Հունիս 2019 | |||||||
Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուրբ | Շբթ | Կիր | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
ԵՊՀ-ի «ԱՆԻ» տուրիստական ակումբի ղեկավար՝ Երանոսյանը դեռ վաղուց մեզ պատմում էր Կաքավաբերդի մասին: Բայց ամեն անգամ ինչ-որ բան խանգարում էր ի կատար ածել այդ արշավը: Եվ վերջապես, սեպտեմբերի 21-ին, ստանալով Երանոսյանի տված ուղղությունը, մեկնեցինք Կաքավաբերդ:
Երթուղայինով հասանք Գառնի, այնտեղից էլ շարունակեցինք ոտքով: Առաջին կանգառն էր Հավուց Թառ վանքը:
Առասպել կա, որ մի հայ քահանա, բուժելով բռնակալ Լենկ-Թեմուրին՝ խնդրում է զավթիչից ազատ արձակել այնքան գերի, որքան կտեղավորվեր այդ փոքրիկ եկեղեցում: Եվ երբ ստրկությունից ազատագրվողները մտնում էին եկեղեցի, քահանան նրանց թռչուն էր դարձնում: Այդ պատճառով վանքն անվանում են «Հավուց Թառ» (հավքերի թռիչք): Վանքի երկրորդ անվանումն է Ամենափրկիչ, քանի որ այնտեղ է եղել նշանավոր ամենափրկիչ տիպի խաչքարը՝ սուրբ խաչելությամբ:
Վանքից չգիտեինք, որ կողմ շարժվել և վճռեցինք հետևել Երանոսյանի բացատրած ուղղությանը, որը տանում էր դեպի վեր:
Բնությունը շատ բերքառատ էր: Ամբողջ ընթացքում ալոճ էինք ուտում, պատահեց նաև խնձորենի: Մի բարձունքին հետևում էր մյուսը: Այդպես՝ բարձունք առ բարձունք հաղթահարելով, հասանք գագաթնակետին (2000մ-ից ավելի), որտեղ ճանապարհը նորից բաժանվեց:
Մենք կրկին անգամ ուղղվեցինք դեպի վեր: Սակայն այս անգամ, մեր դիմաց բացվեց ոչ թե բարձունք, այլ փռվեց մի անծայրածիր սարահարթ: Հեռվում՝ մոտ 10կմ հեռավորության վրա նշմարվում էին ինչ-որ վրաններ:
Տեղանքը շատ ջրառատ էր: Խմելու ջուրը հոսում էր գետերով՝ առանց չափազանցնելու: Երանոսյանի գծած քարտեզի վրա, ճանապարհը անցնում էր Ստեփանոս վանքի մոտով: Սարահարթում մի հովիվ պատահեց, որից Դավիթը հարցրեց վանքը տանող ճանապարհը: Նա ասաց, որ պետք է ետ դարնանք և ոլորանից ներքև շարժվենք:
Բայց արդեն մթնում էր, և եթե իջնեինք Ստեփանոս վանքը, ապա ստիպված կլինեինք այնտեղ օթևանել, իսկ հաջորդ օրը չէինք հասցնի գնալ Կաքավաբերդ: Ապա տեղեկացանք, որ բերդը հասնելու համար վրաններից նույնքան ևս պետք է շարժվել: Որոշեցինք ետ չդառնալ, այլ շարժվել առաջ, քանի որ գլխավոր նպատակն էր՝ հասնել Կաքավաբերդ:
Առաջին հերթին անհրաժեշտ էր մինչև մութն ընկնելը մոտենալ վրաններին. սկզբից մտածում էինք, որ այդ վրանները եզդիների օբաներն են, և մարդաչափ շների հարձակումը մութ գիշորով բավականին վտանգավոր էր: Բայց անհանգստությունը զուր էր, քանի որ հասնելուն պես, պարզվեց, որ դա հայ անասնապահների չադրաներն են և այնտեղ չկաին մեծ շներ:
Քոչը կոչվում էր Հայկական Գիլանլար: Չադրայի տերերը չափազանց հյուրասեր մարդիկ էին և ոչ մի կերպով չթողոցին մեզ գիշերել մեր վրաններում, այլ հրավիրեցին իրենց վրանները, որոնք քարե տնից ոչնչով պակաս չէին: Երկար նստեցինք, ջան ասացինք և ջան լսեցինք:
Իմացանք, որ Կաքավաբերդը դա հենց նույն Գեղի բերդն է, որի անունը հիշատակվում է «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում: Փաստորեն, մենք հենց այն հարթավայրի վրա էինք, որտեղ տեղի էր ունեցել ջահերով ճակատամարտը:
«Կաքավաբերդ» անվանումը բերդը ստացել է շրջակայքում կաքավների բազմաթվության պատճառով, իսկ սկզբնական անունը «Գեղամա վանք» էր՝ լեռնաշխարհի անունով:
Կաքավաբերդը նաև Թաթուլի բերդ են անվանում, քանի որ այն չափազանց նման է Ջավախքի Թմուկ բերդին: Այդ առիթով, Արամը արտասանեց «Թմկաբերդի առումը» պոեմը և շուրջ կես ժամ շարունակ, մեր հըուրընկալները մտախոհ հայացքով ունկդրում էին Հովհ. Թումանյանի «անմահ» ստեղծագործությունը:
Վրանի տիրոջը դուր եկավ Արամի դանակը և գրպանից հին նետի ծայր հանելով, առաջարկեց փոխանակել: Մենք բոլորս մնացինք շվարած, քանի որ նման հնություն տեսել էինք միայն թանգարաններում, կամ գրքերի նկարներում: Իհարկե մենք անմիջապես համաձայնվեցինք փոխարինել դանակը նետի ծայրի հետ:
Լուսաբացին միասին նախաճաշեցինք և, իմանալով ճանապարհը՝ շարժվեցինք Կաքավաբերդ:
Սարահարթով անցնելիս, աջից երևում էր Միլի (Ազատի) ձորը՝ իր սլացիկ ծառերով: Պարզվեց, որ եթե Հավուց Թառից իջնեինք ներքև, ապա Կաքավաբերդ կհասնեինք նույն այդ ձորով:
Դիմացը երևում էին փետրախոտի բաց դեղին արտերը: Այնտեղից ըստ հովիվների, արդեն պետք է երևար Կաքավաբերդը, բայց ժայռերի մեջ այն դժվար էր նշմարվելու: Մինչ արտերին հասնելը, անցանք մի ձորի միջով, որտեղ հանդիպեցինք արջի հետքերի:
Արտերի վերնակետին հասնելուն պես, աչքներիս չհավատացինք, երբ վերջապես, ժայռերի արանքում նշմարվեց մի հզոր, անառիկ ամրոց: Դա Կաքավաբերդն էր... Բայց ուրախանալը դեռ շուտ էր: Բերդը հասնելու համար, հարկ էր անցնել ևս երկու ձոր...
Բնությունը շատ վայրի էր: Կարծես, թե այնտեղ մարդու ոտք բնավ չէր դիպչել: Գլխավերևում սավառնում էին արծիվները: Նույնիսկ տասը մետր հեռավորության վրա մի քարայծ սլացավ:
Առաջին ձորը անցանք ոչ այնքան դժվարությամբ, բայց երկրորդ ձորը...
Դա մոտ 150մ-ոց կիրճ էր՝ լի բազմաթիվ քարանձավներով: Այն՝ միանալով Միլի ձորին, առաջացնում էր մի ժայռեղեն երկգագաթ կղզի: Վերջինս կապակցվում էր արտաքին աշխարհի հետ մի նեղ կացանով, որի ընթացքը փակում էր բարձր պարիսպը՝ Կաքավաբերդը...
Անցանք այդ ձորը դժվարությամբ՝ թեքության և փխրուն հողի պատճառով: Հասնելով կացանին, հպարտ քայլվածքով ուղվեցինք դեպի ամրոցը:
Բերդի պատերի հաստությունը մոտ 2մ էր, իսկ բարձրությունը՝ 10մ: Մուտքի աջ կողմում պարիսպն էր՝ իր բարձր աշտարակներով, ձախից՝ մի սեգ ժայռ, որից վեր էր խոյանում ևս մի աշտարակ: Ներսում պահպանվել էին ինչ-որ սենյակների հատակագծեր: Ասում են՝ կղզու մյուս կողմում հորեր են փորած, բայց մենք այլևս ժամանակ չունեինք այնտեղ գնալու: Անհրաժեշտ էր անմիջապես շարժվել, որպիսի հասնցնեինք վերադառնալ:
Ետդարձի ուղին որոշեցինք շարունակել բերդից դուրս եկող կացանով: Արդյունքում շրջանցեցինք երկրորդ ձորը և նույն ճանապարհով վերադարձանք վրանները: Մեզ խորհուրդ տվեցին շարժվել, ոչ թե Գառնի՝ այնպես ինչպես եկել էինք, այլ դեպի Գողթ, որովհետև այդ ճանապարհը շատ անգամ կարճ էր: Իմանալով ճանապարհը՝ հաջողություն մաղթեցինք հովիվներին և շարժվեցինք դեպի Գողթ:
Ուղին հատում էր բազմաթիվ մանր գետակների: Անցնում էինք մի ձորի գլխավերևով, որը մեզ չափազանց ծանոթ թվաց: Քիչ անց նկատեցինք, որ դա Գեղարդի ձորն է, որտեղ ներքևում երևում էր Գեղարդ վանքը:
Մենք դեռ վաղուց ցանկանում էինք ուսումնասիրել, թե ինչ է այդ ձորի գլխավերևում, և որտեղից է ծագում այդ ջրառատ, աղմկոտ Գողթ գետը: Եվ անսպասելիորեն իմացանք նաև դա. Գեղարդի ձորի վերևում անծայրածիր մի սարահարթ է, իսկ գետը առաջանում է հենց վերը նշված մանր գետակներից:
Եվ այդպես, հասնելով Գողթ, հաջողություն մաղթեցինք Գեղամա լեռնաշղթայի սքանչելի և հյուրասեր բնությանը: