Միքայել Դավթի Մազմանյանը ծնվել է 1899թ. նոյեմբերի 9-ին Թիֆլիսում:
Նա հայ ճարտարապետ է։ ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1959), ՀՍՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968)։ Պրոլետարական ճարտարապետների համառուսաստանյան միության («ՎՕՊՐԱ») հիմնադիր անդամներից։
1918-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1916-ին եղել է Անիում, Ն. Մառի ցուցումով պատճենահանել Տիգրան Հոնենց եկեղեցու որմնանկարները։ Մասնակցել է Թիֆլիսում կազմակերպված Հայ արվեստագետների միության առաջին (1917) և երկրորդ (1919) ցուցահանդեսներին (Հ. Թումանյան, Մ. Աբեղյան, Գ. Լևոնյան, Շիրվանզադե, Դ. Դեմիրճյան, Ա. Տիգրանյան և այլն շարժերով, «Անիի որմնանկարներից», «՛Նատյուրմորտ», «Բուսաբանական այգում» նկարներով)։
1921-ին Մ. Սարյանի հանձնարարականով ընդունվել է Մոսկվայի Վխուտեմասը, ուսանել նկարչություն և ճարտարապետություն։ Ուսման տարիներին ստեղծել է պլակատների, ծաղրանկարների շարք, նկարազարդել է գրքեր, ձևավորել բեմադրություններ (1924-ին Երևանում Գ՝. Սունդուկյանի անվան թատրոնում Կ. Հալաբյանի հետ ձևավորել է Լունաչարսկու «Կարմիր դիմակ», Դեմիրճյանի «Քաջ Նազար» պիեսները), կատարել ռուսերենից հայերեն թարգմանություններ (Պլեխանովի «Գեղարվեստը և հասարակական կյանքը» գիրքը)։ 1929-ին ավարտել է ինստիտուտը(Վխուտեինը) և աշխատանքի գործուղվել Երևան։ Մազմանյանը Սովետական Հայաստանում տեխնիկական կրթության կազմակերպիչներից Է՝ Երևանի շինարարական ինստիտուտի առաջին դիրեկտորը (1930—35)։ 1954-ից ղեկավարել է Երքաղսովետի գործկոմի ճարտարապետական հատակագծային արվեստանոցը, 1958-ից՝ «Երևաննախագիծ» ինստիտուտի քաղաքաշինական բաժինը։ Նրա նախագծերով Երևանում կառոււցվել են ԵրՀԷԿ-ի բնակելի տունը (1929—30, ճարտարապետներ Կ. Հալաբյանի, Գ. Քոչարի հետ), Կենտրոնական հանրախանութը (1937, ճարտարապետներ Հ. Մարգարյանի, Գ. Քոչարի, Ա. Ահարոնյանի հետ), Կիրովի անվան գործարանի բանավանի բնակելի թաղամասը (1932), Գրքի պալատը (1935—40, ճարտարապետներ Հ. Մարգարյանի, Ս. Ներսիսյանի հետ), Աջափնյակ բնակելի թաղամասը (1955—65) և այլն։
Մազմանյանի գլխավորությամբ կազմվել են Ղափանի (1930), Լենինականի (1932—37), Կիրովականի (1934—37), Նորիլսկի (1939—1954), Դուդինկայի (1949—54), Երևանի (1955—69) և այլն գլխավոր հատակագծերը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։
Վաստակաշատ ճարտարապետը կյանքից հեռացել է Երեւանում 1971թ հոկտեմբերի 29: