1994 թ.-ին Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքում՝ Վանաձորում, «Ստվերներ» ռոք խմբի ցրվելուց հետո հարվածորդ Աշոտ Չոբանյանը առաջարկում է խմբի նախկին կիթառահար Գոռ Մխիթարյանին և երաժշտական աշխարհում նոր քայլեր անող Մհեր Մանուկյանին խումբ հավաքել, որը ստացավ GAME անվանումը: Խումբը անմիջապես սկսում է փորձերը, հիմնականում կենտրոնանալով «Ստվերներ»-ի երգացանկի վրա, ավելացնելով մեկ-երկու սեփական ստեղծագործություն: Արդյունքում կատարվում են սիրողական ձայնագրություններ, որով սահմանափակվում է խմբի աշխատանքը:
1995 թ.-ին GAME-ը որոշում է հրավիրել խմբի ընդհանուր ընկեր Ալեքս Ավետիսյանին որպես բաս կիթառահար: Խումբը սկսում է փորձերը Վանաձորի ՀՀՇ կազմակերպության կողմից բարեհաճորեն տրամադրած տարածքում, իր ստեղծած աղմուկով սարսափահար անելով ոչ միայն շենքում բոլոր գտնվողներին, այլև մոտ մեկ կիլոմետր շառավղով բոլոր մարդկային և ոչ մարդկային արարածներին: Աշոտի առաջարկությամբ խմբին է միանում կիթառահար Մայքլ Ջեյ Հեմմեսը, որը Վանաձորում էր գտնվում որպես ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավոր: Փորձերը տեղափոխվում են Վանաձորի պետական տիկնիկային թատրոն, որտեղ խումբն աշխատանքի է անցնում որպես թատրոնի երաժշտախումբ: Երգացանկին բացի «Ստվերներ»-ի երգերից ավելանում են բավականին թվով սեփական երգեր: Խումբը աշխատում է անիծվածի պես և 1995-ի մարտի 11-ին Վանաձորի տիկնիկային թատրոնի բեմում հանդես է գալիս իր առաջին անհատական համերգով: Անմիջապես համերգից առաջ Աշոտը խումբը հայտարարում է որպես «Snack», որը հետագայում մեկնաբանվում է որպես «ՍՆԷՔ»՝ Սիրո ՆեոԷկզիստենցիալիստական Քրեստոմատիա: Համերգը, չնայած ոչ այնքան փայլուն կատարողական վարպետությանը, ցնծությամբ է ընդունվում: Առաջին համերգին հետևում են մի շարք համերգային հրավերներ և այլ անհատական բեմելներ: «ՍՆԷՔ»-ը սկսում է շրջագայել Հայաստանով՝ ելույթ ունենալով Երևանում, Գյումրիում, Ծաղկաձորում և իհարկե՝ Վանաձորում: Հավաքված նյութի հիման վրա խումբը սկսում է ձայնագրվել: Արդյունքում հայտնված «Ահա և մենք» ալբոմից մի քանի երգ շարունակաբար սկսում են հնչել երևանյան Հայ FM ռադիոկայանի եթերում և ,ի հետևանք, «ՍՆԷՔ»-ը նշվում է որպես տարվա հինգ լավագույն հայ կատարողներից չորրորդը՝ ցանկում լինելով միակ խումբը:
Ձայնագրվել է Վանաձորի «Ունիվերսալ» ձայնագրման ստուդիայում: Ձայնագրման ռեժիսյոր՝ Էդիկ Բաբաջանյան: Պրոդյուսերներ՝ ՍՆԷՔ և Էդիկ Բաբաջանյան:
Կազմը.
• Ալեքս Ավետիսյան - բաս կիթառ, վոկալ
• Գոռ Մխիթարյան - առաջատար/ռիթմ կիթառ, վոկալ
• Դավիթ Գրիգորյան – հարվածային գործիքներ
• Մհեր Մանուկյան - վոկալ, առաջատար/ռիթմ կիթառ, շրթնհարմոն
• Վահե Տերտերյան - բաս կիթառ (փոխարինել է Ալեքսին)
1997-ին խումբը լքում են սկզբից Մայքլ Ջեյ Հեմմեսը, որն ավարտելով իր առաքելությունը, վերադառնում է ԱՄՆ, հետո հարվածորդ Աշոտ Չոբանյանը՝ որը նույնպես մեկնում է ԱՄՆ՝ հիմնական բնակության: «ՍՆԷՔ»-ի բեկորները որոշում են հրավիրել նոր հարվածորդի՝ Դավիթ Գրիգորյանին՝ վանաձորյան «Ալք» խմբից: Փոխվում է նաև խմբի անվանումը: Երկար և ծանր մտավոր ջիգերից հետո որոշվում է խումբն անվանել «Լավ ԷԼԻ»: Գաղափարը ծագել էր մեծ կատակաբան, խաղաղության կորպուսի մեկ այլ անդամ Դոնալդ Ֆլամերֆելդից, որն ամեն անգամ լսելով հայկական «լավ էլի» (love Ellie) արտահայտությունը, պատասխանում էր, որ ինքն Էլլիին չի ճանաչում և չի պատրաստվում նրան սիրել: Գտնվեցին նաև այլ իմաստներ՝ «լավ alley», «LOVE էլի», «Love Alley» և այլն: Խումբը շարունակում է համերգային գործունեությունը, հանդես գալով մենահամերգով Երևանի ֆիլհարմոնիկ փոքր համերգասրահում, մասնակցելով ՆՓԱԿ-ի (Նորարարական Փորձարարական Արվեստի Կենտրոն) կազմակերպած փառատոների շարքին և «Մշակութային Գարուն-97»ին: 1997-ին խաղաղության կորպուսի միջոցով ստացված գրանտի օգնությամբ ձայնագրվում է «Առաջին Լավ Ալբոմ»-ը, որից մի շարք երգեր եթեր են արձակվում երևանյան FM կայանների կողմից (Ռադիոբուրրգ, Հայ FM), որոնցից «Առաջին Լավ երգը» (Գտա քեզ երկնքում) մի քանի ամիս շարունակ մնում է լավագույն տասնյակներում՝ հասնելով առաջին հորիզոնականին: Ձայնագրություններին մասնակցում են խմբի լավագույն բարեկամներից՝ Արթուր Քուինընը (շրթնհարմոն) և Ջոն Փըրֆիթը (մանդոլին), ներկայացնելով իրենց երգերը (15, 17): «Լավ Էլի»-ին 1998-ին մասնակցում է «Հայ երգի փառատոն»-մրցույթին, որտեղ «Գարուն է եկել» երգով գրավում է 15-րդ տեղը ավելի քան 300 մասնակիցների մեջ: Խումբը, ստանալով Ռադիոբուրգ ռադիոկայանի ծրագրերի տնորեն Արտյոմ Այվազյանի բարոյական և ֆինանսական աջակցությունը, 1999-ին ձայնագրում է «Էսսեներ» լազերային սկավառակը: Ալբոմի առաջին երգը՝ «Սկիզբը» ավելի քան 4 ամիս մնում է Հայ FM ռադիոկայանի լավագույն 20-յակում՝ հասնելով երկրորդ հորիզանականին: Եթերում հայտնված հաջորդ երգը՝ «Ճամփորդական երգ»-ը միանգամից հասնում է առաջին հարիզոնական և այնտեղ հիմնավորվում ավելի քան չորս շաբաթ: «Լավ էլի»-ին հրավիրվում է «Բարև» հեռուստատեսային ծրագրի վեցամյա գործունեությանը նվիրված բացոթյա տոնական համերգին: Ձայնագրություններից հետո խումբը լքում է Ալեքս Ավետիսյանը, իրեն ամբողջովին նվիրելով ընտանեկան կյանքին: Որպես նոր բաս-կիթառահար հրավիրվում է Վահե Տերտերյանը՝ նույն չարաբաստիկ «Ալք» խմբից: Նոր կազմով խումբը համերգով հանդես է գալիս Եղեգնաձորում, ինչպես նաև Վանաձորում՝ Երևանյան «Angels» խմբի հետ միասին: Ցավալի է, բայց մինչ այժմ խմբի ոչ մի ձայնագրություն մասսայաբար չի թողարկվել: