Ավանի հակաթոռ կաթողիկոսությունը գործել է 591-602թթ.-ին, Երևանի այժմյան հյուսիս-արևելյան մասում: Ստեղծվել է Բյուզանդիայի Մորիկ կայսրի կարգադրությամբ` ի հակակշիռ Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող Դվինի Հայոց հայրապետական աթոռի: Ըստ VIIդ. պատմիչ Սեբեոսի, կաթողիկոսարանը կառուցել է Հայաստանի բյուզանդական մասի հակաթոռ կաթողիկոս Հովհան Բագարանցին 591թ.-ին, Այրարատ նահանգի Կոտայք գավառի Ավան գյուղաքաղաքում:
Կաթողիկոսարանի Կաթողիկե եկեղեցին (ավելի ուշ անվանվել է Ս.Հովհաննես եկեղեցի) կառուցված է տեղական տուֆի սրբատաշ քարերով, ունի զուսպ հարդարանք: Ավանի Կաթողիկեն հռիփսիմեատիպ եկեղեցիների վաղագույն թվագրված նմուշն է և քրիստոնյա ճարտարապետության մեջ առաջին հնգագմբեթ եկեղեցիներից: Կաթողիկեին հյուսիսից կից է կաթողիկոսական պալատը:
602թ.-ին Պարսից Խոսրով II արքան գրավել է Ավանը և վերացրել Ավանի կաթողիկոսությունը, որից հետո այն դարձել է վանք: