Կրկին միասին էինք` մեր հրաշալի խմբով:
Մեր թիմն այս անգամ ավելի մեծ էր և միաժամանակ ավելի ուրախ ու ոգևորված: Մեզ սքանչելի անտառն էր կանչում, որ զարմացնի իր գեղեցկությամբ ու հմայքով:
Արշավը սկսեցինք` այցելելով մի աննման վանք` Նոր Վարագավանք: Այն ունի գրեթե հազարամյա պատմություն: Վանքի խաչքարերը և քանդակները շատ գեղեցիկ են. դրանց մեջ հայկական հոգի և շունչ կան:
Նոր Վարագավանքը մեզ դիմավորեց կիրակնօրյա ժամերգությամբ: Այն այնքան հոգեցունց և ապշեցուցիչ էր, որ բոլորս ակամա մի պահ անշարժացանք և լուռ լսում էինք: Այդ պահին զգում ես հայ քրիստոնյայի հոգևոր ուժը` այն ուժը, որ միշտ միավորել է մեզ և ամենադժվար պահերին ապավեն եղել մեզ համար: Միաժամանակ մեծ ցավ ես ապրում, քանզի ուղեղիդ ծալքերում գիտակցում ես, որ վանքի սուրբ մասունքը բերվել է մեր կորուսյալ Վանից: Արարողությունը և հատկապես երգը մեզ շատ հուզեց, համախմբեց և ոգեշնչեց. այդ պահին բոլոր դժվարությունները քեզ չնչին են թվում, դու հզոր ես, պատրաստ` հաղթահարելու ամեն խոչընդոտ:
Իրարամերժ զգացումներով լցված` սկսեցինք մեր երկար ճանապարհը: Այն անցնում էր սաղարթախիտ անտառով, որը միանգամից մեզ կախարդեց իր գեղեցկությամբ և հրաշք ներդաշնակությամբ: Ճանապարհը անցնում էինք մեծ ուրախությամբ` վայելելով անտառի համեղ մոշը և մեր խմբի անդամների ուրախ ու պայծառ ժպիտները: Արահետը ժամանակի ընթացքում վերածվեց հրաշագեղ մի ծառուղու, որի երազկոտ կիսախավարը քեզ պարզապես հաճույք է պատճառում և միաժամանակ իրական աշխարհից անէանալու հնարավորություն ընձեռում:
Մեր հետագա ճանապարհի ընկերը դարձավ հորդառատ անձրևը, որը բնավ չազդեց մեր տրամադրության վրա, չնայած հարուցեց փոքրիկ դժվարություններ: Արագորեն անցնելով մնացած ճանապարհը` հասանք մեկ այլ փառահեղ վանքի` Սրվեղի վանքին, որը ունի շատ յուրահատուկ տեսք` շնորհիվ կառուցման ընթացքում օգտագործված աղյուսանման քարերի: Այն կիսաքանդ է, բայց այնքան վեհ վեր է խոյանում անտառի ու լեռների մեջ, որ ակամա ցնցվում ես ու խոնարհվում պատմության առաջ: Վանքի փոքրիկ երդիկներից գեղատեսիլ և հրաշք մի տեսարան է բացվում. կարող ես ժամեր շարունակ կանգնել և դիտել, բայց չես հագենա. կարծես բնությունը և մարդկային պատմությունը այդ կետում դարձել են մի ամբողջություն:
Արշավը մոտենում էր ավարտին: Վերջում հանդիպեցինք փոքրիկ մի դժվարության, որը մեզ շատ ավելի համախմբեց. մենք կարծես մեկ ընտանիք լինենք: Շնորհակալ եմ իմ բոլոր ընկերներին:
Ռազմիկ Մելիքբեկյան