1990թ. հունվար-փետրվար ամիսներին ադրբեջանական գրոհայինները զինված հարձակումներ սկսեցին Հայաստանի սահմանների ամբողջ երկայնքով։ Սակայն հայ աշխարհազորային ջոկատները հերոսաբար դիմադրեցին և կանխեցին հակառակորդի առաջխաղացումն ու Հայաստանը պատերազմի մեջ ներքաշելու փորձերը։ Ինչպես միշտ, այս անգամ ևս Մոսկվան հավասարապես հանդիմանեց երկու կողմերին։
Սակայն ադրբեջանական իշխանությունները, օգտվելով Մոսկվայի աջակցությունից, շարունակում էին բռնագրավել հայերի բնակավայրերը և նրանց արտաքսել իրենց գյուղերից։ 1991թ. ապրիլ-մայիս ամիսներին ադրբեջանական օմոնը (միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները) խորհրդային բանակի աջակցությամբ բացահայտ պատերազմ սկսեց Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հայ բնակչության դեմ՝ իրականացնելով նախօրոք մշակված «Օղակ» («Կոլցո») օպերացիան։ Այդ գործողությունները սկսվեցին ապրիլի 30-ին, որին մասնակցում էին ռուսական «Վիրաժ» և «Օբրիվ» միավորումները, ադրբեջանական օմոնի «Դոզոր» ստորաբաժանումը և տասնյակ ավարառու հրոսակախմբեր։ Նրանք նախապես գրավել էին Գետաշենի շրջակա բարձունքները, շրջափակել գյուղը։ Զրահամեքենաներով, տանկերով և զենքերի տարբեր տեսակներով հարձակվեցին հայկական գյուղերի վրա։ Կատաղի մարտեր տեղի ունեցան Գետաշեն և Մարտունաշեն գյուղերում, որտեղ հերոսաբար զոհվեցին Թաթուլ Կրպեյանը, Սիմիոն Աչիքգյոզյանը, Մարտիրոս Շահնազարյանը, Արթուր Կարապետյանը, Վալերի Նազարյանը, Հրաչ (Զարզանդ) Դանիելյանը և շատ ուրիշներ։ Սակայն ուժերը խիստ անհավասար էին, և զավթիչները գրավեցին ու հիմնովին ավերեցին Գետաշենն ու Մարտունաշենը։ Ոգևորված այս վանդալիզմով՝ ադրբեջանցիները համատարած հարձակումներ սկսեցին հայկական գյուղերի վրա։ Մայիսի կեսերին բռնագաղթեցին Հադրութի և Շահումյանի 24 հայկական գյուղերի բնակիչները։ Փաստորեն 1991թ. մայիս-հունիս ամիսներից Ադրբեջանի կողմից հրահրվեց հայ-ադրբեջանական պատերազմ։
1991թ. հունիսին ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների նիստում մշակվեց արցախահայության գոյության ապահովման ծրագիրը։ Մոսկվայի կողմից մարզային և տեղական իշխանությունների կազմալուծման հետևանքով բնակչությունը մնացել էր առանց ղեկավարության։ Այդ պատճառով էլ չէր կարողանում ինչպես հարկն է դիմադրություն ցույց տալ ադրբեջանական հրոսակախմբերին, որոնք սպառնում էին մեկ ամսվա ընթացքում բռնի տեղահանել Արցախի հայությանը։ Նստաշրջանը պահանջեց վերականգնել մարզային և տեղական իշխանությունները, գլխավորել բնակչության ազատագրական պայքարը։ Հուլիսի վերջերին ստեղծվեց ինքնապաշտպանության ընդհատակյա կոմիտե և ինքնապաշտպանական ուժերի շտաբ։ Դրանք մարզի բոլոր շրջաններում կազմակերպեցին զինված ջոկատներ։ Հետագայում (1992թ. փետրվարին) ԼՂՀ Գերագույն խորհուրդը հատուկ որոշում ընդունեց ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի մասին, որտեղ նշվում էր, որ ինքնապաշտպանական զինված ջոկատները պետք է դիտել որպես ԼՂՀ ինքնապաշտպանական ուժեր և համախմբել մեկ միասնական հրամանատարության ներքո։ Այդ ուժերի հրամանատար նշանակվեց գնդապետ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)։