Պատերազմը տևեց տասն ամիս: Ռազմական գործողություններն ընթանում էին Բալկանյան և Կովկասյան ռազմաճակատներում: Պատերազմի սկզբի փոփոխական հաջողություններից հետո, Շիպկայի և Պլևնայի համար մղված մարտերում ռուսները վճռական հաղթանակ տարան և 1878թ. հունվարի 4-ին մտան Սոֆիա, ապա գրավեցին Պլովդիվն ու Ադրիանապոլիսը և մոտեցան Կ.Պոլսին:
Կովկասյան ռազմաճակատում հիմնական ռազմական գործողությունները վարում էր 52 հազարանոց կովկասյան կորպուսը Միխայիլ Լորիս-Մելիքովի հրամանատարությամբ:
1877թ. ապրիլի 12-ին Կովկասյան ռազմաճակատում ռուսական զորքերը հարձակման անցան երեք ուղղություններով՝ Ալեքսանդրապոլ-Կարս, Իգդիր-Բայազետ և Ախալցխա-Արդահան: Երևանյան ջոկատը հայազգի գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ապրիլին գրավում է Բայազեւոն ու Ալւսշկերտը:
1877թ. հունիսին թուրքերը մեծ ուժեր են կենտրոնացնում և պաշարում Բայազետի բերդը: Թուրքական 10.000-անոց զորքերը կատաղի գրոհներ են սկսում բերդի վրա, որը պաշտպանում էր կայազորի պետ մայոր Շտոկվիչը փոքրաթիվ ռուսական զորաջոկատի և հայ կամավորների ուժերով: Միակ փրկությունը դրսի օգնությունն էր: Պաշարվածներն իրենց վիճակի մասին ցանկանում են լուր հասցնել Տեր-Ղուկասովին, սակայն բոլոր լրատարները բռնվում են թուրքերի կողմից: Հայ կամավոր Սամսոն Տեր-Պողոսյանը, ծպտված, բրդի շորերով, անցնում Է թուրքերի մոտով և լուր է հասցնում Տեր-Ղուկասովին: Վերջինս մեծ թվով վիրավորներով և հայ գաղթական բնակչության հետ իրականացնում էր իր նշանավոր նահանջը: «Եղբայրներ,- դիմում է նա իր զինվորներին,- մերոնք սովամահ են լինում, տանջվում և մեռնում են Բայազետում: Գնանք նրանց հետ մեռնելու»: Արշակ Տեր-Ղուկասովը հասնում է Բայազետ և փրկում 23 օրվա պաշարվածներին: Պատմական այդ փաստն իր գեղարվեստական արտացոլումն է գտել Րաֆֆու «Խենթը» վեպում:
Կովկասյան ռազմաճակատի կարևոր հաղթանակներից էր Կարսի գրավումը: Պատերազմի սկզբին ռուսներն այնտեղ անհաջողության մատնվեցին: Երկրորդ անգամ այդ գործը հանձնարարվեց Հովհաննես Լազարևին, որը վճռականորեն կազմակերպեց գրոհը, հայտարարելով. «Եթե գրոհը չավարտեմ ցերեկը, կշարունակեմ գիշերը»: Իսկապես, գիշերային գրոհով գրավվեց Կարսը:
Մեծ էր պատերազմին մասնակցող հայ զորավարների թիվը՝ 7 գեներալ և ավելի քան 500 բարձրաստիճան սպա: Այդ պատերազմը ոգևորել էր և' արևմտահայերին, և' արևելահայերին: Անդրկովկասի տարբեր վայրերում ձևավորվել էին ութ զորամիավորումներ՝ բաղկացած մեծ մասամբ հայերից: Արևելահայերը Ախուրյանի վրա կամուրջ կառուցեցին ռուսական զորքերի անցումն Արևմտյան Հայաստան ապահովելու համար: Երևանի նահանգի հայությունը ռուսական զորքերին տրամադրեց հազարավոր սայլեր, ձիեր և ուղտեր: Երևանում և Ղարաքիլիսայում հայերն իրենց տները տրամադրում էին ռուսական զորքերին իբրև հոսպիտալներ, ստանձնում վիրավոր ռուս զինվորների բժշկական օգնության գործը: Արևմտահայերը ստույգ տեղեկություններ էին հաղորդում ռուսական զորամասերին թուրքական ռազմական ուժերի վերաբերյալ, կատարում էին ուղեկցորդի դեր, ստեղծում էին կամավորական ջոկատներ:
Պատերազմի երկրորդ փուլում ռուսական զորքերի հաղթանակն ակնհայտ էր: 1878թ. հունվարի սկզբներին ռուսներն առանց մարտերի գրավեցին Ադրիանապոլիսը և մտան Կ.Պոլսից ընդամենը 12 կմ հեռավորության վրա գտնվող Սան-Ստեֆանո ավանը, որտեղ էլ հունվարի 19-ին կնքվեց զինադադար: