Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է: Այն Հայաստանի քաղաքներից խոշորագույնն է:
Քաղաքն ընկած է Արարատյան գոգավորության կենտրոնական մասում, Արարատյան դաշտից դեպի հյուսիս բարձրացող նախալեռների ամֆիթատրոնաձև լանջերին: Հարավում տեղանքի բացարձակ բարձրությունը 860մ է, հյուսիսում` գրեթե 1400մ: Մակերևույթը կտրատված է: Քաղաքի տարածքը հատում են Հրազդան գետի խոր կիրճը և դրա մի քանի վտակների, հատկապես Գետառի առաջացրած ձորակները:
Երևանը Հայաստանի քաղաքական-վարչական կենտրոնը լինելուց բացի, նաև նրա տնտեսական ու մշակութային գլխավոր կենտրոնն է: Երևանում կենտրոնացած է Հայաստանի բնակչության 30%-ը, արդյունաբերական ներուժի գրեթե կեսը, բարձրագույն ուսումնական հաստատու-թյունների ու գիտահետազոտական հիմնարկների 98%-ը, դրամատների ու բորսաների ճնշող մեծամասնությունը: Այստեղ են գտնվում արտասահմանյան երկրների բոլոր դեսպանատները, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) և մյուս միջազգային կազմակեերպությունների ու ներկայացուցիչների գրասենյակները:
Հնագիտական պեղումներով հայտնաբերվել է Երևանի «ծննդյան վկայականը», որտեղ նշվում է, որ Էրեբունի բերդաքաղաքը հիմնադրել է Արարատյան (Ուրարտական) թագավորության Արգիշտի Ա արքան Ն.Ք.782թ.: Պեղված միջնաբերդը թագավորական պալատի ավերակներով հանդերձ պահպանվել է քաղաքի հարավարևելյան` Էրեբունի թաղամասում:
Ներկայիս Երևանի` որպես հայոց պետության մայրաքաղաքի կառուցապատումը սկսվել է 1924թ. գլխավոր հատակագծով, որի հեղինակն է մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:
Երևանը հարուստ է ազգային ճարտարապետության կոթողներով: Հատկապես առանձնանում են օպերայի և բալեետի պետական ակադեմիական թատրոնը, Մատենադարանը, Մարզահամերգային համալիրը, Հաղթանակի և Կիևյան կամուրջները: Ծիծեռնակաբերդի բլրի վրա վեր է խոյանում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, իսկ Հաղթանակի զբոսայգում` «Մայր Հայաստան» հուշարձանը: