Հայաստանի առաջին հանրապետությունը (1918թ. մայիս - 1920թ. դեկտեմբեր)Հարաբերությունները հարևան պետությունների հետՀայ-ադրբեջանական հարաբերությունները

Հայ-ադրբեջանական հարաբերությունները

Շատ ավելի բարդ էին հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Առանձնապես սուր և շարունակական բնույթ կրեցին տարածքային-սահմանային վեճերը։ Ադրբեջանը ձգտում էր նվաճել Ղարաբաղը (Արցախը), Զանգեզուրը (Սյունիքը), Շարուր-Նախիջևանը և այլ տարածքներ։ Այդ խնդրում Ադրբեջանին աջակցում էին Անգլիան և Թուրքիան, իսկ 1920թ. գարնանից՝ նաև Խորհրդային Ռուսաստանը։

Անգլիայի ադրբեջանամետ քաղաքականությունը պարզորոշ դրսևորում էր գտնում։ 1918թ. նոյեմբերին անգլիացիների միջամտությամբ կասեցվեց Անդրանիկի զորախմբի առաջխաղացումը դեպի Շուշի ու Արցախ։ Անգլիական հրամանատարության աջակցությամբ Արցախ-Զանգեզուրի նահանգապետ նշանակվեց թուրք ջարդարար Խոսրով բեկ Սուլթանովը։ Ինչ վերաբերում էր Թուրքիային, ապա նա գաղտնի պայմանագիր էր կնքել իր ցեղակից Ադրբեջանի հետ և ցույց էր տալիս ռազմաքաղաքական օգնություն։

Արցախ-Սյունիքի հայությունը միանշանակ չճանաչեց Ադրբեջանի գերիշխանությունը և զենքը ձեռքին պայքարի ելավ իր ազատության ու մայր հայրենիքին միանալու համար։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձգտում էր խաղաղ միջոցներով լուծել Ադրբեջանի հետ ունեցած վիճելի հարցերը։ Սակայն այդ բանակցությունները արդյունք չտվեցին։ Մեծ տերությունները, շահագրգռված լինելով Բաքվի նավթով, ավելի հաճախ ճնշում էին գործադրում Հայաստանի վրա, որպեսզի նա զիջումներ անի Ադրբեջանին։ Այդուհանդերձ, Հայաստանի կառավարությունը անում էր հնարավորինը պաշտպան կանգնելու արցախահայության արդար դատին՝ «Ղարաբաղը համարելով անբաժանելի մասը Միացյալ և Անկախ Հայաստանի Հանրապետության»։

Շուշիի հայության 1920թ. մարտի ահավոր ջարդերից հետո Հայաստանի զորախումբը Դրոյի հրամանատարությամբ մտավ Ղարաբաղ։ Ապրիլի 25-ին տեղի հայ Ազգային խորհրդի 9-րդ համագումարը հռչակեց Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանի Հանրապետությանը։

Իրադրությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում կտրուկ փոխվեց, երբ մի քանի օր անց՝ ապրիլի 28-ին, 11-րդ Կարմիր բանակի միջամտությամբ, առանց որևէ կրակոցի, խորհրդայնացվեց Ադրբեջանը։ Դրանից հետո ադրբեջանամետ քաղաքականություն սկսեց վարել Խորհրդային Ռուսաստանը։ Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը և Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի հրամանատարությունը վերջնագիր ներկայացրին Հայաստանի Հանրապետությանը։ Դրան հետևեց թուրք-թաթար-բոլշևիկ զինուժի ներխուժումը Ղարաբաղ, Զանգեզուր և Նախիջևան։ Կարմիր բանակի օգնությամբ Ադրբեջանը տիրեց Լեռնային Ղարաբաղին։ Ավելի ուշ՝ 1921թ. հուլիսին, Խորհրդային Ռուսաստանի բարձրագույն իշխանությունների թողտվությամբ Լեռնային Ղարաբաղը, ինքնավար մարզի կարգավիճակով, բռնակցվեց Ադրբեջանին։

Այդ տեսակետից ծանր ճակատագիր ունեցավ նաև Նախիջևանը։ 1919թ. կեսերին անգլիացիների օգնությամբ Նախիջևանի գավառը պաշտոնապես միացվեց Հայաստանի Հանրապետությանը։ Սակայն տեղի թաթարները Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների աջակցությամբ ապստամբություն բարձրացրին ու հրաժարվեցին ճանաչել Հայաստանի իշխանությունը։ Շարուր-Նախիջևանի թաթարների շարունակական խռովությունների, ավերածությունների, թալանի հետևանքով երկրամասը գրեթե լիովին հայաթափվեց։ Նախիջևանահայության մի մասը կոտորվեց, իսկ մյուսը հարկադրված դիմեց արտագաղթի։ 1920թ. աշնանը թուրք-հայկական պատերազմի ժամանակ Թուրքիան բռնազավթեց Նախիջևանի գավառը։ Իսկ 1921թ. (Մոսկվայի և Կարսի պայմանագրերով) Նախիջևանը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանին։

Միանգամայն այլ ընթացք ստացան իրադարձությունները Զանգեզուրում ու հատկապես Կապանում։ Կապանի քաջակորով ժողովուրդը դիմեց հերոսական ինքնապաշտպանության։ Այդ պայքարը գլխավորեց տաղանդավոր զորավար, ականավոր քաղաքագետ ու գաղափարախոս Գարեգին Նժդեհը (1886-1955)։

1920թ. աշնանը ինքնապաշտպանական համառ կռիվների շնորհիվ լիովին ազատագրվեց Զանգեզուրը։ Այն սկզբում հռչակվեց Ինքնավար Սյունիք, ապա՝ Լեռնահայաստան, իսկ 1921թ. ամռանը վերջնականապես միացվեց Խորհրդային Հայաստանին։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա այն անմիջականորեն առնչվում էր Հայկական հարցի հետ։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ