Ամբերդը միջնադարյան բերդաքաղաք և ամրոց է։ Կառուցվել է Xդ. պատմական Արագածոտն գավառում` Բյուրական գյուղից 7կմ հյուսիս, Արագած լեռան հարավային լանջին: Այն դիրք է գրավում Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում` եռանկյունաձև հրվանդանին, 2300մ բարձրության վրա։ Դղյակը և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են VIIդ., Կամսարականների օրոք։ Xդ. պատկանում էր Պահլավունի իշխաններին և Բագրատունիների թագավորության ռազմապաշտպանական կարևոր հենակետերից էր։ XIդ. 70-ական թթ. սելջուկները գրավեցին այն և դարձրեցին զորակայան։ 1196թ-ին Զաքարե ամիրսպասալարը Ամբերդը ազատագրեց սելջուկներից։ Ամրոցը` որպես սեփականություն, անցավ նրան։ XIIIդ. սկզբին Ամբերդը դարձավ Զաքարյանների գործակալ Վաչուտյանների վարչական կենտրոնը։ 1236թ-ին մոնղոլները գրավեցին և գրեթե հիմնովին ավերեցին Ամբերդը։ XIIIդ. վերջին Վաչուտյանները վերակառուցեցին ամրոցը։
Պահպանվել են Ամբերդի դղյակի ավերակները, բերդապարիսպը, եկեղեցին, բաղնիքը և մի քանի այլ կառույցների մնացորդներ։ Բերդն ունեցել է անկանոն եռանկյունու ձև։ Խոցելի հատվածներում եղել են բուրգերով ամրացված պարիսպներ։ Բերդապարիսպի բուրգերը կառուցվել են տեղանքի առանձնահատկություններից ելնելով, և ճանապարհների նկատմամբ մուտքերի հաշվենկատ դիրքավորման հետ ստեղծել են պաշտպանական անառիկ մի համակարգ։ XIIIդ. վերջին Վաչուտյանները դղյակի հյուսիս-արևմտյան մասում ավելացրել են մի նոր մուտք և թշնամու առաջխաղացումը արգելակելու նպատակով Արխաշանի դարպասից հյուսիս կառուցել պարիսպ, որը կտրում անցնում է բերդն ամբողջ լայնությամբ։ Արտաքուստ անմատչելի ամրոց հիշեցնող եռահարկ դղյակը տեղադրվել է բերդաքաղաքի հյուսիս-արևմտյան, ամենաբարձր և միակ մատչելի մասում և ընդգրկել մոտ 1500ք.մ մակերես։ XII-XIIIդդ. հյուսիսային կողմը լրացուցիչ ամրացվել է կիսաբոլոր բուրգերով հագեցված հզոր պարսպով։ Բերդամեջ նայող դղյակի հարավային ճակատի վրա պահպանվել են վերին հարկերի լուսամուտների բացվածքները։ Ապահովության համար ստորին հարկը լուսամուտներ չի ունեցել, այլ փոքրիկ մի մուտք, որը փակվել է սողնակավոր քարե դռնով։ Դղյակի հարկերը միմյանցից բաժանվել են գերանների վրա գամած տախտակներով։ Յուրաքանչյուր հարկ ունեցել է հատակագծում սեղանաձև սենյակ։
Ամբերդի եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին 1026թ-ին։ Առաջին եկեղեցիներից է, որոնք խաչթևերի չորս անկյուններում ունեն կրկնահարկ ավանդատներ։ Ծածկի ծանրությունը թեթևացնելու նպատակով տանիքի տարբեր մասերում լիցքի մեջ տեղադրվել են կավե թրծված կարասներ։ Եկեղեցին ունի մի քանի արձանագրություններ, որոնցից մեկը` կառուցման վերաբերյալ (ներսում, հյուսիսային պատի վրա)։
Դղյակից հարավ, արևելյան պարսպի մոտ գտնվում է ամրոցի լավ պահպանված բաղնիքը (X-XIդդ.), որը թաղածածկ քարե շենք է` փոքրիկ հանդերձարանով, համեմատաբար ընդարձակ լողասրահով, արևմտյան ծայրի կրկնահարկ բաժանմունքներով, որոնցում տեղակայված են եղել ջուր տաքացնելու կաթսան ու ջրամբարը։ Ջուրը բաղնիք է բերվել կավե փողրակներով, իսկ տաք ջուրը լողասրահ` երկաթե խողովակներով։ Հնոցի ծուխը, անցնելով հատակի տակով, դուրս է եկել պատերի ծխնելույզներով` տաքացնելով լողասրահի հատակն ու պատերը։ Ամբերդի ջուրը 4-5կմ հեռավորությունից բերվել է կավե խողովակներով։ Դղյակում և բերդամիջում պահպանվել են ջրամբարներ։ Բերդաքաղաքի հարավ-արևմտյան կողմից բացվել է սալածածկ գաղտնուղի (գետնուղի) պաշարման ժամանակ ջուր վերցնելու համար։ Բաղնիքի մոտ պահպանվել են փոքրիկ մատուռի ավերակներ։
Ամբերդի պեղումները երևան են բերել մետաղե իրեր, զենքեր, զարդեր, խեցեղեն, ապակի, դրամներ և այլն, որոնք խիստ արժեքավոր են միջնադարյան Հայաստանի տնտեսական, ռազմական և մշակութային կյանքի հարցերի ուսումնասիրման համար։