Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը Հայկական հարցի լուծումն էր։ Այսինքն, խնդիր էր դրվում Թուրքիայի տիրապետության տակ գտնվող արևմտահայ նահանգները միացնել Հայաստանի Հանրապետությանը և այդպիսով ստեղծել Միացյալ, Անկախ Հայաստան։
Ինչպես հայտնի է, 1918թ. հոկտեմբերի 30-ին ստորագրված Մուդրոսի զինադադարով (նավահանգիստ էգեյան ծովում) Թուրքիան ընդունեց իր պարտությունը և դուրս եկավ պատերազմից։ Պարտություն կրեցին Քառյակ միության նաև մյուս երկրները, ու այդպիսով ավարտվեց Առաջին աշխարհամարտը։
1919թ. հունվարին բացվեց Փարիզի խաղաղության կոնֆերանսը (խորհրդաժողովը)։ Այստեղ հաղթանակած Անտանտի երկրները (Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան և այլն) պետք է հաշտության պայմանագիր կնքեին պարտված Քառյակ միության երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ։ Անտանտի երկրների «փոքր դաշնակիցն» էր համարվում նաև Հայաստանը, որովհետև նա մասնակցություն էր ունեցել պատերազմին և կրել վիթխարի կորուստներ։
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը այդ կոնֆերանսում պաշտպանելու համար Փարիզ մեկնեց հանրապետության պատվիրակությունը Ավետիս Ահարոնյանի նախագահությամբ։ Ավելի վաղ, 1912 թվականից, Փարիզում գործում էր մեկ այլ՝ Հայ (արևմտահայ) ազգային պատվիրակություն՝ եգիպտահայ մեծահարուստ, հասարակական գործիչ Պողոս Նուբար փաշայի (1851-1930) գլխավորությամբ։
Հայկական այս երկու պատվիրակությունները համատեղ մեծ աշխատանք կատարեցին Հայկական հարցի նախապատրաստման ու կոնֆերանսին ներկայացնելու ուղղությամբ։ 1919թ. փետրվարին նրանք խաղաղության կոնֆերանսին ներկայացրին հայկական պահանջների մի հուշագիր, որով դաշնակից տերություններից պահանջվում էր ՀՀ-ին միացնել արևմտահայ մի շարք նահանգներ՝ ծովային ելքով։ Ի դեպ, այս խնդրում հայկական պատվիրակությունների միջև կային որոշ տարաձայնություններ։ Բանն այն է, որ Ազգային պատվիրակությունը ավելի մեծ տարածքային պահանջներ էր բարձրացնում, քան Հայաստանի կառավարության պատվիրակությունը։
Միացյալ Հայաստանի գաղափարի իրականացման համար շատ կարևոր էր նաև մանդատի (հովանավորության կամ խնամակալության) հարցը։ Այսինքն, անհրաժեշտ էր, որ մի հզոր պետություն հովանավորեր Միացյալ Հայաստանին՝ ապահովեր նրա անվտանգությունը, օգներ տնտեսապես, մինչև որ այն կայանար որպես ինքնուրույն պետություն։ Հույս էր տածվում, որ Միացյալ Հայաստանի խնամակալությունը կստանձնի ԱՄՆ-ը։ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը շատ էր հետաքրքրվում Հայաստանով և Հայաստանի մանդատի ջերմ պաշտպաններից էր։ Նա պատվիրակություն ուղարկեց տարածաշրջան՝ ուսումնասիրելու Հայաստանի խնամակալությունը ստանձնելու պայմաններն ու հնարավորությունները։ Սակայն 1920թ. հունիսին ԱՄՆ-ի սենատը ձայների մեծամասնությամբ մերժեց ընդունել Հայաստանի մանդատը։