Հայ ազգային-ազատագրական շարժման նոր փուլըԱրևմտահայության ինքնապաշտպանական մարտերըԻնքնապաշտպանական մարտերը

Ինքնապաշտպանական մարտերը

Արևմտահայերը կոտորածների առաջին օրերին հանկարծակիի եկան: Բայց շուտով բազմաթիվ վայրերում կարողացան դիմել կազմակերպված ինքնապաշտպանության: 1895թ. հոկտեմբերին Եղիշե քահանա Խաչատրյանի գլխավորությամբ ինքնապաշտպանության դիմեցին Մալաթիայի հայերը՝ պարտության մատնելով ոստիկաններին և խառնամբոխին: Սակայն նոր ուժեր ստանալով՝ թշնամին վերսկսեց հարձակումը: Մարտերն ընթանում էին փոփոխակի հաջողություններով: Ի վերջո, թուրքերը կարողացան կոտրել հայերի դիմադրությունը և սրի քաշել 3000 հոգու:

1895թ. հոկտեմբերի 31-ին երկու հազարի հասնող թուրք և չերքեզ հրոսակները հարձակվում են Կիլիկիայի Դյորթ-Յոլ (Չոք Մարզվան) գյուղի վրա: Հայերը հնչակյան հայտնի գործիչ Մխո-Շահենի (Մխիթար Սեֆերյան) գլխավորությամբ դիմագրավում են հակառակորդին: Համալրում ստանալով՝ թուրքերը նոյեմբերի 6-ին կրկին հարձակման են անցնում: Տեսնելով, որ ուժերը խիստ անհավասար են, հայերը կռվելով դուրս են գալիս գյուղից, բարձրանում լեռները՝ փրկվելով մահից:

Մարաշի կոտորածների ժամանակ թուրք հրոսակները համառ և կազմակերպված դիմադրության են հանդիպում Գյումպեթ թաղամասի հայերի կողմից: Թշնամու բոլոր գրոհները հետ էին մղվում փոքրաթիվ, բայց իրենց դիրքերում հաստատակամ կանգնած հայ քաջորդիների կողմից: Ցավոք, մնացած թաղամասերում հայերը չկարողացան դիմել ինքնապաշտպանության:

Հերոսական ինքնապաշտպանության դիմեց նաև Վանը: Պայքարը կազմակերպելու համար Պարսկաստանից Վան էին անցել Վազգենի, Ներսեսի խմբերը: Նրանք իրենց ուժերը ցրում են Վանում և շրջակա հայկական գյուղերում: 1896թ. հունիսի 3-ին թուրք բազմահազարանոց խուժանը անցնում է հարձակման: Հանկարծակիի եկած հայերը սկզբում զգալի կորուստներ կրեցին: Բայց շուտով Դաշնակցության, Արմենական և Հնչակյան կուսակցությունների ղեկավարները, մի կողմ դնելով իրենց տարաձայնությունները, միավորեցին մարտական ուժերը: Ինքնապաշտպանության կենտրոն դարձավ Այգեստան թաղամասը: Հունիսի 5-ին և 6-ին թուրքերը բազմիցս փորձեցին գրավել Այգեստանը, բայց մատնվեցին անհաջողության: Պաշտպանները հերոսաբար հետ էին մղում հակառակորդի բոլոր գրոհները:

Սակայն Մեծ Բրիտանիան միջամտում է գործին: Վանի անգլիական հյուպատոսը ինքնապաշտպանության ղեկավարներին առաջարկում է դադարեցնել դիմադրությունը և հեռանալ Պարսկաստան: Հայերը տեսնելով, որ ուժերը անհավասար են, իսկ օսմանյան իշխանությունները պարտավորվում են երաշխավորել նրանց ապահով անցումը Պարսկաստան, համաձայնում են: Հունիսի 8-ին մոտ մեկ ու կես հազար հայեր դուրս եկան Վանից և շարժվեցին դեպի Վարագա լեռը: Սակայն ուխտադրուժ թշնամին Սբ Բարդուղիմեոս վանքի մոտ հարձակվեց նրանց վրա և կոտորեց: Միայն 30 հոգու հաջողվեց անցնել Պարսկաստան:

Քաղաքը զրկվեց իր քաջարի պաշտպաններից: Թուրքերը հրո ճարակ դարձրին Վանը, ապա հարձակվեցին վիլայեթի հայկական գյուղերի վրա: Մոտ 20000 հայեր սրի քաշվեցին: Թալանվեցին և ավերվեցին Վասպուրականի գրեթե բոլոր վանքերը, այնտեղ պահվող թանկարժեք ձեռագրերը:

1896թ. հոկտեմբերին թուրքական զորքը և մահմեդական ամբոխը հարձակվում են Ուրֆայի հայ բնակչության վրա: Ուրֆացիները երեք ամիս շարունակ հաջողությամբ հետ էին մղում ջարդարարներին: Տեսնելով, որ չի կարողանում կոտրել ուրֆացիների դիմադրական կամքը, գավառապետը դիմում է նենգության: Նա հայկական թաղամաս է ուղարկում 5000 զինվորներ և համիդեականներ, իբր ուրֆացիներին մահմեդական ամբոխից պաշտպանելու համար: Հավատալով գավառապետի խոստումներին՝ հայերն ընդունում են զինվորներին: Մտնելով թաղամաս՝ թուրքերն ու քրդերը սկսում են կոտորածը: Կանանց ու երեխաների մի մասն ապաստանում է եկեղեցում, որը հրկիզվում է ջարդարարների կողմից: Ելուզակները սրի են քաշում ավելի քան յոթ հազար հայի:

Արևմտահայերն ինքնապաշտպանության դիմեցին նաև այլ վայրերում: Այնտեղ, որտեղ հայերը դիմադրում էին, ավելի քիչ էին զոհեր տալիս, քան այնտեղ, որտեղ հանձնվում էին թշնամու ողորմածությանը:

Դժվար է գերագնահատել ինքնապաշտպանության դերն ու նշանակությունը: Ինքնապաշտպանական մարտերի ժամանակ դրսևորվեց հայ ժողովրդի ազատաբաղձ և անկոտրում ոգին: Այդ հերոսամարտերն ապացուցեցին, որ թուրքական արյունոտ յաթաղանից փրկության միակ հույսը զինված պայքարն է:

1890-ական թվականների կոտորածների ժամանակ եղան թուրքեր և քրդեր, որոնք պաշտպանեցին հայերին: Այսպես, Մոկսի կառավարիչ, ազգությամբ քուրդ Մուրթուլլա Բեյը, տեղեկանալով ջարդերի մասին, մի գիշերվա ընթացքում Վանից հասնում է Մոկս և կանխում կոտորածը: Ցավոք, այդպիսի մարդկանց թիվը քիչ էր: Թուրքերի և քրդերի մեծ մասը, կրոնական մոլեռանդությամբ և թալանի տենչով համակված, տուրք տվեց իշխանության կոչերին և մասնակցեց կոտորածներին:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ