Ստեղծագործող, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ Էղ.Միրզոյանի անվան հետ է կապված խորհրդահայ երաժշտության ամենահետաքրքիր և առանցքային էջերից մեկը: Նրա լավագույն գործերը ազգայինի ու արդիականի սինթեզի բարձր չափանիշ կարող են ծառայել:
Հայ երաժշտական մանկավարժության փայլուն ներկայացուցիչներից մեկի՝ Էդ.Միրզոյանի դաստիարակած երաժիշտներից շատերը լայն ճանաչման արժանացած ստեղծագործողներ են:
Բացառիկ, իր տեսակի մեջ եզակի է Միրզոյանի երաժշտական-հասարակական գործունեությունը: Լայն ընդգրկումով, բազմապիսի դրսևորումներով նրա արտակարգ եռանդով և խիզախումով առաջ քաշված ու լուծված հիմնախնդիրներն ու հարցերը հայ երաժշտության մի ինքնատիպ էջն են կազմում:
Կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ Միքայել Միրզոյանի որդին, մանկության տարիներին՛ ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, ուր ապրել է իր գեղարվեստական ձևավորմանը մեծապես նպաստող միջավայրում: Խորհրդահայ մշակույթի սկզբնավորման եռանդուն մասնակից Միք.Միրզոյանի տանը հաճախակի հյուրընկալվում էին քաղաքի մտավորականության ներկայացուցիչներ, առաջին հերթին՝ երաժիշտներ: Ընտանիքի ողջ կենցաղը հետաքրքրությունների ուղղվածությամբ կանխորոշում էր երաժշտական առումով օժտված տղայի ապագան: Կոնսերվատորիային կից օժտված մանուկների խմբի, այնուհետև Ալ.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սանն առաջադիմում է դաշնամուրային դասարանում (Ա.Մնացականյան, Օ.Բաբասյան): 12 տարեկան հասակում գրած Քայլերգը դաշնամուրի համար նոր իմաստ հաղորդեց նրա ուսման հետագա ընթացքին:
1936 թվից նա սովորում է Երևանի կոնսերվատորիայի՝ Վ.Տալյանի ղեկավարած ստեղծագործական դասարանում: Կոմպոզիտոր Վ.Տալյանը լոկ հմուտ մանկավարժ չէր: Իրեն հատուկ հայրական հոգատարությամբ նա ապրում էր իր ուսանողների բազմատեսակ հետաքրքրություններով, խորապես մտահոգված 1 էր իր սաների անհատականության անկրկնելիության ու բնատուր կարողությունների առավելագույն բացահայտմամբ: Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին հատկապես Է.Միրզոյանի ու Ալ.Հարությունյանի կյանքում մեծ և բարերար էր ականավոր երաժիշտ, դիրիժոր, հիանալի մանկավարժ, կոնսերվատորիայի տնօրեն Կ.Սարաջևի դերը: Բարձր մտավոր կարողությունների տեր արվեստագետի խորհուրդները խթանում էին երիտասարդների գիտելիքների հարստացման և ստեղծագործական որոնումների ընթացքը: Երաժշտի հասունացման ամենապատասխանատու հատվածներից մեկը կապված էր Մոսկվայի հայկական կուլտուրայի տան ստուդիայի հետ: Հ.Լիտինսկու, Ն.Պեյկոյի, Ն.Ռակովի, Վ.Ցուկերմանի ղեկավարությամբ պարապմունքները օգնեցին լրացնել տեսական ու գործնական գիտելիքների պակասը, իմաստավորել ստեղծագործական մղումները, դրանց հեռանկարային բնույթ հաղորդել:
Մոսկվայում ավարտված Թեմա վարիացիաներով լարային կվարտետի համար գործն՝ իր գեղարվեստական արժանիքներով լոկ Միրգոյանի ստեղծագործական կենսագրության փաստը չէր: Կերպարային աշխարհի ազգային վառ նկարագիրը, ժողովրդական ու պրոֆեսիոնալ երաժշտության ավանդույթների խոր ու հմուտ իմաստավորումը, համարձակ, բայց դասական ավարտունության հասցրած գրելաոճը խորհրդանշում են այդ տարիների խորհրդահայ կամերային-գործիքային երաժշտության համար անսովոր նորարարական բնույթ:
Գեղարվեստական հասուն հայեցակետ ունեցող Թեման վարիացիաներով մարմնավորում էր գործիքային երաժշտության հանդեպ հետաքրքրության ալիքի սկիզբը, ինչը, ցավոք, կասեցվեց և, բացառությամբ եզակի ուշագրավ գործերի, նոր թափ ստացավ մեկ տասնամյակ անց:
Մոսկվայում ուսման ավարտին հետևեց գործունեության նոր, հարուստ և ուշագրավ ոլորտ: Երիտասարդական եռանդով ու ոգևորությամբ կոմպոզիտորն սկսեց իր մանկավարժական գործունեությունը Երևանի կոնսերվատորիայում՝ ստանձնելով ստեղծագործական դասարանի ղեկավարությունը: Գործունեության այդ բնագավառի արդյունավետությունը նկատելի դարձավ առաջին իսկ տարիներին: Ժամանակի ընթացքում բազմապատկվեցին մանկավարժական հմտությունը, գնահատելի զգայունությունը ոչ միայն ուսանողի անհատականության, այլև ժամանակի գեղարվեստական նոր մղումների հանդեպ: Ստեղծագործական ու մանկավարժական աշխատանքին զուգահեռ աշխուժացավ Էդ.Միրգոյանի գործունեությունը Հայաստանի կոմպոզիտորների միությունում, ուր շուտով դրսևորվեց նրա հզոր հասարակական եռանդը: Սկզբում ընտրվում է կոմպոզիտորների կազմակերպության քարտուղար, այնուհետև՝ վարչության նախագահ (1956-1991):
50-ական թվականների երկրորդ կեսը մշակույթի վերելքի սկիզբը հանդիսացավ: Արվեստի զարգացման համար համեմատաբար բարենպաստ այդ տարիներին գեղարվեստական նոր նվաճումներ ունեցան նաև կոմպոզիտորները, նրանց թվում՝ և Միրզոյանը: Կոմպոզիտորի համար առանցքային նշանակություն ստացավ աշխատանքը Սիմֆոնիա ստեղծելու ուղղությամբ: Նրա մտահղացումը թելադրում էր ոչ միայն բարդ ժանրի հետ կապված դժվարությունների հաղթահարում, այլև սիմֆոնիայի ողջ հայեցակետի համապատասխանեցում գեղարվեստական իդեալներին:
Սիմֆոնիայի գաղափարական բովանդակության ընդհանրական բնույթն ի մի է գափս հակադիր ուժերի դրամատիկ բախումից, սուր, լարված պայքարի հագեցած ընթացքից, փիլիսոփայական մտորումներից, ոգեշունչ քնարականությունից, ավարտամասի տրամաբանված լավատեսական եզրահանգումից: Սիմֆոնիան քառամաս դասական ձևով է գրված:
Երաժշտության ողջ ընթացքի հետ զարմանալի ներդաշնակությամբ են մերվում բազմաշերտ սիմֆոնիային հատուկ գրոտեսկայինի ու պարայնության տարրերը: Ազգայինի հետ ընդհանրականի գոյակցումն ընդգծում է ստեղծագործության ինքնատիպ ոճը: Սիմֆոնիայի ազգային բնույթի անաղարտության վկայությունը ոչ միայն մեջ բերված ժողովրդական թեմաներն են՝ «Ես քեզ տեսա» (1-ին մաս), «Քեռին եկավ մեր բակը» (2-րդ մաս), «Համեստ աղջիկ» (3-րդ մաս), այլև ժողովրդական երաժշտության ավանդույթների միջնորդավորված ընթացքը. դրանք բնականորեն միահյուսվում են անհատական գրելաոճին:
Սիմֆոնիան հեղինակի հասունության բարձրակետն է, գեղարվեստական ինքնատիպ մտածողության հաղթանակը, փայլուն վարպետության արգասիքը:
Դասական ավանդույթներին Միրզոյանի հավատարմության ֆոնի վրա հատկապես տպավորիչ ու ազդեցիկ դարձավ նորարարական հզոր շունչը, որն ապահովեց ստեղծագործության գեղարվեստական կատարելությունը:
Ինչպես Միրզոյանի Լարային կվար՛տետը բեկումնային նշանակություն ունեցավ ազգային կամերային-գործիքային երաժշտության համար, այդպես էլ Սիմֆոնիան խորհրդանշեց հայկական սիմֆոնիայի զարգացման նոր փուլը, ազգային սիմֆոնիկ մտածողության գեղարվեստական կատարելությունը: Միրզոյանի Սիմֆոնիան ճանաչվեց որպես ոչ միայն խորհրդային սիմֆոնիզմի, այլև Դ.Շոստակովիչի գնահատմամբ խորհրդային ողջ մշակույթի նվաճում: Անցած գրեթե չորս տասնամյակները, որոնց ընթացքում Սիմֆոնիան բազմիցս հնչեց աշխարհի տարբեր երկրներում, հաստատեց գործի բարձր գնահատականի արդարացիությունը:
Էդ.Միրզոյանի բնատուր ձիրքը, ստեղծագործական անհատականության ձևավորման բարենպաստ միջավայրն ապահովեցին մտածողության անբռնազբոս դրսևորումը՝ ոճի ինքնատիպ նկարագիրը:
Գեղարվեստական հասունությունն ու ներհայեցողականը գումարվելով՝ խիստ մոտեցում էին թելադրում սեփական ստեղծագործության հանդեպ, ինչն, ապահովելով երկերի գեղարվեստական բարձր մակարդակը, երբեմն կասեցնում էր ստեղծագործական աշխատանքի համաչափ ընթացքը:
Էդ.Միրզոյանի երաժշտության տարերքին խորթ են դեկորատիվությունը, ընդգծված պատկերայնությունը: Իրականության արտացոլման նրա ելակետը մշտապես եղել է հոգեբանական երանգներ ունեցող դրամատիկական-քնարականը:
Կոմպոզիտորի գեղարվեստական երևակայությունը սնող, նրա սկզբունքները կազմակերպող ակունքները՝ ժողովրդական, կոմիտասյան ու խաչատրյանական արվեստը, հնազանդվում են նրա ստեղծագործական կամքին, էքսպրեսիվ գրելաձևին, ազգայինի ու ընդհանրականի այն կոտ ձուլվածքին, որն ընկալվում է որպես ոչ միայն միրզոյանական ոճի դրսևորում:
Դարաշրջանի առողջ ու գեղեցիկ մղումների հանդեպ զգայուն, ողջախոհ, իր մարդկային էությամբ բազմակողմանի Միրզոյանն իր լավագույն գործերում մարմնավորում է ազգայինի մեջ մտավորի ու հուզականի ներդաշնակ միասնությունը: Ազգայինը Միրզոյանի համար կենդանի կապն է իր ժողովրդի ճակատագրի, կենսական փորձի, խառնվածքի ինքնատիպ նկարագրի հետ:
Ազգայինի անխափան զարգացումը դիսոնանտային համահնչյուներով հագեցած պոլիտոնալության, պոլիռիթմիկայի կիրառման պայմաններում թելադրում էր հստակ կազմակերպված, դրամատուրգիական տեսակետից կուռ կառույցի ստեղծում:
Սիմֆոնիկ երկերի կողքին էդ.Միրգոյանը ստեղծել է գործիքային գործեր: Թե այս, թե այն ստեղծագործությունները 60-80-ական թվականների ազգային երաժշտության նվաճումներից են:
Կոմպոզիտորի հասուն և կատարյալ նվագարանային գրելաոճի վառ դրսևորումներից են տարբեր դրդապատճառներով գրված «Ինտրոդուկցիան» և «Պերպետում մոբիլեն» ջութակի՝ ու նվագախմբի համար (1957), Սոնատ թավջութակի ու դաշնամուրի համար (1967), Դաշնամուրային պոեմը (1970), «Ալբոմ թոռնիկիսը» դաշնամուրի համար: Գործեր, որոնք տարբեր հոգեվիճակ, սլացք, մաքառում և կամայնություն արտահայտելով, մշտապես մնում են իրենց ազգային նկարագրով վառ, գրելաոճով՝ ժամանակակից:
էդ.Միրզոյանի Թավջութակի ու Դաշնամուրի սոնատը (1967) 60-ական թվականների գործիքային երաժշտության ուշագրավ նմուշներից է: Շարադրանքի խտացած, դինամիկ ընթացքը արդիական շունչ է հաղորդում ազգային «բաոապաշարին»:
Սակավաթիվ դաշնամուրային պիեսներում՝ Պոեմում, ինչպես և «Թոռնիկի համար գրած ալբոմի» յոթ պիեսներում, հեղինակը հավատարիմ է մնում բանաստեղծական ազնիվ, ճկուն, նրբակերտ կերպարներին:
է.Միրզոյանի ստեղծագործությունների շարքում վոկալ գործերը քանակական առումով երկրորդական տեղ են գրավում: Վոկալ գործերի գեղարվեստական կենսունակության վկայությունն են դեռևս 30-ականների վերջին գրված «Ասում են, թե» և «Երազ» (խոսք՝ Ավ.Իսահակյանի) ռոմանսները:
Հետաքրքիր ու գեղարվեստական տեսակետից արժեքավոր էջ է կոմպոզիտորի երաժշտությունը կինոնկարների համար: Լայն ճանաչում և ինքնուրույն կյանքի իրավունք ստացավ հատկապես «Քաոս» ֆիլմի համար գրած երաժշտությունը, որտեղ, պատկերայնության կողքին, իշխողը այնուհանդերձ, դրամատիկականն ու քնարականն են:
Էդ.Միրզոյանն ավելի քան չորս տասնամյակ ղեկավարում է Երևանի կոսներվատորիայի ստեղծագործական դասարանը: էդ.Միրզոյանը շրջանավարտներին հատուկ ոճերի պոլիֆոնիան, պրոֆեսիոնալ լուրջ պատրաստվածությունը, հավատարմությունը ազգայինի (երբեմն դրա բացահայտման բևեռային տարբերությամբ հանդերձ վկայում էին երիտասարդ անհատականության ձևավորման, հասունացման ուղիների մշակմանը հետևողական ուշադրություն հատկացնելու մասին:
Մեծ, պրոֆեսիոնալ տեսակետից լիարժեք ու բազմակողմանի է Էդ.Միրզոյանի ստեղծագործական դասարանի սաների՝ Մ.Ջրբաշյանի, Ջ.Տեր-Թադևոսյանի, Կ.Օրբելյանի, Խ.Ավետիսյանի, Ա.Տերտերյանի, Մ.Վարդազարյանի, Ռ.Ամիրխանյանի, Լ.Չաուշյանի, Հ.Մանվելյանի, Վ.Գրիգորյանի, Հ.Մելիքյանի, Ա.Սմբատյանի, այլոց վաստակը ազգային արվեստի զարգացման գործում:
Անմիջական մանկավարժական գործունեությամբ չեն սպառվում Էդ.Միրզոյանի և երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործական փոխհարաբերությունները: Հատկապես 60-ական թվականների երկրորդ կեսից, երբ հայ կոմպոզիտորական կազմակերպության երիտասարդ ներկայացուցիչները ձգտում էին հաղորդակից լինել ժամանակակից, երաժշտության նոր ուղղություններին, նոր գրելաոճին (հանգամանք, որ տեղիք Էր տափս հակադիր կարծիքների բախման) Էդ.Միրզոյանը համարում էր, որ երիտասարդները փորձարարության իրավունք ունեն: Նման դիրքորոշումը, անկախ բազմաթիվ գործերի՝ լոկ փորձարարության շրջանակներում մնալուց, այնուհանդերձ, առաջադիմական նշանակություն ունեցավ:
Ընդգրկուն են Էդ.Միրզոյանի հասարակական գործունեության մասշտաբները: Որպես հասարակական գործիչ նա օժտված է մարդկանց հետ շփվելու բարձր բարեկրթությամբ: Նա ունի մարդկանց օգնություն ցուցաբերելու արժեքավոր ունակություն: Հասարակական գործունեության ամեն մի ոլորտում Է.Միրզոյանը հետևողական է ժամանակի բնորոշ սոցիալական ակտիվությամբ, արդարության բարձր դիրքերից է ձգտում հասնել նպատակին:
Ամենօրյա լարված հասարակական աշխատանքը, բազմաբնույթ հարցերի լուծման անհրաժեշտությունը, ազգային երաժշտական, մշակույթի զարգացմանը նպաստելով, որոշ չափով արգելակել են նրա համակարգված ստեղծագործական գործունեությանը: Այդուհանդերձ, Էդ.Միրզոյանի լավագույն սիմֆոնիկ, կամերային-գործիքային գործերը, որոնց շարքը լրացրեց կամերային նվագախմբի համար գրված և Արամ Խաչատրյանի հիշատակին նվիրված Ադաջիոն (էպիտաֆիա-դամբանագիր), մարմնավորելով արդի հայկական ազգային մշակույթի բարձրագույն դրսևորումները՝ մեծ ճանաչում են գտել և բարձր գնահատվել մեզանում և աշխարհի տարբեր երկրներում: