Պարսկաստանի հին հայկական համայնքներն իրենց կենսունակությունը պահպանեցին նաև պատմության նոր դարաշրջանում։
Հայերը բնակվում էին գերազանցապես հյուսիսային Պարսկաստանում՝ Թավրիզում, Խոյում, Աալմաստում, Ուրմիայում և այլ վայրերում։
Պարսկաստանի հայ բնակչությունը 19-րդ դարի առաջին կեսին հասնում էր 35-40 հազարի։ Հետագայում ստվարացավ և 20-րդ դարի սկզբներին հասնում էր 180–200 հազարի։
Արհեստներից տարածված էր ոսկերչությունը, ջուլհակությունը, դարբնությունը, կաշեգործությունը։ Երկրի ոսկերչական արհեստը գրեթե ամբողջությամբ գտնվում էր հայերի ձեռքում։
Պարսկահայերը բավականաչափ աշխույժ առևտուր էին անում երկրի ներում և նրա սահմաններից դուրս։ 19-րդ դարի երկրորդ կեսին առևտրի հետ զարգանում էր նաև արդյունաբերությունը։ Կային մեծահարուստ արևտրաարդյունաբերողներ։ Դրանցից էին Լիանոզովները, որոնք իրենց ձեռքում էին պահում Կասպից ծովի հարավային մասի ձկնարդյունաբերությունը։
Պարսկահայերն ակտիվ մասնակցություն են ունեցել երկրի հասարակական-քաղաքական և մշակութային կյանքին։
Պարսկական արքունիքում շատ հայեր դիվանագիտական պատասխանատու պաշտոններ էին վարում։ 19-րդ դարի երկրորդ կեսին Անգլիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում պարսկական դեսպանները հայեր էին։
Անգլիայի դեսպան Մելքոն խանը Լոնդոնում հրատարակել է «Ղանուն» («Օրենք») պարբերականը, որը դեմոկրատական, սահմանադրական գաղափարներ քարոզող առաջին ամսագիրն էր պարսկական իրականության մեջ։ 1905-1911 թթ. բուրժուական հակաֆեոդալական հեղափոխությանը հայերը ակտիվ մասնակցություն ունեցան։ Նրանցից Եփրեմ խանը դարձավ սահմանադրական շարժման առաջնորդներից մեկը։ Հայերը երկրի բարձրագույն օրգանում՝ մեջլիսում, երկու պատգամավոր ունեին։ Նրանք ստեղծեցին «Ազգային խորհուրդ», որը միջնորդի դեր է կատարել Պարսկաստանի բարձրադիր իշխանությունների և հայ համայնքների միջև։
Պարսկահայերը նկատելի հաջողությունների հասան լուսավորության և առհա¬սարակ մշակույթի ասպարեզում։
1838թ. հայկական դպրոց է բացվում Նոր Ջուղայում։ Հետագա տասնամյակներում դպրոցներ են հիմնվում Թավրիզում, Թեհրանում և այլուր։ Սալմաստի գավառի 11 հայկական դպրոցներում 1904-1905 թթ. սովորում էր 800 աշակերտ։ Պարսկաստանի հայկական դպրոցներն իրենց վրա կրում էին Կովկասի հայկական մշակութային կենտրոնների ազդեցությունը։ 1880-ական թվականներին հայկական տպարաններ են հիմնվում մի շարք քաղաքներում։ Ստեղծվում են թատերասիրաց, բարեգործական և այլ հասարակական ընկերություններ։
Իրանի հայկական կենտրոններում հրատարակվեցին շուրջ երկու տասնյակի հասնող պարբերականներ։