2007թ. լույս է տեսել «Հայոց լեռների գանձերը» տեսարժան վայրերի թվային հանրագիտարանը` հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:
Հանրագիտարանը պարունակում է Հայաստանի (ՀՀ, ԼՂՀ) 130 տեսարժան վայրերի նկարագրություն, մոտ 3000 բարձրորակ լուսանկար, մանրամասն ինտերակտիվ քարտեզ և հաճելի հայկական երաժշտություն:
Աշխատանքները տևում էին շուրջ երկու տարի: Նախագծի հիմքում ընկած էր բոլոր տեսարժան վայրերի այցելությունը ոտքով: Կազմակերպվում էին բարդ քայլարշավներ, որպեսզի ներառվեն նաև այն վայրերը, որտեղ հնարավոր է հասնել միայն ոտքով: Հաճախ մեր արշավախումբը օրեր շարունակ գիշերում էր լեռներում` չմոտենալով անգամ բնակավայրերին:
Նյութերը գրելու համար կատարվել են երկարատև ուսումնասիրություններ, ճշտվել տարբեր աղբյուրների տեղեկությունները: Լեգենդներ ու առասպելներ են հավաքվել տեղի բնակիչներից: Կատարվում էին տեղանքային կողմնորոշումներ` քարտեզի վրա ճշգրիտ դիրքերը նշելու համար: Լուսանկարահանումներն արվում էին տարբեր եղանակային պայմաններում` նախապես մտածված դիտման ուղղություններից:
Կուտակված ահռելի ինֆորմացիան մատչելի դարձնելու համար ստեղծվել էր հատուկ ծրագրային ապահովում` հարմար փնտրման համակարգով, քարտեզի վրա նավիգացիոն համակարգով և իհարկե հաճելի ինտերֆեյսով:
Արդյունքում հանրագիտարանը` ինֆորմացիայի հարստությամբ, լուսանկարների որակով ու քանակով, քարտեզի ճշտությամբ, ինչպես նաև օգտագործման հարմարությամբ, զգալիորեն գերազանցում է գոյություն ունեցող բոլոր նմանատիպ հրատարակությունները:
Հանրագիտարանի որոշ նյութեր օգտագործվել են FindArmenia.com կայքի «Տեսարժան վայրեր» բաժնում: