1890-ական թվականների ջարդերը խիստ ծանր հետևանքներ ունեցան Արևմտյան Հայաստանի և ողջ հայության համար: Օսմանյան Թուրքիայում բնակվող հայերի թիվը 3 միլիոնից նվազեց մինչև 2,5 միլիոն: Բնաջնջված և տարագրված հայերի բնակավայրերում իշխանությունները բնակեցնում էին մահմեդականների՝ փորձելով բնակչության տեսակարար կշիռը փոխել հօգուտ մահմեդական ազգաբնակչության: Այդ պատճառով ի վնաս հայերի զգալիորեն փոխվեց Արևմտյան Հայաստանի ժողովրդագրական պատկերը:
Կոտորածներից հետո ավելի ուժեղացան արևմտահայերի ազգային և սոցիալական ճնշումները: Ազատագրական շարժումներն անմիջապես ճնշելու համար օսմանյան կառավարությունը հայկական քաղաքներում և գյուղերում հիմնեց զորանոցներ, ստեղծեց տարբեր ավազակախմբեր: Ավելի հանդուգն սկսեցին գործել սուլթանի կողմից հովանավորվող քուրդ ցեղապետերը, որոնք բռնագրավում էին հայերի հողերը՝ նրանց տերերին դարձնելով իրենց հպատակները:
Անկում ապրեց Արևմտյան Հայաստանի տնտեսությունը: Ավերվել և փակվել էին արդյունաբերական ձեռնարկությունները, կրճատվել ցանքատարածությունները: Դրանք քոչվոր ցեղերի կողմից օգտագործվում էին որպես արոտավայրեր: