Հայաստանը հին շրջանումՀայաստանը II-III դարերումՍանատրուկ թագավոր: Քրիստոնեության տարածման սկիզբը Հայաստանում: Թադեոս և Բարթողիմեոս առաքյալներ

Սանատրուկ թագավոր: Քրիստոնեության տարածման սկիզբը Հայաստանում: Թադեոս և Բարթողիմեոս առաքյալներ

76թ. Տրդատ Ա-ին հայոց գահի վրա հաջորդեց Սանատրուկ թագավորը (76-110): Մի հույն պատմիչի խոսքերով՝ նա «հակում ուներ դեպի ամեն մի մեծ բան և, մանավանդ, դեպի պատերազմական գործերը: Նա հավատարիմ պահապան էր արդարադատության և իր կենցաղավարության մեջ զուսպ էր, նաև չափավոր ու ողջամիտ էր, ինչպես լավագույնները հույների և հռոմեացիների մեջ»: Նրա ռազմական հաջողություններից պետք է համարել հայկական իշխանության հաստատումը Հայաստանի հարավային հարևան Ասորիքի մի նշանակալից մասի վրա, որի կենտրոնն էր Եդեսիա կամ Ուռհա քաղաքը: Նրա օրոք Տարոնի և Հարքի սահմանակցության շրջանում, Արածանի գետի ափին, կառուցվում է Մծուրք քաղաքը, որը հետագայում քանդվել է երկրաշարժից ու լքվել:

Սանատրուկի ժամանակաշրջանը նշանավոր էր նրանով, որ Մեծ Հայքում քարոզեցին Քրիստոսի 12 առաքյալներից Թադեոսը և Բարթողիմեոսը ու նրանց աշակերտները, և ստեղծվեցին վաղ քրիստոնեական առաջին համայնքները: Թադեոսը Հայաստանում հիմևադրեց Հայոց առաքելական եկեղեցին, և պատահական չէ, որ պատմիչները Գրիգոր Լուսավորչի մասին գրում են, որ նա նստեց սուրբ Թադեոսի աթոռին: Թադեոս առաքյալին հաջողվեց քրիստոնյա դարձնել հայոց թագավոր Սանատրուկին և նրա դուստր Սանդուխտին: Սակայն եթե առաջինը՝ վախենալով երկրի մեծամեծներից, ետ կանգնեց քրիստոնեությունից, ապա նրա դուստրը, չնայած հոր և հարազատների հորդորներին, չի ուրանում քրիստոնեությունը և նահատակվում է Սանատրուկի հրամանով: Երեք օր հետո ձերբակալվում է նաև Թադեոս առաքյալը, ենթարկվում հալածանքների և շատ չանցած նահատակվում: Նա սպանվում է Արտազ գավառի Շավարշան ավանում: Հետագայում նրա սպանության վայրում կառուցվում է Սբ Թադեոսի վանքը: Բարթողիմեոսը, որ Հայաստան Եկավ Թադեոսից հետո, քարոզում է Հեր ու Զարևանդ և մի քանի այլ գավառներում: Նրա ազդեցությամբ շատերը, այդ թվում թագավորի քույրը, ընդունում են քրիստոնեությունը: Բարթողիմեոսը նույնպես Սանատրուկի հրամանով ենթարկվում է հալածանքների և նահատակվում: Նա սպանվում է Արեբանոս կոչված վայրում, որտեղ հետագայում կառուցվում է Սբ Բարթողիմեոսի վանքը:

Չնայած Թադեոս և Բարթողիմեոս առաքյալների և նրանց աշակերտների ու քրիստոնեություն ընդունած շատ հայերի նահատակությանը, քրիստոնեությունը արմատներ ձգեց Հայաստանում: Ծնունդ առան վաղ քրիստոնեական առաջին համայնքները: Դրանք աստիճանաբար ամրապնդվելով և ուժեղանալով՝ հող նախապատրաստեցին, որ IV դարի սկզբին քրիստոնեությունը Մեծ Հայքում հռչակվի պետական կրոն:

Սանատրուկը մահացավ հավանաբար 110 թ. և թաղվեց հայոց թագավորների տոհմական գերեզմանոցում, որը գտնվում էր Եփրատ գետի ափին կառուցված Անի ամրոցում: Նրա դամբարանն այնքան ամրակուռ էր կառուցված, որ, երբ պարսկական զորքերը IV դարի կեսերին քանդեցին ու կողոպտեցին հայոց թագավորների հանգստարանը, նրանց այդպես էլ չհաջողվեց բացել ու ավերել Սանատրուկի գերեզմանը:

Պարթևա-հռոմեական հակասությունները խիստ սրվեցին այն բանից հետո, երբ Սանատրուկին փոխարինած Աշխադարը փորձ արեց իր ասորական տիրույթները Հռոմին զիջելու միջոցով իր իշխանությունը դարձնել ժառանգական: Պարթևական արքունիքը, առանց Հռոմի համաձայնության, նրան գահընկեց արեց և գահ բարձրացրեց Պարթամասիրին: Դրան հակառակ, հռոմեական կայսր Տրայանոսը դա համարեց Հռանդեայի պայմանագրի խախտում և 114 թ. մեծ արշավանք ձեռնարկեց դեպի Մեծ Հայք և Պարթևստան: Նա փորձ արեց հայոց թագավորությունը վերածել հռոմեական պրովինցիայի, սակայն հաջող սկսված արշավանքը ձախողվեց, կայսրը մահացավ: Նրան հաջորդած Հադրիանոս կայսրը՝ շատ լավ գիտակցելով, որ Հռոմի ուժերն այլևս բավարար չեն նոր նվաճումների համար, հրաժարվեց այդ արկածախնդրական քայլից և ճանաչեց Մեծ Հայքի թագավորության անկախությունը:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Search
Туры в Армению
FindArmenia.ru
Photos of Armenia
Tourism and tours
in Armenia
Sights
Songs
Words, chords and mp3 of Armenian songs
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Contacts | Tours