25-ը սեպտեմբերի, 2011թ., կիրակի: Տերյանական աշնանային մի առավոտ մեր խումբը պատրաստ էր մեկնարկելու արշավը: Հարմարավետ ավտոմեքենաներով մենք Երևանից ճանապարհվեցինք Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկը` Տավուշի մարզ` հասնելով գրեթե նպատակակետին` Կիրանց-Սամսոնի ձոր` մեկը մյուսի ետևից թողնելով հայկական քաղաքներն ու գյուղերը: Սակայն արշավի բուն նպատակը և վերջնակետը դեռևս առջևում էր: Ոտքով կտրել-անցնելով ավելի քան 12 կմ ճանապրհ անտառի միջով` մենք պատրաստվում էինք հասնել Սամսոնի վանք` կառուցված 12-13 դդ-ում: Չնայած, որ եղանակը անձրևային էր, այն, այնուամենայնիվ, ոչ մի կերպ խոչընդոտ չէր հանդիսանում ո՛չ ճանապարհը հաղթահարելու և ո՛չ էլ աշխույժ ու կենսախինդ տրամադրության համար: Եվ կարծես թե բնությունն ինքն այդ զգալով` արևի կենսատու շողերը սփռեց մեր առջև` էլ հաճելի դարձնելով մեր ճանապարհը: Աշնան արևը ոչ միայն ջերմացնում էր մեզ ֆիզիկապես, այլ նաև նպաստում համընդհանուր տիրող ոգևորվածությանն ու եռանդին:
Ճանապարհն անցնում էր սաղարթախիտ անտառի միջով, և մենք պետք է հաղթահարեինք որոշ անտառածածկ սարալանջեր և ձորեր` մինչ կհասնեինք Սամսոնի վանք: Ճանապարհին տիրող բարձր տրամադրությունը բնականաբար նպաստում էր քննարկվող թեմաների բազմազանությանը, սակայն որքան մենք հեռանում էինք քաղաքակրթությունից, այնքան կարելի էր զգալ յուրաքանչյուր արշավականի ներքին աշխարհի փոփոխությունը... Յուրաքանչյուրը ավելի ու ավելի էր առանձնանում իր հոգևոր ներաշխարհում, ընկնում հուշերի ու մտքերի գիրկը, խորհում իր անցած ճանապարհի ու անցյալի մասին: Եվ իրավ, այն հարցին, թե ինչու են հայկական վանքերը, եկեղեցիները կառուցված այսքան մեկուսացված ու հեռու քաղաքակրթությունից, մարդն ակամայից գտնում է պատսախան: Չէ որ այնտեղ գնում են հոգևոր սնունդ ստանալու համար, իսկ երկարաձիգ ճանապարհը լավագույն միջոցն է վերլուծելու այն ամենը, ինչ հուզում է մարդուն, ի վերջո հաղորդակիցը լինելու բնությանը, լինելու նրա մի մասնիկը և հասկանալու, թե որքան է մարդ հեռացել բնությունից, որտեղից նա ծնունդ է առել: Մարդկությունը ստեղծել է հսկայական կրթական համակարգ, վերջինիս հիման վրա սովորեցնում ենք մեր երեխաներին ու միմյանց: Այդ համակարգը թույլ է տալիս ճանաչել և ուսումնասիրել Տիեզերքը, ատոմը և այլն, սակայն մի բան կարելի է նկատել ակնհայտորեն. բոլոր առանց բացառության մեծագույն մտածողները, մարդիկ իրենց կրոնական ուսմունքները ստեղծելուց առաջ դարձել են ճգնավորներ, առանձնացել են, և գերակշռող դեպքերում` անտառներում, իսկ ապա վերադարձել են` աշխարհ բերելով իմաստություն և հոգևոր առաջընթաց: Այդ օրինակին են հետևել Մովսեսը, Հիսուսը և Սիդդհարտհա Գաուտաման, ով հետագայում կոչվեց Բուդդա…
Սակայն, ցավոք սրտի, համընդհանուր տիրող խաղաղությունն ու ներդաշնակությունը խախտվում էր հենց մարդու կողմից, և մերթդընդմերթ կարելի էր լինում լսել սղոցվող ծառերի ձայնը: Դարավոր ու իմաստուն անտառը քնած էր, բայց այդ անդորրն էր խանգարում մարդը: Հաճախ լսելի էր լինում ճարթյունով գետնին տապալվող ծառերի ձայնն ու տնքոցը, որն այդ պահին շատ խորթ էր յուրաքանչյուրիս և ցավ էր պատճառում մեզ: Եվ ակամայից ծագում էր ևս մեկ հարց. «Որքան անսահման է բարությունը բնության, որքան մեծ է նրա համբերությունը և որքան է պատրաստվում տանել այն ցավը, որ այդքան պատճառում է մարդը»:
Եվ ահա, տարված մտքերով, որոնք, դեռևս չավարտված, ծնունդ են տալիս մեկ այլ մտքերի, և գրեթե անցնելով 4 ժամ ճանապարհ` մենք հասանք Սամսոնի Վանք... Դժվար է ասել, թե մեզանից յուրաքանչյուրը ինչ զգաց` տեսնելով դարեր շարունակ կանգնած վանքը, սակայն հրճվանքի և ուրախության հետ մեկտեղ կարելի էր շատերի մոտ կարդալ որոշակի հիասթափություն ու թախիծ, թախիծ այն բանից, որ դարեր շարունակ կանգնած վանքը կարող է օրերից մի օր այլևս կանգուն չմնալ` անտեսված և լքված լինելով մարդկանց կողմից ու խեղդված լինելով վրան աճող ծառերի արմատներով: Ինչևիցե, անցնելով երկարաձիգ ճանապարհ, մենք ոտք դրեցինք վանքի շեմքին: Վանքում խավարի ու լույսի անհամահունչ խաղերի հետ մեկտեղ կարելի էր տեսնել տեղ-տեղ պահպանված որմնանկարներ, պատերի մի մասը կազմող և կուչ եկած խաչքարեր ու աստվածաշնչյան այլ դրվագներ... Սակայն մի բան միանշանակ կարելի էր նկատել. յուրաքանչյուրի վրա իջել էր մի խորհրդավոր անդորր, կարծես թե վանքն իր քնքուշ գիրկն էր առել բոլորիս ու ապստան տվել:
Որոշակի ժամանակ հանգստանալուց և լուսանկարվելուց հետո խումբը ձեռնամուխ եղավ ընթրելու, որից հետո մեզ սպասվում էր ետդարձի ճանապարհը, որը նույնպես ձգվելու էր 12 կմ: Ընթրելու ընթացքում ինչպես միշտ տիրում էր համընդհանուր ուրախություն, զվարթ միջավայր և բուռն զրույց:
Եվս մի բան նկատել էին արշավախմբի անդամներից շատերը: Վանքն աչքի էր ընկնում բավականին բարձր գմբեթով, որը նրան տալիս էր որոշակի առանձնահատկություն: Իսկ միգուցե ճարտարապետը փորձել էր այդ առանձնահատկությունը կապել աստվածաշնչյան Սամսոնի հետ, ով աչքի էր ընկել իր երկար մազերով, որի մեջ էլ հենց թաքնված էր իր գերբնական ուժի գաղտնիքը, և ով սակայն դավաճանվեց իր սիրված էակի` Դալիլայի կողմից: Սակայն մի հարց հուզում էր մեզ բոլորիս ավելի, քան թե այդ առանձնահատկությունը. միթե վանքը, որ դիմացել է ժամանակի փորձությանը, կարժանանա տխուր ճակատագրի` ավիրվելով անտարբերությունից ու խեղդված լինելով ծառերի մեջ:
Բավականաչափ հանգստանալով և արշավի հիմնական նպատակն իրականացրած համարելով` մենք բռնեցինք ետդարձի ճանապարհը: Մութն ընկնում էր, և շուտով խավարչտին գիշերն եկավ փոխարինելու: Վառվեցին ձեռքի լապտերները, իսկ ջինջ երկնքում բոցկլտում էին բյուրավոր աստղերը, և տեսանելի էր Ծիր Կաթինը: Այժմ մեզանից յուրաքանչյուրը, գտած լինելով հոգևոր որոշակի հանգստություն, խոսում էր աստղերից, Տիեզերքից և նման հետաքրքիր թեմաներից: Իսկ ոմանց հաջողվեց նույնիսկ ականատեսը լինել «ընկնող աստղի» և պահել երազանք: Թող ի կատար ածվեն բոլոր բարի իղձերն ու երազանքները...
Ետդարձի ճանապարհն անցավ առանձնապես առանց արկածների, և միայն կարելի էր նկատել, որ բոլորը շատ ուշադիր և հոգատար էին միմյանց նկատմամբ: Եվ նորից նստելով մեքենաները` վարդարձանք քաղաք` դեպի քաղաքակրթություն ու առօրյա խնդիրներ: Ճանապարհին բոլորը կիսվում էին իրենց տպավորություններով և ապրումներով: Իսկ Երևանում ջերմորեն հրաժեշտ տվեցինք միմյանց` հետագայում հանդիպելու մեծ ակնկալիքով և պայմանավորվածությամբ` դեպի նոր արկածներ ու բացահայտումներ:
Հովհաննես Երիցյան