Ախթալա քաղաքում, ժայռապատ խոր ձորերով եզերված հրվանդանի վրա է նշանավոր ամրոցն ու Սբ. Աստվածածին եկեղեցին:
Քաղաքում պահպանվել են բազմաթիվ նշանավոր հուշարձաններ: Ս.Գևորգ բլրի շրջակայքում հայտնաբերվել և պեղվել է 210 քարարկղային դամբարան։ Հայտնաբերված իրերը վերաբերվում են մ.թ.ա. VIII-VI դդ.: Ախթալայի մյուս հուշարձաններից են Ս.Երրորդության վանքը՝ բաղկացած երկու եկեղեցուց, երկու մատուռից, Առաքելոց կամ Ս.Գևորգ եկեղեցին (XIIIդ.) և Ախթալայի ամրոցից դեպի արևմուտք գտնվող զույգ եկեղեցիները (XIIIդ.):
Վաղ միջնադարում բնակավայրը կոչվել է Ագարակ, XII–XIII դդ. Պղնձահանք, իսկ Ախթալա անվանումն ստացել է ուշ միջնադարում:
Սուրբ Աստվածածին վանք
Սբ. Աստվածածին վանքը եղել է Հայաստանի ամենախոշոր քաղկեդոնիկ վանքը, XII–XIII դդ. կատարել է հոգևոր, կրթական ու մշակութային զգալի դեր:
XIII դ. Իվանե Ա Զաքարյանը վանքը վերածվել է քաղկեդոնիկ մենաստանի: Պղնձահանքը դարձել է Գուգարքի վրացադավան հայերի կրոնական կենտրոն, հայ-վրացական կրթարան: Վանքում XIII դ. գործել է Սիմեոն Պղնձահանեցին: Վանքում հավասարապես ուսումնասիրվել է հայկական և վրացական մատենագրություն:
Պատմիչ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ, Իվանե Ա Զաքարյանն այստեղ է պահել իշխան Վասակ Պռոշյանի ընծայած Օրբելյանների Աստվածընկալ Սուրբ Խաչը, որն էլ Իվանե Ա-ն 1216-ին նվիրել է Նորավանքին:
Պատմիչներ Վարդան Արևելցու և Կիրակոս Գանձակեցու վկայությամբ, 1227-ին վանքում՝ իր իսկ կառուցած եկեղեցու դիմաց է թաղվել Իվանե Ա-ն: 1250-ին վանքում, հոր կողքին է թաղվել նաև Իվանեի որդի Ավագ Զաքարյանը:
Վանքի տարածքը X դ.-ում, Կյուրիկյան Բագրատունիների օրոք, շրջապատվել է բրգավոր պարսպով: Ամրոցի պատերը ձգվում են հյուսիսից հարավ, հրվանդանի ամբողջ պարագծով: Գլխավոր մուտքը հյուսիսից է. դա մի հզոր, մեծ դարպաս է: Երկու կողմերից բարձրանում են բրգանման եռահարկ աշտարակներ։ Պատերը շարված են բազալտի խոշոր, սեպաձև քարերով` կապակցված ամուր կրաշաղախով:
1976–78-ին վանքը մասնակի վերանորոգվել է: Գետնափոր ուղիներում կարելի է նկատել կոյուղու մնացորդներ:
Վանքի գլխավոր՝ Ս. Աստվածածին եկեղեցին (XIII դ.)
Գլխավեր եկեղեցին գտնվում է ամրոցի կենտրոնում և ունի գմբեթավոր հորինվածք (գմբեթը չի պահպանվել): Հարուստ է քանդակներով և որմնանկարներով: Եկեղեցու աղոթասրահն արևելքում ավարտվում է Ավագ խորանով, որի երկու կողմերում կրկնահարկ ավանդատներն են:
Եկեղեցու ճակատների հարդարանքում առանձնանում են զույգ պատուհանների միջից բարձրացող մեծադիր քանդակազարդ խաչերն ու շքամուտքերը: Արևելյան ճակատը մշակված է եռանկյունաձև հայկական խորշերով:
Սբ. Աստվածածին եկեղեցուն արևելքից կցված են սրահ և փոքր, արտաքին հարուստ դեկորատիվ հարդարանքով եկեղեցի (XIII դ.): Վանքի բակի հյուսիս-արևմտյան կողմում կանգուն է ևս մեկ եկեղեցի (XIII դ.): Վանքն ունեցել է բնակելի և տնտեսական շինություններ, որոնցից պահպանվել են արևելյան պարսպին հարող երկհարկ կառույցի պատերը:
Ս. Աստվածածին եկեղեցու ներսն ամբողջությամբ (բացի հյուսիսարևմտյան մասից) նկարազարդված է: Պատերը, մույթերը, կամարները, խորանը ծածկված են Հին ու Նոր կտակարանների առանձին դրվագներ պատկերող երկշերտ բարձրարվեստ որմնանկարներով (XIIIդ.):
Խորանի գմբեթարդին Աստվածածինն է՝ գահին նստած, նրանից ցած՝ Հաղորդություն տեսարանն է, ներքևում՝ երկու շարքով, ողջ հասակով սրբերը (Բարսեղ Մեծը, Հռոմի Սեղբեստրոս պապը, Հակոբ Մծբնացին, Գրիգոր Ա Լուսավորիչը, Եվսեբիոս Կեսարացին և այլն):
Հյուսիսային պատի վերին մասում Աստվածածնի պատկերագրության երեք դրվագներն են, եկեղեցու հարավարևմտյան կողմը նվիրված է Ս. Հովհաննես Մկրտչին: Սյուներին, միջնապատերին, կամարներին տարբեր սրբերի դիմապատկերներն են, որոնց շարքում առավել տպավորիչ են սյունակյացները:
Արտակարգ բազմազան են զարդանկարները: Տարբեր տոնայնությամբ ու հնչեղ գույները, կապույտ ֆոնի հետ զուգակցված, ուժեղացնում են որմնանկարների հանդիսավորությունը և ճոխությունը: Որմնանկարների ստորին շերտը, ավետարանական թեմաներով, անմիջական աղերս ունի XI դ. հայկական մանրանկարչության, հատկապես Մողնու Ավետարանի պատկերազարդման հետ: Այդ նմանությունն արտահայտվում է ոչ միայն որմնանկարների պատկերագրության մեջ, այլև մանրամասներում (դեմքերում, հագուստում և այլն):
Իսկ որմնանկարների վերին շերտը ոճով մոտ է բյուզանդական արվեստին: Հայկական մանրանկարչության հետ ոճական ընդհանրությունները, վրացական և հունական արձանագրությունները վկայում են, որ վանքի որմնանկարները կատարել են քաղկեդոնական հայ նկարիչներ: