Դավիթ Մհերի Սեդրակյանը ծնվել է 1938թ. դեկտեմբերի 9-ին Երևանում, հայ ֆիզիկոս է։ ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1982), պրոֆեսոր (1975)։ ՍՄԿԿ անդամ 1977-ից։
Ավարտել է Երևանի համալսարանը (1961)։ 1964–77-ին աշխատել է Երևանի համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնում, 1977-ից՝ ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ։
Աշխատանքները վերաբերում են ճառագայթման տեսությանը և տեսական աստղաֆիզիկային։ Ուսումնասիրել է լիցքավորված մասնիկների դիֆրակցիոն ճառագայթումը։ Գտել է ձգողական դաշտը նկարագրող էյնշտեյնյան հավասարումների սակավաթիվ լուծումներից մեկը՝ առանցքասիմետրիկ լուծումը վակուումում, դրա հիման վրա ստեղծել պտտվող երկնային մարմինների տեսություն, որը կիրառել է պտտվող պոլիտրոպ աստղային մոդելների, սպիտակ թզուկների և բարիոնային աստղերի ֆիզիկական բնութագրերի հետազոտման համար։ Այդ տեսության արդյունքները հաստատել են, որ Ա. Հյուիշի հայտնաբերած պուլսարները պտտվող նեյտրոնային աստղեր են։ Զբաղվել է նաև պուլսարներում գերհզոր մագնիսական դաշտերի առաջացման պրոբլեմով, մասնավորապես, առաջարկել է նեյտրոնների և պրոտոնների գերհոսելիության հատկության վրա հիմնված տեսական մեխանիզմ, որով բացատրվում է գերհզոր մագնիսական դաշտերի գոյությունը պուլսարներում։ Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակ (1970)։