Հուլիս 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031



ՆորություններՄեր

Փախուստ մահից: Ձմռանը Արագած սարում

Փախուստ մահից: Ձմռանը Արագած սարում 20:16 - 01.02.2013

Մահվան և անհետ կորելու մասին չէինք էլ մտածում, սարսափելի բուք ու բորանի սկսվելուց առաջ...

*  *  *

 

 

Օր առաջին

Փետրվարի 1-ն էր: Ես ու Արամը որոշեցինք բարձրանալ Արագածի հարավային գագաթ: Դավիթը մեզ մեքենայով հասցրեց մինչև Անտառուտ գյուղը, որտեղից այլևս հնարավոր չէր քշել. ձյունը շատ էր: Ուրախ-ուրախ քննարկեցինք, թե ինչ-ոնց ենք անելու, հաջող արեցինք ու սկսեցինք բարձրանալ:

Քայլում էինք ծանր ուսապարկերով: Իմ ուսապարկը 20 կգ էր, Արամինը՝ 25: Մեր հետ ունեինք ձմեռային Coleman վրան, տաք քնապարկեր, լեդոռուբներ, գազային ատրճանակ և այլ պարագաներ:

Ճանապարհով բուռան էր անցել ու լավ նստեցրել էր ձյունը: Բուռանի քշած տեղով հանգիստ քայլում էինք՝ մնալով ձյան մակերևույթին: Սակայն, քայլ աջ քայլ ձախ, մինչ գոտկատեղ կարող էիր խրվել. ձյունը շատ խորն էր ու փխրուն: Մտածում էինք՝ երանի մինչև Քարի լիճ էլ գնացած լինի այդ բուռանը ու այդպիսի հրաշք ճանապարհ բացած լինի մեր համար:

Անցանք մետեոկայանը ու տեսանք, որ ճանապարհը այնտեղ չի պրծնում: Դա արդեն ոգևորիչ էր: Շարունակում էինք քայլել ու անհամբեր սպասում, թե երբ կհասնենք Ամբերդի խաչմերուկին, որ տեսնենք արդյոք բուռանը Ամբերդ է գնացել, թե լիճ: Հասնելով խաչմերուկին՝ այո-ո-ո-ո, մեր ճանապարհը բա՛ց է... Այդ ժամանակ դեռ չգիտեինք, որ ավելի լավ էր փակ լիներ և չշարունակեինք մեզ գցել սարերի մեջ:

Քայլում էինք մշուշի մեջ: Ոչինչ չէր երևում բացի սպիտակ շրջապատից: Վերևը՝ սպիտակ, ներքևը՝ սպիտակ: Մի հատ ճյուղ էինք տեսնում, ուրախանում էինք. ով գիտի, թե ինչ բարձրության ծառերի կատարներ էին այդ ճյուղերը:

Ժամը 17:00-ն էր, երբ հասանք մոտ 2800 մ բարձրությանը: Ահավոր հոգնած էինք, ու ցուրտը սաստկանում էր: Բուք ու բորան էր: Ամբողջությամբ սառցով էինք պատվում: Վախենում էինք իրար վրա նայել: Հասկացանք, թե ինչու է մեր շուրջը ամեն ինչ սպիտակ, քանի որ մենք ինքներս արդեն դարձանք բոլորովին սպիտակ:

Լճին 5-6 կմ էր մնում և մոտ 400 մ՝ բարձրությամբ: Զգացինք, որ նույնիսկ եթե հասնենք այնտեղ, ապա 1-2 ժ մթով ենք քայլելու՝ կատարյալ ուժասպառ ու սառած վիճակում: Ամենաճիշտ վճիռն էր՝ անմիջապես գիշերակաց անել, քանի դեռ չենք սատկել ցրտից: Որոշեցինք վրան խփել, բայց որոշելը հեշտն էր...

Առաջին անգամ էինք այդ վրանը օգտագործում և ընդհանրապես ձմեռային գիշերակաց անում: Առանց այդ էլ ունակ չէինք ո՛չ մտածելու, ո՛չ շարժվելու: Նախ աղբի սավոկներով սկսեցինք ձյուն փորել: Նույնիսկ վրանի չափսը չգիտեինք, որ իմանանք, թե ինչ մակերեսով փորենք: Փորեցինք, փորեցինք, ստացանք 2x3մ մակերեսով և կես մետր խորությամբ փոս: Փռեցինք վրանը, տեսանք, որ մուտքի համար տեղ չենք թողել: Եվս մի քիչ փորեցինք ու քայլեցինք փոսի հատակով՝ ձյունը հարթեցնելու համար:

Սկսեցինք կանգնեցնել վրանը: Բախտներս բերեց, որ միանգամից ճիշտ գուշակեցինք, թե որ ձողերը որտեղ պետք է մտցնել: Որևէ գործողություն անելուց առաջ, տաքացնում էինք ձեռքերը ծոցում կամ բերանում՝ միաժամանակ մտածելով, թե ինչ է պետք անել առաջնահերթ: Ընթացքում սկսեց մթնել, իսկ քամին՝ հատուկ մեր համար, էլ ավելի ուժեղացավ:

Վրանը գետնին ամրացրեցինք լեդոռուբներով, քայլելու փայտիկներով ու սավոկներով: Փոս փորելն ու վրան խփելը ահավոր բարդ էր. ամբողջ գործընթացը տևեց ավելի քան 2 ժ: Սառելով ու տանջվելով, ահավոր քամու տակ, կանգնեցրեցինք վրանը և մի կերպ մեզ գցեցինք ներս:

Գիշեր

Քարացած նստեցինք արդեն ապահով տեղում ու չգիտեինք, թե ինչպես սկսել հանգստանալ: Մի քանի րոպե պարզապես նստեցինք: Մեր վրայի սառույցն ու կոշիկների ձյունը մեր հետ ներս էինք բերել, որն այդպես էլ չհալվեց: Սկսեցինք տեղավորվել: Այդ տեղավորվել կոչվածը մի քանի անգամ իրար շուրջ պտտվել, իրար միջով անցնել և ուսապարկերը դես ու դեն քաշելն էր: Վերջապես փռեցինք կարեմատները, փոխեցինք շորերն ու մտանք քնապարկերի մեջ:

Գիշերն անցավ շատ տաք ու շատ լավ: Անընդհատ թեյ էինք խմում: Ձեռքը հանում էինք դուրս ու ձյուն վերցնում: Հալցնում էինք այն ու տաքացնում գազայրոցի վրա: Լավ հանգստանում էինք: Ո՞վ կպատկերացներ, թե ինչ է մեզ սպասում հաջորդ օրը: Անհանգիստ էինք միայն նրա համար, որ կապ չկար տնեցիքի հետ: Սակայն դեռ Դավիթի հետ էինք քննարկում այն տարբերակը, որ կարող է լճին չհասած գիշերենք: Իսկ Դավիթը քաջ տեղյակ էր, որ այդ տարածքում կապ չկար:

 

Իսկ այդ ժամանակ Երևանում...

Դավիթը խաբում է տնեցիքին, ասելով, որ կապ ենք հաստատել, և հաղորդել, որ ամեն ինչ նորմալ է: Իսկ ինքը իրեն տեղ չի գտնում: Ձաձ Սամվելի հետ զանգվում ու քննարկում էին մեզ փրկելու հարցը: Ձաձ Սամվելը մի քանի անգամ կապնվում է Քարի լճի մետեոկայանին ու իմանում, որ նրանք ոչինչ չեն տեսել ու մառախուղ է: Կռահում են, որ միակ տարբերակը ինստիտուտին չհասած գիշերակացն է: Որոշում են հաջորդ օրը գալ մեր ետևից, եթե մինչև 12:00-ը կապ չհաստատենք:

Իսկ մենք այդ ժամանակ հանգիստ պառկած էինք վրանում: Երբ քիչ թե շատ հանգստացանք, մտածեցիք դուրս գալ և կապ որոնել: Սակայն, երբ տեսանք, թե ինչ է կատարվում դռան ետևում, որոշեցինք, որ ավելի լավ է տանը իմանան, թե մենք մեռել ենք, քան թե իսկականից մեռնենք: Վրանի ներսում ջերմաստիճանը -1°C-էր, դուրսը՝ անդադար բուք ու բորան: Անընդհատ թափ էինք տալիս ձյունը վրանի վրայից:

Առավոտը երբ արթնացանք, բուքը դեռ չէր կտրվել: Որոշեցինք, որ անիմաստ է սպասել եղանակի բացվելուն: Վճռեցինք հավաքվել ու շարժվել որքան էլ դա դժվար լինի: Այդպես սկսվեց երկրորդ օրը...

Օր երկրորդ

Հավաքեցինք ուսապարկերը, հագնվանք և դուրս եկանք վրանից: Գիշերվա ընթացքում, այդ բուք ու բորանի ժամանակ, մոտ 1 մ ձյուն էր դրել: Մի կերպ ձյուն փորելով հանեցինք լեդոռուբներն ու քայլելու փայտիկների մի մասը: Կապելով դրանք ուսապարկերին՝ միաժամանակ քննարկում էինք, թե ինչպես ենք ծալելու վրանը: Այդ ահավոր եղանակին ցանկություն է առաջանում արագ հավաքվել և իջնել որքան հնարավոր է շուտ:

Եվ հանկարծ... Ո-ո-ո-ոնց, ինչու-ու-ու-ու... Այդ ի՞նչ է կատարվում... Քամին բարձրացնում է այդ հսկայական վրանն ու տոպրակի պես քշում տանում է: Փորձում ենք վազել ետևից, խրվում ենք ձյան մեջ ու ընկնում գետնին: Վայրկյանների ընթացքում, վրանը կորում է տեսադաշտից: Վերցրեցինք փայտերն ու լեդոռումները և գնացինք՝ վրանը բերելու: Հույս ունեինք, որ այն կանգնել է բլուրի ետևը: Անցնելով մոտ 1 կմ, հասանք բլուրին և տեսանք, հեռու-հեռու, հազիվ նշմարվող մի գազարագույն կետ:

Այն, ինչ մնացել է վրանից...

Այդ կետը վերև-ներքև գնալով շարունակում էր հեռանալ...

Երբ ետ էինք գալիս ուսապարկերի մոտ, հասկացանք, թե ինչքան շատ ու արագ էինք գնացել վրանի ետևից: Ահավոր անտրամադիր՝ չէինք հավատում ընդհանրապես, թե ինչ կատարվեց այդ մեկ ակնթարթում: Տրամադրում էինք մեզ բնավ չմտածել նյութական կորստի մասին, ամեն ինչ կարող էր լինել ավելի վատ, և այլն, և այլն... Ցավալին կորուստը չէր, այլ այն էր, որ դա եղավ մեր հիմար սխալի պատճառով: Այդ ժամանակ դեռ չէինք ակնկալում, որ վրանի կորուստը բախտորոշիչ է մեր հետագա պլանների համար:

Այդպես մտանք երկրորդ օրվա երկրորդ փուլ...

*  *  *

Մի փոքր շարժվելով, կապը հայտնվեց: Անմիջապես զանգեցինք Դավիթին, հայտնեցինք մեր կոորդինատները և ասացինք, որ ամեն ինչ նորմալ է: Ժ. 11:45-էր. եթե կապ չտայինք, 15ր-ից դուրս էին գալու մեր ետևից: Հանգստանալով, որ մեր մասին տեղյակ են, սկսեցինք իջնել:

Մտածում էինք, որ իջնելու ենք ավելի շուտ քան բարձրացել ենք: Իհարկե հիշում էինք, որ գիշերը ձյուն է եկել, և այլևս չենք գնալու այդքան հանգիստ, որքան բուռանի բացած ճանապարհով էր: Բայց և այնպես շատ թերագնահատեցինք ձյան ավելանալու փաստը... Իջնելու ժամանակ, մենք ընկանք մի սարսափելի ձյան ճահիճի մեջ...

Ամեն քայլին խրվում էինք ծնկներից վերև: Որոշ հատվածների վրա՝ մինչև գոտկատեղ և մինչև կուրծք: Խրվում ես մինչև կուրծք, մինչև թևատակ և զգում ես, որ խրված ոտքդ հատակին չի հասել, կախված է մնացել: Մի կերպ, ծնկներով, արմունկներով ու դոշով հանում ես քեզ ու քո ծանր ուսապարկը: Դուրս ես գալիս ու նորից խրվում: Ամբողջ մարմնով ձյուն փորելով առաջ էինք գնում:

Հանեցինք ուսապարկերը և սկսեցինք ձյան վրա քաշ տալ: Դա զգալի հեշտացրեց գործը: Սակայն, երբ արդեն ժ. 17:00-ն էր, իսկ մենք դեռ չէինք հասել նույնիսկ Ամբերդի խաչմերուկին, միարժեքորեն որոշեցինք թողնել ուսապարկերը և արագ շարժվել ներքև: Գիշերը մոտենում էր, իսկ մենք գիշերակացի հնարավորություն չունեինք... Վերցրեցինք անհրաժեշտ գույքը, թաղեցինք ուսապարկերը և շարունակեցինք իջնել: Այդպես՝ մի կերպ հասանք Ամբերդի խաչմերուկին:

Այն, ինչ մնացել է հսկա ուսապարկերից...

Արդեն մթնում էր: Սպասվում էր, որ արևը մայր մտնելուն պես, եղանակը կսկսի վատանալ: Սակայն դեռ այդպես չէր. մտածեցինք՝ եղանակը մեր օգտին է: Զանգվեցինք տան հետ, ասացինք, որ ամեն ինչ լավ է: Բայց շուտ ուրախացանք: Այդ ժամանակ սկսվեց ամենասարսափելին...

Մի սարսափելի, սարսափելի բուք... Ուժեղ քամի... Մանր սառույցների մի հսկայական զանգված ահավոր ուժով փորձում է քեզ սպանել ու թաղել տեղնուտեղը: Սառույցի կատաղի հոսանքները դուրս են գալիս բլուրների ետևից ու գալիս են քո վրա: Երեսից ամեն րոպե մեծ-մեծ սառույցի կտորներ են ընկնում: Նայելն ընդհանրապես անհնար է: Թարթիչների վրա այնքան սառույց է, որ հազիվ ես բացում-փակում աչքերը: Ակնոց չէինք կարող դնել, որովհետև արդեն մութ էր, իսկ մեզ պետք էր գոնե մեկընդմեջ իրար տեսնել:

Ոչինչ չես կարող անել, ոչ մի տեղ չես կարող փախչել: Վայրենիի նման գոռում էինք, իրար անուններն էինք տալիս: «Արամ, էս ինչա ...», «Դանյա ուրես ...»: Ոգևորում էինք միմյանց: Միարժեք վճռել էինք, որ սարում կմնանք միայն մեր վերջին հնարավոր քայլը անելուց հետո: Թեքելով երեսը քամուն հակառակ, ոտքերի տակ նայելով առաջ էինք գնում: Այդ ամենին գումարվում էր ձյան մեջ խրվելն ու մի կերպ դուրս գալը:

Այլևս չէինք մտածում ձեռքերն ու ոտքերը սառցնելու մասին, քանի որ նախ չէինք զգում բնավ, երկրորդը՝ ավելի կարևոր մտածելու բան ունեինք... Մի կերպ փորձում էինք կապ տալ և օգնություն կանչել, բայց կապ չկար: Կապ տալու ժամանակ կանգնում էինք ու շատ էինք սառում: Հասկացանք, որ ևս մի քանի հատ կապ տալու փորձ և մի գուցե արդեն իմաստ չունենար մեր ետևից գալ: Որոշեցինք անդադար իջնել, որքան հնարավոր է շուտ:

Արդեն գիշեր էր: Գազանների մասին ընդհանրապես մոռացել էինք, ինչից ամենաշատն էինք վախենում սկզբից: Անցանք գայլերի հետքերի մոտով, որից հետո ամեն մի խոտ, ամեն մի ձյան շողք սկսեց գայլի նմանվել: Հեռվում երևում էին Երևանի լույսերը: Մտածում էինք՝ միթե պետք է մեռնենք Երևանի լույսերը տեսնելով...

Մոտ կես ժամ մեզ տանջամահ անելով՝ բուքը դադարեց: 2 կմ էր մնացել միչև մետեոկայան: Վերջապես հայտնվեց կապը: Սակայն մեր վիճակը անհամեմատ ավելի մեղմ էր, քան րոպեներ առաջ: Որոշեցինք ամեն դեպքում զանգել և ասել, թե որտեղ ենք: Սակայն տեղյակ չէինք, որ օգնությունն արդեն վաղուց շարժվել էր մեզ ընդառաջ:

Քիչ անց լույսեր տեսանք հեռվում, այնուհետև լսվեց Դավիթի ձայնը: Դավիթն ու ձաձ Սամվելն էին, եկել էին մեզ փրկելու: Գրկախառնվանք, թեյ տվեցին մեզ, վերցրեցին մեր բեռը, և միասին իջանք ներքև:

Նկարիչը մեր երկրորդ փրկարար՝ Դավիթն է:

*  *  *

Մեր փրկարարները զարմանալիորեն ճիշտ կռահել էին մեր բոլոր քայլերը: Թերի տեղեկություններ ստանալու պատճառով, նրանք չգիտեին սակայն, որ մենք չունենք գիշերակացի հնարավորություն: Իսկ դա ամենակարևորն էր տվյալ պարագայում: Այնուամենայնիվ, բարեհաջող վերադարձանք տուն:

Բայց շատ գեղեցիկ է...


Share |
Վերադառնալ
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ