Ինքնատիպ տաղանդի ու բարձր ինտելեկտի տեր երաժիշտ Ղազարոս Սարյանի կյանքի ուղին հետաքրքիր է ու հագեցած: Նրա գեղարվեստական անհատականության ձևավորումը տեղի է ունեցել իրենց բնույթով շատ տարբեր շրջաններում: Ինչպես իր հայրը՝ Ղ.Սարյանը նույնպես ծնվել է Դոնի Ռոստովում: Վաղ մանկության տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան: Ապագա երաժշտի մանկության և պատանեկության տարիներն անցել են մեր դարի խոշորագույն արվեստագետներից մեկի՝ Մարտիրոս Սարյանի ընտանիքի՝ բազմապիսի հետաքրքրություններին նպաստող հագեցած մթնոլորտում:
Բարեկրթությունը, գեղարվեստական բարձր ճաշակը, լայն մտահորիզոնը հայրենի տան այն անգնահատելի ձեռքբերումներն են, որոնք ապահովում էին արվեստագետի, գործչի դրսևորումները՝ ստեղծագործական, մանկավարժական, հասարակական: Հատկապես իր մոր՝ բանիմաց երաժշտասեր Լուսիկ Սարյան-Աղայանի ազդեցության շնորհիվ, դաշնամուրի դասերին (Ե.Խոսրովյան) հետևեցին պարապմունքները (1934-1938) Ս.Բարխուդարյանի և Վ.Տալյանի ստեղծագործական դասարաններում: Կարճատև, բայց օգտակար էր ուսումը Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում Վ.Շեբալինի ղեկավարած ստեղծագործական դասարանում: Հատկապես այստեղ դրվեց նրա տեսական լուրջ գիտելիքների հիմքը:
Սկսելով իր ծառայությունը բանակում դեռևս խաղաղ կյանքի պայմաններում (1939), Ղ.Սարյանն իր վրա կրեց ֆաշիստական հարձակման փորձությունները պատերազմի առաջին իսկ օրերին, Լվովի մոտակայքում: Գործող բանակի շարքերում նա անցավ Հայրենական մեծ պատերազմի ճանապարհներով, սկզբում՝ դեպի Արևելք, իսկ այնուհետև՝ հաղթական մարտերով դեպի Արևմուտք՝ մասնակցելով Եվրոպայի մի շարք երկրների ազատագրությանը: Պատերազմի դժվարին տարիների մեծագույն փորձությունները կոփեցին նրան՝ ապահովելով ներքին կամայնությունը, մարդկանց հետ փոխհարաբերությունների մեջ մանրունքներն անտեսելը, սկզբունքային հարցերին առաջնային նշանակություն տալը:
Ծանր ու դժվարին մարտերն ի վիճակի չեղան մոռացնել տալ երաժշտությունը: Սարյանի գրած երգերը հաճույքով էին երգում զինվորները, ձայնակցում էր գրեթե ամբողջ գունդը: նրա ղեկավարած ինքնագործ անսամբլի ելույթներն ընդունվում էին ջերմությամբ:
Պատերազմի հաղթական ավարտը հնարավորություն տվեց շարունակել ընդհատված ուսումը: Այդ շրջանը առանձնակի կարևորություն ունեցավ երաժշտի ձևավորման և հասունացման համար: Հայրենականի բարդ ու ծանր ճանապարհին ձեռք բերած կենսափորձը խորացրեց Մոսկվայի կոնսերվատորիայում ուսանելու անհրաժեշտությունը:
Մոսկվայի կոնսերվատորիայում Ղ.Սարյանին բախտ վիճակվեց ուսանել (1945-1950) Դմ.Կաբալևսկու, Դմ.Շոստակովիչի և Ան.Ալեքսանդրովի ղեկավարած ստեղծագործական դասարաններում: Իր գեղարվեստական անհատականությամբ, ստեղծագործական ուղղվածությամբ ամենատարբեր երաժիշտների հետ շփումը մեծ ու բարերար ազդեցություն ունեցավ:
Սարյանի ստեղծագործական սկզբունքների կազմավորման համար բացառիկ արժեքավոր Էին Դմ.Շոստակովիչի դասերը, թեև՝ ոչ տևական: Անմիջական շփումով չէր սահմանափակվում մեծ երաժշտի ներգործությունը: Ուսանելի էին նրա գեղարվեստական դիրքորոշումը, արվեստի և իրականության ինքնատիպ ընկալումն ու ստեղծագործաբար արտացոլելը:
Արվեստում իր ուրույն ուղիները որոնող երաժշտի համար, անկասկած, բարերար էր (թեև՝ հակասություններից ոչ զերծ) Մոսկվայի հոգևոր կյանքի ողջ մթնոլորտը:
Երաժշտի հասունության շրջանն սկսվեց Սիմֆոնիկ պոեմով (1950), որը նա ներկայացրեց որպես դիպլոմային աշխատանք: Հայրենական պատերազմում տարած հաղթանակի ոգով տոգորված սիմֆոնիկ կտավում ի հայտ եկան հեղինակի սեղմ ու ամփոփ արտահայտվելու կարողությունը, ազնիվ ու բարձր ճաշակը, որոնք նրա ինքնատիպ գրելաոճի հատկանիշները դարձան: Երևանում, ուր տեղափոխվեց Ղ.Սարյանը ուսումն ավարտելուց հետո, ստեղծվեցին առավել նշանակալից գործեր, ծավալվեց նրա երաժշտական-հասարակական, մանկավարժական գործունեությունը:
Հայաստանի Կոմպոզիտորական կազմակերպության նախագահ (1954-1957), այնուհետև շուրջ քառորդ դար (1960-1986) Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր Ղ.Սարյանն երիտասարդ երաժիշտների մասնագիտական առաջխաղացմանը զուգահեռ հոգ է տարել նրանց բարեկրթության, տեսադաշտի ընդլայնման մասին: Որդեգրելով Կ.Ս.Սարաջևի ավանդույթները՝ նա մտահոգվել է ուսանողի գիտակցության, բնատուր տվյալների զարգացման, նրա շուրջը ստեղծարար, գործունյա մթնոլորտ ստեղծելու մասին:
Լարված երաժշտական-հասարակական գործունեությանը զուգընթաց Ղ.Սարյանն ստեղծում էր՝ երբեմն՝ մեծ ընդմիջումներով, նոր գործեր:
1954-ին կոմպոզիտորը կատարման է ներկայացնում «Խաղաղության օրը» վոկալ-սիմֆոնիկ շարքը (Հ.Ղուկասյանի խոսքերով): Շարքի երեք մասը («Առավոտ», «Բերքի տոն», «Հանուն խաղաղության») բնույթով հակադիր, սեղմ ու ամփոփ պատկերայնության, պարզ ու ազնիվ գրելաոճի նմուշներ են: Մեկ տարի անց կոմպոզիտորն ավարտում է «Սիմֆոնիկ պատկերները» («Նախերգ», «Տոնական», «Լուսաբաց», «Խնջույքի երգ», «Կատակային», «Վերջերգ», «Հրդեհ»): Հնարամիտ ու գունեղ գործիքավորմամբ այս ստեղծագործությունը 50-ական թվականների ազգային սիմֆոնիկ երաժշտության մեջ նվագախմբի տիրապետման եզակի նմուշների թվին է պատկանում: Շարքի միասնականությունն ապահովում է լեյտթեմայի նշանակություն ստացած ժողովրդական «Նուբար-Նուբար» երգը:
Առաջին իսկ խոշոր կտավից սկսած, իսկ այն ստեղծել էր իր հայրենիքից 12 տարի բացակայած երաժիշտը, Սարյանի երաժշտությունը ժողովրդական մեղեդիների անմիջական առկայությամբ թե բացակայությամբ ազգային էր՝ իր ուղղվածությամբ, ողջ էությամբ:
Հայկական ժողովրդական երաժշտության կենդանի հնչողության մեջ կոմպոզիտորը նկատեց իր խառնվածքին, իր գեղարվեստական հոգեբանությանը մոտ հնչյունային տրամաբանություն, մեղեդային ոլորտ:
Մարտիրոս Սարյանի արվեստանոցում առանցքային նշանակություն ունեցող գույնը, որպես իրականության արտացոլման խտացած արտահայտություն, ժառանգեց և Ղ.Սարյանը: Երաժշտության մեջ ստեղծված Սարյանի գունային աշխարհը արտաքին, մակերեսային չէ: Այն նաև մարդու բարոյական գեղեցկության ու բնության ներքին խոր կապի արտահայտություն է:
Ղ.Սարյանի երաժշտության գունաշխարհն իր ամբողջական դրսևորումը գտավ նրա սիմֆոնիկ գործերում: Սիմֆոնիկ նվագախումբը, մտածելակերպի ուրույն կողմերից մեկը լինելով, զերծ է գունային գերհագեցածությունից, որը կարող է խախտել խոհական ու հուզական ամբողջությունը:
1966-ին Ղ.Սարյանն ավարտում է «Հայաստան» սիմֆոնիկ պաննոն («Գառնի», «Հին Երևանը», «Արարատյան հովիտը», «Արևային պեյզաժ»), որը Ղազարոս Սարյան-երաժշտի կողմից Մարտիրոս Սարյան-նկարչի ընկալումն արտացոլելու գեղեցիկ ու բնական երևույթ էր:
Պաննոյում վառ արտահայտվեցին երաժշտի անհատականությանը բնորոշ գեղարվեստական հայեցակարգի ավարտունությունը, արտահայտչամիջոցների բացառիկ հղկվածությունը, գունագեղ հնչողության զուգորդումը նրբաճաշակ վրձնի զսպվածության հետ: Այսպիսով, 60-ական թվականների կեսերին Սարյանի երաժշտական աշխարհը պատկերավոր-ժանրայինի ու զուսպ խոհականի յուրատեսակ ընդանրացումն էր: Զուսպ խոհականի ոլորտում են «Արիան» ու «Տոկատան»: «Հայաստան» պաննոն, լինելով եզրափակումը նախորդ շրջանի բնորոշ գեղարվեստական մղումների, միաժամանակ դրանց ապագա փոփոխությունների կանխանշան էր:
Ժամանակի նկատմամբ զգայուն արվեստագետի ստեղծագործական գործունեության համար գեղագիտական որոնումները բնական են: Ժամանակի խորացած ընկալմամբ են թելադրված կոմպոզիտորի վերջին շրջանի գործերը: Այդ գործերից են Ջութակի ու նվագարանի կոնցերտը, Սիմֆոնիան (1980), Լարային կվարտետը (1987):
Կենսափորձը, տարբեր ուղղությունների ժամանակակից գեղարվեստական աղերսները գումարվելով նախորդ շրջանի հիմնական սկզբունքներին, ստեղծագործողի առջև նոր ուղիներ բացեցին:
Վերջին շրջանի գործերը զուտ գործիքային երաժշտության գեղեցիկ նմուշներ են: Արտահայտչամիջոցների զգալի փոփոխության պայմաններում Ղ.Սարյանը պահպանում է զուսպ, հակիրճ, ամփոփ գրելու կարողությունը, որը զուգորդում է մտքի սլացիկ ընթացքին:
Ջութակի կոնցերտում շարադրանքի կարևոր թեմայից գոյացող առանձին երանգավորումներն են: Կոնցերտի երաժշտության զարգացման կարևոր գործոններից է պոլիֆոնիան: Այն հատկապես վառ է դրսևորվում երկրորդ մասում՝ Պասակալիայում: Կոնցերտի երաժշտության սլացիկ ընթացքն ամենևին չի հակասում դրա իմաստալիությանը: Ջութակի ու նվագախմբի մրցությունն ի վերջո նպատակ ունի լիարժեք բացահայտել ստեղծագործության քնարական-դրամատիկական էությունը:
Ղ.Սարյանի Սիմֆոնիան, ինչպես վերը նշվեց, չունի ոչ ընդհանրացած, ոչ սյուժետային ծրագիր: Սիմֆոնիայի բովանդակությունը գոյանում է տագնապալի, վշտալի, խորհրդավոր խոհերից, տենչանքից ու լուսավոր թախծից, հայեցողական պահերից, որոնց բնորոշ է ներքին մեծ լարվածությունը: Սիմֆոնիայի հնչյունային ողջ տարերքը բնութագրական է ժամանակակից մարդու բարդ ներաշխարհին, նրա հուզախռով էությանը: Ինչպես ավելի ուշ գրած Լարային կվարտետին, Սիմֆոնիային ևս հատուկ է բանականի ու հուզականի ինքնատիպ խտացումը, որը Սարյանի գեղարվեստական մտածողության ուշագրավ դրսևորումներից է:
Սիմֆոնիայում մեծ է հնչյունին հատկացվող գերը: Դրամատուրգիական կարևոր նշանակության է ստանում ունկնդրի ուշադրության կենտրոնացումն աոանձին հնչերանգի, առանձին հնչյունի վրա:
Հնչյունային տարերքի «սրամտությամբ», հնարամտությամբ է աչքի ընկնում Ղ.Սարյանի կինոերաժշտությունը: Սի աոանձին, հետաքրքիր էջ է Ղ,Սարյանի և Տ.Մանսուրյանի՝ Տ.Չուխաջյանի «Լեբլեբիջիի» («Կարինե») երաժշտության գործիքավորման և խմբագրման աշխատանքը՝ դրա նկարահանման առիթով, որը բարձր ճաշակի, գեղարվեստական չափի պահպանման տպավորիչ վկայություն է:
Անցան տասնամյակներ, և 80-ականների վերջին այս նոր գործիքավորումը և խմբագրությունը նպաստեց Երևանի օպերային թատրոնում «Լեբլեբիջիի» բեմականացմանը՝ ռեժիսոր Տ.Լևոնյանի մեկնաբանմամբ:
Կոմպոզիտորի մշտական ստեղծագործական որոնումների կատարյալ արտահայտություններից էր 1994 թվին ավարտված Պասակալիան սիմֆոնիկ նվագախմբի համար՝ նվիրված դատեր՝ Լուսիկ Սարյանի, հիշատակին: Դրամատիկ խոհերի ընդհանրացումը, հուզական հագեցածությունը, անզուգական դրամատուրգիական լուծումը հեղինակի գեղարվեստական ներաշխարհի նոր, վառ վկայություններ էին:
Տիգրան Մանսուրյան, Ռուբեն Ալթունյան, Ռուբեն Սարգսյան, Վարդան Աճեմյան, Արտեմ Ղազարյան, Ստեփան Լոսիկյան, Ստեփան Ռոստոմյան և նրանց կողքին նորանոր երիտասարդ ստեղծագործողներ, որոնց բնական օժտվածության զարգացմանն ու ինքնահաստատմանը մեծապես նպաստեց ստեղծագործական դասարանի ղեկավար Ղազարոս Սարյանը: Խելացի, բանիմաց խորհրդատուն մեծապես խթանեց նրանց անհատականության կազմավորմանը, համարձակ մտահղացումների իրականացմանը, մասնագիտական հասունացմանը: