Մոմիկ

Մոմիկ Վարդպետը XIII դ. վերջի-XIV դ. 1-ին կեսի հայ մանրանկարիչ է, քանդակագործ, ճարտարապետ։ Գլաձորի մանրանկարչության դպրոցի նշանավոր ներկայացուցիչ։ Ստեղծագործել է Վայոց ձորում, Օրբելյան իշխանական տան տիրույթներում (հովանավորն է եղել Սյունիքի միտրոպոլիտ, նշանավոր պատմիչ Ստեփանոս Օրբելյանը), վաղ շրջանում՝ հավանաբար նաև Կիլիկիայում։ Մոմիկի մանրանկարներից մեզ են հասել երեք վավերական և մեկ անստորագիր ձեռագիր։ Մեկը գտնվում է Վիեննայի Մխիթարյանների գրապահոցում, երեք Ավետարանները՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Մոմիկը առաջին անգամ որպես ծաղկող հիշատակվում է Կիլիկիայամ Կեռան թագուհու պատվերով ստեղծված 1283—84-ի Ավետարանում։ Եղել է Վայոց ձորի Թանատ-Գլաձորի վանքի գրչատան ղեկավարներից։ Մոմիկի արվեստին բնորոշ է հոգեբանական խորությունը, կատարման վարպետությունը։ 1292-ի Ավետարանում նա հանդես է բերել ընդգծված կոթողային մտածողություն։ Կանխամտածված խախտելով ճարտարապետական ֆոնի և ֆիգուրների համեմատական մասշտաբները, առավել արտահայտչականաթյամբ է օժտել պատկերները, ընդգծել ծավալայնությունը։ Ստեփանոս Օրբելյանի պատվերով ստեղծված 1302—04-ի Ավետարանում ակնառու է ձևերի մանրամասն դրվագավորումը, ֆիգուրների նրբին մշակումը։ Նկարաթերթի Փոքր չափերը (ձեռագրի չափերն են՝ 12X8,7 սմ) կարծես չեն մտահոգել նկարչին, ընդհակառակը՝ առաջադրել են կերպավորման նոր խնդիրներ. «Համբարձում» պատկերում փոքրիկ էջի վրա տեղավորված են 17 ֆիգուր, արտահայտիչ դեմքերով, էքսպրեսով, երբեմն նույնիսկ արտակարգ դինամիկ։ Մնալով պատկերագրական տիպերի թելադրած պարտադիր սխեմաների սահմաններում՝ Մոմիկը ֆիգուրների տեղադրման, նրանց շարժումների հարցերում հանդես է բերել ագատ մոտեցում։ Մոմիկի արվեստի պատկերագրությունը իր արմատներով հարում է վաղ քրիստոնեական տիպերին, դրանով իսկ հանդիսանալով հայկական հնամենի ավանդույթների կրողը XIII դ. վերջի–XIV դ. սկզբի մանրանկարչության մեջ։ Միաժամանակ նրան օտար չէին ժամանակակից առաջավոր պալեոլոգյան արվեստի սկզբունքները, ըստ երևույթին, միջնորդավորված կիլիկյան մանրանկարչությամբ։

1305–06-ին Մոմիկը Նորավանքում  կերտել է Ստեփանոս Օրբելյանի հիշատակը հավերժացնող խաչքար, իսկ 1308-ին մեկ այլ խաչքար՝ Թամթա խաթունի հանձնարարությամբ։ Մեծ վարպետությամբ կերտված այդ խաչքարը (այժմ գտնվում է Էջմիածնում) աչքի է ընկնում իր ներդաշնակ համաչափություններով ու զարդաձևերի նրբագեղ, երկպլանային կերտվածքով։ Խաչքարի վերին մասը գրավող «Դեիսուս» կոմպոզիցիան ներկայացնող կերպարները արտակարգ գեղանի Են, ունեն խիստ ուժեղ ելուստ և կարծես նախորդում են տարիներ հետո Նորավանքում կերտված քանդակներին։ Այս շրջանում է, որ նրա աչքերը հիվանդացել են, ու թեև մի ձեռագրի հիշատակարանում նա գրել է, որ «սակաւ ամաց» աչքերը լավացել են, սակայն Փաստ է, որ Մոմիկը այլևս չի վերադարձել մանրանկարչությանը, ամբողջովին կլանվելով քանդակով և ճարտարապետությամբ։ Նրա ճարտարապետական առաջին վավերական գործը վերասլաց համաչափություններով, դարչնագույն տուֆից կերտված Արենիի կենտրոնագմբեթ եկեղեցին է (1321)։ Այստեղ Մոմիկը հրաժարվել է արմատական ավանդատներից՝ գմբեթակիր կամարները հենելով մույթերին։ Եկեղեցու ներսակողմում, առագաստների վրա քանդակված են ավետարանիչների խորհրդանշանները, իսկ արևմտյան մուտքի ճակատակալ քարի շքեղ, ծաղկահյուս ֆոնի վրա՝ Աստվածամայրը՝ մանուկ Հիսուսը գրկին։ Հուշարձանի արտաքին ճակատների սլացիկ, հարթային մշակմանը համահնչուն է  Աստվածամոր պատկերաքանդակի նույնպիսի հարթային մշակումը, մինչդեռ ավետարանիչների խորհրդանշանների քանդակները, հատկապես նրբորեն մշակված հրեշտակի պատկերաքանդակը, ունեն առավել ցայտուն ռելիեֆ։ Այս պատկերաքանդակներում որոշակի է աղերսը հայկական մանրանկարչությանը բնորոշ ընդհանրացված ձևերի հետ։ 1321-ի երկրաշարժից հետո վերակառուցվել է Օրբելյանների տոհմային հոգևոր կենտրոնի՝ Նորավանքի զավթի ստալակտիտավոր գմբեթը, արևմտյան պատը, ավելացվել է նոր շքամուտք և դռան ու լուսամուտի ճակատակալ քարերի վրա քանդակվել են Աստվածամայրը՝ մանուկ Հիսուսը գրկին և Հայր Աստվածը՝ ձեռքին Ադամի գլուխը։ Որոշակի հիմքեր կան այս ամենը վերագրելու Մոմիկին։ Այստեղ արվեստագետը խուսափել է կանոնիկ հանրահայտ սյուժեներից, մի մոտեցում, որ առկա է նրա ինչպես մանրանկարչական, այնպես էլ քանդակագործական և ճարտարապետական աշխատանքներում։ Օրբելյան Բուրթել իշխանը Մոմիկին է հանձնարարել Նորավանքում երկհարկ դամբարան եկեղեցու կառուցումը։ Թեև չեն պահպանվել նրա հեղինակությունը հաստատող վկայություններ, սակայն հուշարձանի ձևերի վերլուծությունը տարակույս չի թողնում այս հարցում։ ճիշտ է, հուշարձանը ավարտվել է 1339-ին (Մոմիկը մահացել է 1333-ին), սակայն դա պետք է բացատրել ճոխ, արտակարգ հարուստ հարդարանքը իրականացնելու համար անհրաժեշտ ժամանակով։ Պատահական չէ նաև, որ ըստ պահպանված ավանդության, հատկապես Մոմիկին է վերագրվում այս հոյակերտ կառույցի շինարարությունը։ Նորավանքի այս եկեղեցին ճարտարապետի վերջին գործը եղավ։ Այն առանձնանում է կառուցողական արտակարգ միասնականությամբ, ծավալային ձևերի ու առանձին համամասնությունների մշակման ասպարեզում ակնհայտորեն զգացվում է մեծ վարպետի հմուտ ձեռքը։

Մոմիկի գործունեության մեջ զարմանալի կերպով միահյուսվել են ավանդականությունն ու վառ անհատականությունը, և ինչպես ամեն մի մեծ վարպետ, նա չի սահմանափակվել մի ժանրի սահմաններում։ Նա ստեղծել էր իր ինքնատիպ գեղարվեստական դպրոցը, որտեղ սերտ համագործակցության մեջ աշխատում էին բազմաթիվ տաղանդավոր վարպետներ՝ մանրանկարիչներ, քանդակագործներ և ճարտարապետներ, և այդ դպրոցի շրջանակներում է, որ ստեղծվել են Վայոց ձորի XIV դ. 1-ին կեսի բազմաթիվ հոյակերտ հուշարձաններ։ Մոմիկը մահացել է Նորավանքում, ուր նրա հիշատակին խաչքար է կանգնեցված։


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ