկն իրենց ձեռքն են վերցնում Մեծն Մուրադը, Հրայրը, նրանց զինակիցները, որոնք ժողովրդին նախապատրաստում են զինված պայքարի: Առանձնապես մեծ աշխատանքներ է ծավալում երիտասարդ հայդուկ Գևորգ Չաուշը:

Կատաղած սուլթանը սասունցիների դեմ է ուղարկում 4-րդ բանակի հրամանատար Զեքի փաշային, որին միանում են նաև քրդական ջոկատները, թուրք խառնամբոխը: Զեքի փաշան պահանջում է վերջին 7 տարիների հարկը, սակայն սասունցիները մերժում են:

Օգոստոսի սկզբին թուրքական ավելի քան 40000-անոց զորքն ու խառնամբոխը անցնում է հարձակման: Սասունցիները դիմում են հերոսական պաշտպանության՝ խիզախության և անձնազոհության հրաշքներ գործելով: Տղամարդկանց հետ ուս ուսի քաջաբար մարտնչում էին նաև կանայք և պատանիները: Տեսնելով, որ չի կարողանում ճնշել քաջակորով լեռնականներին, թշնամին դիմում է նենգության. պատվիրակություն է ուղարկում սասունցիների մոտ և սուլթանի անունից ներում խոստանում, եթե նրանք անձնատուր լինեն: Բանակցությունների համար սասունցիներն ուղարկում են 148 հոգու, որոնք, սակայն, շրջապատվում են թշնամու կողմից և կոտորվում: Կռիվներն սկսվում են նոր թափով: Բայց ուժերը խիստ անհավասար էին: Բազմիցս գերակշիռ հակառակորդը շուտով գրավում է մի շարք բնակավայրեր, նաև՝ պաշտպանության կենտրոն Գելիեգուզան գյուղը: Ընդամենը 2000 մարտիկ ունեցող սասունցիները նահանջելով դիրքավորվում են լեռներում և, սրընթաց հակագրոհներ կազմակերպելով, զգալի հարվածներ հասցնում թշնամուն: Շուրջ 15 օր շարունակվում է այդ անհավասար գոտեմարտը: Օգոստոսի վերջերին թուրքական զորքերն ի վերջո հաղթում են և սրի քաշում մոտ 7000 հոգու: Կանանցից ոմանք, չարատավորվելու համար, ինքնասպան են լինում: Գյուղապետ Գրիգորի գեղանի հարս Շաքեն զոհվում է՝ նետվելով ժայռից, նրա օրինակին են հետևում շատերը:

Ապստամբության ղեկավարների մի մասը (Գր. Մոսեյան, Ա. Նիկայան և ուրիշներ) զոհվեց, իսկ մյուսները (Մեծն Մուրադ, Գևորգ Չաուշ և այլք) ձերբակալվեցին: Մուրադը դատապարտվեց 11 տարվա բանտարկության և աքսորվեց Տրիպոլի (Լիբանան):

Սասունի 1894թ. ապստամբությունը Բեռլինի կոնգրեսից հետո արևմտահայերի առաջին զինված ելույթն էր օսմանյան բռնապետության դեմ: Սասունցիները հույս ունեին, որ մեծ տերությունները կմիջամտեն հօգուտ իրենց: Սակայն նրանց հույսերը չարդարացան: Մեծ տերությունները Սասունի իրադարձություններով սկսեցին զբաղվել միայն այն ժամանակ, երբ Աբդուլ Համիդն արդեն ճնշել էր ապստամբությունը և սրի քաշել հազարավոր անմեղ հայերի:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Search
Туры в Армению
FindArmenia.ru
Photos of Armenia
Tourism and tours
in Armenia
Sights
Songs
Words, chords and mp3 of Armenian songs
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Contacts | Tours