19-րդ դարի երկրորդ կեսին թատերական կյանքում մեծ փոփոխություններ կատարվեցին, այն սիրողական մակարդակից վերաճելով դարձավ արվեստի մասնագիտացված մի ճյուղ։ Կազմակերպվեցին դերասանական մշտական խմբեր, հանդես եկավ տաղանդավոր դերասանների մի ամբողջ սերունդ։ Փոխայցելություն ու համագործակցություն ստեղծվեց արևելահայ ու արևմտահայ նշանավոր թատերական խմբերի միջև։ Ձևավորվեցին դրամատիկական արվեստ սիրողների մի շարք ընկերություններ։
Կ.Պոլսում 1868թ. Հակոբ Վարդովյանը հիմնում է թատերախումբ և ներկայացումներ տալիս հայերեն ու թուրքերեն լեզուներով։ Նա իրավամբ համարվում է ինչպես հայ, այնպես էլ թուրքական թատրոնի հիմնադիրը։ Թատերական արվեստում փայլեց Պետրոս Ադամյանը։ Նա 1879թ. Կ.Պոլսից մեկնեց Ռուսաստան, հանդես եկավ Թիֆլիսի, Մոսկվայի, Պետերբուրգի, Նոր Նախիջևանի և մի շարք այլ քաղաքների բեմերում և շեքսպիրյան դերերով մեծ հռչակ ձեռք բերեց։
Իրենց դերասանական գործունեությամբ փառաբանվեցին նաև Գևորգ Չմշկյանը, Հովհաննես Աբելյանը, Սիրանույշը և շատ ուրիշներ։