Ալեքսանդր Թամանյան

(1878-1936)

ճարտարապետություն. Ալեքսանդր ԹամանյանԱլեքսանդր Հովհաննեսի Թամանյանը ծնվել է 1878թ. մարտի 4-ին Եկատերինոդարում (այժմ` Կրասնոդար): 1904-ին ավարտել է Պետերբուբգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանի ճարտարապետական բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով: Թամանյանի առաշին աշխատանքը Պետերբուրգի հայոց եկեղեցու վերականգնումն է (1904-06): 1907-1913-ին Պետերբուրգում, Ցարսկոյե Սելոյում (ք. Պուշկին), Յարոսլավլի և Օրյոլի նահանգներում կառուցել է շենքեր, ստեղծել վերակառուցումների և ճարտարապետական հարդարման նախագծեր: Նախահեղափոխական շրջանի գործերից առավել ուշագրավ են՝ Կոչուբեյի առանձնատունը Ցարսկոյե Սելոյում (1911-12), Շչերբատովի տունը Մոսկվայում (1911-13, արժանացել է Մոսկվայի քաղաքային դումայի ոսկե մեդալի, 1914), Մոսկվա-Կազան երկաթուղու հիվանդանոցային համալիրը Պրոգորովկայում (այժմ՝ Կրատովո, 1913-17),   որտեղ  օգտագործված են դասական և XVIII-XIX դդ. սկզբի ռուսական ճարտարապետության ձևերը ինքնատիպ մեկնաբանումով և վերամշակումով: Նախագծել է նաև այլ շենքեր, որոնք չեն իրականացվել. այդ թվում՝ Անիի թանգարանը (1908): 1917-ին Թամանյանը եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահը՝ վիցե-պրեզիդենտի իրավունքներով: Արվեստին վերաբերող հայացքների ընդհանրության շնորհիվ նա բարեկամացել է ռուս նշանավոր ճարտարապետներ Ա. Շչուսևի, Ի. Ֆոմինի, Վ. Շչուկոյի, Ի. ժոլտովսկու հետ, որ շարունակվել է հետագայում Թամանյանի՝ Հայաստանում աշխատելու տարիներին: 1919-ին Թամանյանը տեղափոխվել է Երևան, 1921-ին՝ Իրան:

1923-ին հրավիրվել է Հայաստան, ծավալել բեղմնավոր և եռանդուն գործունեություն: Ստեղծագործական աշխատանքին զուգընթաց 1923-ից՝ որպես հանրապետության ժողկոմխորհի գերագույն տեխնիկական բաժնի նախագահ, ապա պետ-պլանի նախագահի տեղակալ, զբաղվել է տարբեր խնդիրներով (շինանյութերի արդյունաբերություն, ճանապարհների շինարարություն, ճահիճների չորացում, մելիորատիվ աշխատանքներ ևն): Թամանյանը եղել է ժողկոմխորհին կից Պատմական հուշարձանների պահպանության կոմիտեի ղեկավարը (1923-ից), Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահը (1923-ից): Նրա ճարտարապետական առաջին աշխատանքը Երևանի գլխավոր հատակագիծն է (150 հագար բնակչի համար, ՀՍՍՀ ժողկոմխորհը հաստատել է 1924-ի ապրիլին): Նոր հատակագիծը սովետական քաղաքաշինության առաջին նշանակալի երևույթներից է: Այն Երևանի հետագա բոլոր գլխավոր հատակագծերի հիմք է և հատկանշում է Թամանյանի քաղաքաշինական գաղափարների կենսունակությունն ու առաջադիմական էությունը: Թամանյանը պարբերաբար անդրադարձել է Երևանի հատակագծին, մշակել, կատարելագործել է այն: 1934-ին սկսել է նախագծել «Մեծ Երևանի» (500 հզ. բնակչի համար) հատակագիծը, որը մնացել է անավարտ: 1925—33-ին նախագծել է Լենինականի, Վաղարշապատի (Էջմիածին), Ստեփանակերտի, Նոր Բայազետի (Կամո), Ախտայի (Հրազդան), Լուկաշինի, Նուբարաշենի (Սովետաշեն) և այլ բնակավայրերի հատակագծերը, որոնցից ոչ բոլորն են իրականացվել:

Ռուսաստանում և Հայաստանում Թամանյանի կառուցած շենքերը, ընդհանուր գծերի հետ մեկտեղ, ունեն սկզբունքային տարբերություններ՝ թելադրված նոր հասարակարգի խնդիրներով, Հայաստանի յուրահատուկ պայմաններով, ճարտարապետական ավանդույթներով: Թամանյանը հատուկ նշանակություն է տվել Հայաստանի բազմազան քարերին, որոնք իրենց հատկություններով, այլ գործոններով հանդերձ, թելադրել են շենքերի կառուցվածքները, ճարտարապետական ձևերն ու հարդարանքը: 1920—1930-ական թթ. ճարտարապետական տարբեր ուղղությունների (ժամանակակից ճարտարապետների ընկերություն, Պրոլետարական ճարտարապետների համամիութենական միավորում) ներկայացուցիչները մերժում էին Թամանյանի ստեղծագործական ուղղությունը, սակայն նա հաստատակամ ու աննահանջ հետևել է իր ստեղծագործական սկզբունքներին:

Երևանում Թամանյանի նախագծերով կառուցվել են տարբեր տիպի շենքեր՝ աստղադիտարանը (1930—35), բժշկական ինստիտուտի անատոմիկումը (1926—33), անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, պոլիտեխնիկական ինստիտուտները (1927—32), Այղր լճի ջրհան կայանը (1925), հանրային գրադարանը (1932—38): Թ., որպես սովետական ճարտարապետության խոշոր վարպետ և հայ նոր ճարտարապետության հիմնադիր, ճանաչվել է այնպիսի գործերով, ինչպես Երևանի գլխավոր հատակագիծը, Երևանի առաջին հիդրոկայանը (1923—26), Հայկական ՍՍՀ Կառավարական տունը (առաջին հերթը՝ Հողժողկոմատ, 1926—29, հետագայում՝ Կառավարական տուն, 1932—41), օպերայի   և   բալետի   թատրոնը   (1926—53):

Հիդրոկայանի շենքը Թամանյանի առաջին այն աշխատանքներից է, որտեղ նա ստեղծագործորել օգտագործել և  զարգացրել է հայ ճարտարապետության ավանդույթները: Հիդրոկայանի շենքը ճարտարապետության ու բնության ներդաշնակ կապի և անսամբլի լավագույն օրինակներից   է: Կառավարական տունը և օպերային թատրոնի շենքը նոր տիպի շինություններ են, նորարարական մի շարք կողմերով: Օպերայի և բալետի թատրոնի շենքի հիմնական առանձնահատկությունը բեմի հակադիր կողմերին երկու դահլիճներ տեղագրելու գաղափարն է, դահլիճների և բեմի տրանսֆորմացիայի հնարավորությունը: Այս շենքերի նախագծերի մի շարք մտահղացումներ կառուցելիս չեն իրականացվել: Կառավարական տունը և օպերային թատրոնի շենքը կանխորոշել և պայմանավորել են Երևանի քաղաքաշինական կարևորագույն հանգույցների լուծումները. առաջինը՝ Լենինի հրապարակի անսամբլի, երկրորդը՝ թատրոնի շրջակա տարածության կառուցապատման: Կառավարական տան համար Թամանյանին ետմահու շնորհվել է ՍՍՀՄ պետական մրցանակ (1942): Օպերայի և բալետի թատրոնի    նախագիծը    Փարիզի    1937-ի  համաշխարհային ցուցահանդեսում շահել է Մեծ ոսկե մեդալ (Grand prix): Ծավալային միասնական մշակումը, արտահայտիչ միջոցներով լուծված ներքին տարածությունները, մոնումենտալ ու գեղեցիկ ճարտարապետական ձևերը, ներդաշնակ և նուրբ համաչափությունները այդ կառույցների բնորոշ արժանիքներն են, որ հատուկ են ճարտարապետության դասական երկերին: Հայ ճարտարապետության ծավալատարածական և արխիտեկտոնիկ առանձնահատկությունները, մանրամասների անկրկնելիության և բազմազանության սկզբունքը, կաոուցվածքի և զարդաքանդակի Փոխադարձ կապի բնորոշ յուրօրինակությունը նոր մեկնաբանություն և որակ են ստացել Թամանյանի կառուցած շենքերում:

Նրա կառույցներում ճարտարապետական ձևերը ճշմարիտ են և օրգանական՝ պայմանավորված հիմնական շինանյութի՝ քարի հատկություններով: Քաղաքի մասերի, հանգույցների և անսամբլների Փոխադարձ կապն ու պայմանավորվածությունը Թամանյանը մշակել է քաղաքաշինության պահանջների իր ընկալումով և սկզբունքներով: Կազմելով Երևանի գլխավոր հատակագիծը, Թամանյանը նախատեսել է քաղաքի հիմնական անսամբլները, դրանց տարածական լուծումները, և նրա նախագծած ամեն մի շենք այդ անսամբլների օրգանական մասն է կազմում: Նրա ստեղծագործության ազդեցությամբ ստեղծվել է ճարտարապետության մի դպրոց, որն իրավամբ կոչվում է Թամանյանական:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ