Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը - գետ գիշերվա,
Եվ հակինթներ՝ ականջին:
Աչքերը սև - արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.֊
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի...