Հայերը Հնդկաստանում բնակություն են հաստատել դեռևս 16–17-րդ դարերում։
17–18-րդ դարերում, գլխավորապես Պարսկաստանից կատարվող գաղթի հետևանքով, մի շարք համայնքներ են ձևավորվում ծովափնյա շրջաններում։ Դրանցից էին Սուրհաթը, Ագրան, Մադրասը, Կալկաթան, Բոմբեյը։
Տակավին եվրոպացիների Հնդկաստան թափանցելուց առաջ հայերը լայնորեն զբաղվում էին առևտրով։
Նրանք շուտով ձեռք բերեցին ծովային նավեր, որոնք երթևեկում էին հայկական դրոշներով։ Եվրոպացիները խոչընդոտում էին հայկական նավերի գործունեությանը։
«Արևելահնդկական» անգլիական առևտրական ընկերությունը հայ վաճառականներին առևտրատնտեսական կյանքից դուրս մղելու քաղաքականություն էր վարում։ Շուտով Եվրոպայի առևտրականների հետ հակասությունները վերածվում են թշնամանքի։ Հայերը սկսում են մասնակցել տեղի բնակչության՝ եվրոպացիների դեմ մղվող պայքարին։
19-րդ դարի սկզբներին հնդկական մի շարք համայնքներ թուլացել էին։ Դարի կեսերին դեռևս կենսունակ էր Կալկաթայի հայկական համայնքը, որը դարձել էր հնդկահայության կենտրոնը։ Այդ շրջանում հնդկահայերի թիվը հասնում էր 20-25 հազարի։ Բնակչության մեջ մեծ թիվ էին կազմում առևտրականները և արհեստավորները։ Հնդկահայերը կապեր էին պահպանում հայրենիքի՝ Հայաստանի հետ։
Հնդկահայ շրջաններում մեծ զարգացում է ապրել հայկական մշակույթը։ ճարտարապետության մեջ նշանավոր էին մի շարք կառույցներ՝ եռահարկ կամուրջը, քարե սանդուղքները, Կալկաթայի «Հայկական» նավահանգիստը, եկեղեցիները և այլ շինություններ։ Այդուհանդերձ, հնդկահայերի ամենաարժեքավոր ներդրումը հայկական առաջին պարբերականի հիմնումն է։ Մադրասում, Կալկաթայում, Բոմբեյում հիմնադրվեցին մի շարք տպարաններ։
18-րդ դարի 70-80-ական թվականներին Հնդկաստանի Մադրաս քաղաքում մի խումբ հայրենասերներ լուսավորական գործունեություն են ծավալում։ Շ. Շահամիրյանի գլխավորած այդ խմբակը գրքեր է հրատարակում և քարոզում Հայաստանի անկախությունը վերականգնելու գաղափարը։
Լուսավորություն տարածելու կարևոր ձեռնարկում էր 1821թ. Կալկաթայում հայկական մարդասիրական ճեմարանի բացումը։ Դպրոցն ուներ նաև գիշերօթիկ բաժին, ուր սովորում էին նաև ուրիշ երկրների հայ համայնքների երեխաներ։ ճեմարանում դասավանդում էին այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսին էր գրող Մեսրոպ Թաղիադյանը և ուրիշներ։
19-րդ դարի կեսերից հնդկահայ համայնքները թուլանում և կորցնում են իրենց երբեմնի նշանակությունը։