Արտեմ Իսահակի Ալիխանյանը ծնվել է 1908թ. հունիսի 11–ին, Թիֆլիսում։ Նա հայ սովետական ֆիզիկոս է։ ՍՍՀՄ ԳԱ թդթ-անդամ (1946), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967)։ Ա. Ի. Ալիխանովի եղբայրը։ Ավարտել է Լենինգրադի համալսարանը (1931)։
1943–73-ին՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի դիրեկտոր։ Ալիխանյանի առաջին աշխատանքները վերաբերում են բյուրեղների ֆիզիկային, ռենտգենյան ճառագայթների և էլեկտրոնների դիֆրակցիային։ 1931-ից զբաղվել է ռադիոակտիվության և ատոմի միջուկի հետազոտությամբ։
1934-ին Ա. Ալիխանովի և Մ. Կոզոդաևի հետ հայտնաբերել և հետազոտել է գրգռված միջուկներից էլեկտրոն-պոզիտրոն զույգերի առաքման երևույթը։ Ա. Ալիխանովի և Լ. Արցիմովիչի հետ ապացուցել է (1936) իմպուլսի պահպանման օրենքը էլեկտրոն-պոզիտրոն զույգի անիհիլացման ժամանակ։ Ալիխանյանը հայտնաբերել է էլեկտրոններ առաքող առաջին արհեստական ռադիոակտիվ տարրը (սիլիցիում)։ Ա. Ալիխանովի հետ 1942-ին ստեղծել է Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը, ուր հայտնաբերել են լիցքավորված մասնիկների «նեղ» հեղեղները (1943), մեծ էներգիայով պրոտոնների առատ հոսքի գոյությունը տիեզերական ճառագայթներում (1945) և տիեզերական նեյտրոնների ազդեցությամբ ատոմից արագ պրոտոններ առաջանալու երևույթը (1950)։ Ալիխանյանը մեծ ավանդ ունի նաև բարձր և գերբարձր էներգիաների մասնիկների իմպուլսների դետեկտման և չափման նոր մեթոդների ստեղծման ասպարեզում։ Նա Ա. Ալիխանովի հետ փորձարարական հետազոտությունների հիման վրա առաջինն է նշել (1946) տարրական նոր մասնիկների գոյությունը տիեզերական ճառագայթներում։
50-ական թվականների կեսերին Ալիխանյանը իր աշխատակիցների հետ կատարել է տարրական մասնիկների տարբեր հատկությունների ուսումնասիրման աշխատանքներ, մասնավորապես պղպջակային խցիկում դիտվող տրոհման հետազոտումը հաստատեց այդ պրոցեսում զույգության օրենքի խախտումը, կատարվեց միջուկների վրա մյունների ցրման առավել ճշգրիտ հետազոտում։ Նման տրոհումը անմիջականորեն հետևում է CP-ինվարիանտության պահպանումից, և դրա ստուգումը ֆունդամենտալ երևույթ էր։
Ալիխանյանը ստեղծել և կատարելագործել է մեծ էներգիայով մասնիկների հետազոտման սարքեր. մագնիսական մասսպեկտրոմետր, պղպջակային և կայծային խցիկներ և այլն։ Ալիխանյանի նախաձեռնությամբ է ստեղծվել Երևանի 6Գէվ էներգիայով (1 Գէվ=1 մլրդ. Էվ) էլեկտրոնաօղակային արագացուցիչը։ Ալիխանյանը կազմակերպել է Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի միջուկային ֆիզիկայի ամբիոնը (1946), հիմնադրել Նոր Ամբերդի կայանը (1958)։
Նրա ղեկավարությամբ է գործում տեսական և փորձարարական ֆիզիկայի Նոր Ամբերդի միջազգային դպրոցը։ Ալիխանյանը ՍՍՀՍ պետական մրցանակների (1941, 1948) և լենինյան մրցանակի (1970) դափնեկիր է, Աշխատանքային կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր։