Հունիսի 5-ին` բնության պահպանության օրը, որոշեցինք արշավել Դիլիջանի ազգային պարկ:
Առաջին կետն էր Հաղարծինի վանքը: Այն գրեթե վերանորոգված վիճակում էր: Շատ անսովոր էր տեսնել մոխրագույն գմբեթ: Հաղարծինից հետո այցելեցինք Գոշավանքը: Նկարվեցինք այնտեղ և բռնեցինք Գոշի լիճ տանող ուղին:
Ճանապրհը ամբողջությամբ անտառի մեջ էր: Սկզբից եղանակը լավն էր, այնուհետև ուժեղ անձրև սկսվեց: Ոմանք հագան տաք շորեր և անձրևանոցներ բացեցին, ոմանք էլ, համարելով, որ «արդեն ուշացել են», շարունակեցին թրջվել: Պախկվում էինք մեծ ծառերի տակ, երբ անձրևը շատ էր ուժեղանում:
Մեր խմբում կար նաև 5 տարեկան երեխա, որն իսկական տղամարդու պես անցավ մեր հետ ամբողջ ուղին: Անձրևը հետապնդեց մեզ մինչև Գոշի լիճ: Երբ տեղ հասանք, անմիջապես արև դուրս եկավ:
Նստեցինք, հաց կերանք ու հանգստացանք: Այնուհետև անցանք կիթառի ու վոլեյբոլի: Շատ լավ ժամանց էինք անցկացնում, ոմանք լողացան Գոշի լճում:
Խաղի ժամանակ, թմից մեկը ընկավ և ցավացրեց ոտքը: Մտածեցինք, թե լուրջ բան չկա, սակայն տեսանք, որ շատ է ցավում և քայլել չի կարում: Խմբում բժիշկներ կային, և կային բոլոր անհրաժեշտ պարագաները` առաջին բուժօգնություն ցույց տալու համար: Պարկացրեցինք և կապ դրեցինք. քիչ անց սկսեցինք իջնել:
Տուժածին սկզբից հերթով էինք իջեցնում` շալակած կամ թևի տակից գրկելով, այնուհետև պառկացրեցինք թիկնոց-վրանի վրա ու, բոլոր կողմերից բռնելով, հասցրեցինք մեքենաների մոտ:
Երբ հասանք քաղաք, շատ ուժեղ անձրև սկսվեց, որից հետո ծիածան դուրս եկավ: Տուն գնալու ճանապարհին մի հրաշք տեսարան բացվեց Արագածի վրա: