Աղցք (Աղձք) գյուղը գտնվում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգում (այժմ Արագածոտնի մարզում)։ Այն հայտնի է IVդ. կեսերին կառուցված դամբարանով, ուր ամփոփված են հեթանոս և քրիստոնյա հայ Արշակունի թագավորների աճյունները։ Փավստոս Բուզանդի վկայությամբ պարսից Շապուհ II արքան, գրավելով Անի-Կամախը, բացել է այնտեղ թաղված հայ թագավորների գերեզմանները և փորձել աճյունները Պարսկաստան փոխադրել, որովհետև հեթանոս պարսիկների պատկերացմամբ այդ թագավորների ոսկորների հետ միասին իրենց աշխարհը կփոխադրեին նրանց «փառքը, բախտն ու քաջությունը»։ Սակայն Վասակ Մամիկոնյան սպարապետը, Այրարատում հաղթելով պարսիկներին, խլել է այդ մասունքներն ու թաղել Աղցքում։
Պահպանվել է խաչաձև հատակագիծ ունեցող քարաշեն երկհարկանի գետնափոր դամբարանի ստորերկրյա մասը (երկարությունը՝ 3,75մ, լայնությունը՝ 2,65մ, բարձրությունը՝ 2,60մ)։ Արևմտյան մուտքի երկու կողմերի և ուղղանկյուն խորշերի ճակատների քարերը ծածկված են քրիստոնեական վաղ շրջանի զարդաքանդակներով (առյուծ, շուն, եղջերու, վարազ, այծյամ, ցուլ և այլն)։