Տավուշի մարզը միակն է, որ սահմանակից է թե´ Վրաստանին, թե´ Ադրբեջանին:
Նախկինում Տավուշի մարզի մեծ մասը մտել է Մեծ Հայքի Գուգարք և Ուտիք նահանգների մեջ: Ուտիքի մեջ է մտել մարզի տարածքի հյուսիսարևելյան` ավելի փոքր մասը (դա համընկել է Ուտիքի Տավուշ գավառի հետ, որի անունն էլ վերցրել է ներկայիս մարզը):
Բնական պայմանները և հարստությունները
Տավուշի մարզում բավական խիտ է գետային ցանցը: ամենամեծ գետն Աղստևն է, որի աչքի ընկնող վտակներն են Գետիկը, Ոսկեպարը, Սառնաջուրը: Միափորի լեռներից սկսվում և գեղատեսիլ հովիտներով դեպի Կուր գետն են հոսում մի քանի գետակներ (Հախում, Տավուշ, Խնձորուտ):
Շատ են մանր լճերը: Հայտնի է Պարզ լիճը, որին բնությունը շնորհել է զարմանալի գեղեցկություն: Լիճը գտնվում է Դիլիջան քաղաքից ոչ հեռու, օղակված խիտ անտառով, ունի մաքուր, վճիտ ջուր, որի հայելում արտացոլվում են երկնքի լազուրն ու շրջակա անտառը:
Տավուշը Հայաստանի ամենաանտառաշատ մարզն է, տարածքի համարյա կեսը անտառապատ է: Տավուշի անտառային շրջանը հիասքանչ տեսք է ընդունում հատկապես աշնանը, երբ դարավոր անտառը նմանվում է լեռնալանջերին սփռված բազմերանգ գորգի:
Աղստև գետի ավազանում գտնվում է Դիլիջանի արգելոցը: Այն կազմակերպվել է բուսական ու կենդանական աշխարհի պահպանման և տեղական պայմաններում նոր տեսակների բուծման նպատակով:
Բնակչությունը
Հնագիտական ուսումնասիրություններով ապացուցվում է, որ Տավուշի մարզը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարից սկսած: Բնակչությունը մեծագույն կորուստ է կրել սելջուկյան թուրքերի և թաթար մոնղոլական արշավանքների ժամանակ: Տասնյակ հազարավոր մարդիկ կոտորվել կամ գերեվարվել են: Ամբողջ շրջաններ ամայացել են:
Բնակչության որոշ ներգաղթ նկատվել է 18-րդ դարի սկզբին, երբ Ղարաբաղի առանձին գավառներից զգալի թվով հայեր վերաբնակվել են մարզի ստորին գոտու գյուղերում:
Քաղաքները
Տավուշի մարզի ամենախոշոր քաղաքը Դիլիջանն է: Ի սկզբանե Դիլիջանը զարգացել է որպես առողջարանային վայր, որտեղ Անդրկովկասի քաղաքներից եկող հարուստ ընտանիքներն անցկացրել են իրենց ամառային հանգիստը: Անցած դարասկզբին հայտնվել են առաջին մասնագիտական հիվանդանոցներն ու սանատորիաները: Ավելի ուշ կառուցվել են նաև արդյունաբերական ձեռնարկություններ («Իմպուլս» սարքաշինական գործարանը), կրթական ու մշակութային հաստատություններ: Այժմ Դիլիջանը հայտնի է որպես լեռնակլիմայական առողջարան: Նա միաժամանակ կարևոր արդյունաբերական կենտրոն է: Հավանական է, որ մոտակա տարիներում Դիլիջանը դառնա նաև բանկերի կենտրոնացման քաղաք:
Տավուշի երկրորդ քաղաքը մարզկենտրոն Իջևանն է: Իջևանը որպես բնակավայր համեմատաբար երիտասարդ է: Այն հիմնադրվել է 18-րդ դարի վերջերին հանքային աղբյուրի մոտ և ստացել է Քարվանսարա անունը (վերանվանվել է Իջևան 1920թ., քաղաք է դարձել ավելի ուշ): Ներկայումս Իջևանը աչքի ընկնող արդյունաբերական ու մշակութային կենտրոն է: Հայտնի են խոշոր գորգագործական ֆաբրիկան ու փայտամշակման կոմբինատը, կան մեքենաշինական, թեթև ու սննդի արդյունաբերության ձեռնարկություններ: Գործում է Երևանի պետական համալսարանի մասնաճյուղը:
Տավուշի մարզի մյուս քաղաքներն են Նոյեմբերյանը և Բերդը: