Արենին հին և նշանավոր գյուղ էր Սյունիքի Վայոց Ձոր գավառում։ Եղել է Արաքսի հովտից Սևանի ավազան և Ջանգեզուր անցնող բանուկ ճանապարհի հանգուցակետ ու Շարուրի դաշտից Վայոց Ձոր մտնող կիրճը փակող ռազմական հենակետ։ Գյուղը հնում գտնվել է այժմյան Արենիից (Վայոց Ձորի մարզ) արևմուտք, բլրի վրա (պահպանվել են ավերակները)։ XIIIդ. Օրբելյան Տարսայիճ իշխանը Սյունիքի իշխանանիստ կենտրոնը Եղեգիս ավանից փոխադրել է Արենի։
Գյուղի արևելյան եզրին՝ բարձունքի վրա, գտնվում է Ս.Աստվածածին եկեղեցին։ Համաձայն շինարարական արձանագրության, կառուցել է ճարտարապետ-քանդակագործ ու նկարիչ Մոմիկը 1321թ.-ին։ Եկեղեցու արևմտյան մուտքի բարավորի զարդաքանդակի կենտրոնում տեղադրված է Տիրամայրը՝ մանուկ Հիսուսը գրկին։ Տիրամայրը պատկերված է ռեալիստորեն, ժամանակի տարազով։ Բարավորի ողջ մակերեսը մշակված է որթատունկի ոճավորված զարդաքանդակներով։ Միակտուր առագաստների վրա քանդակված են ավետարանիչների պատկերները՝ մարդու, առյուծի, թռչունի և ցուլի կերպարանքներով։ Եկեղեցու մոտ գտնվում են Տարսայիճ իշխանի ապարանքի ավերակները։
Արենիից 1կմ հյուսիս-արևելք, գետի հին հունի վրա, պահպանվել են լայնաթռիչք չորսկամարանի կամրջի (XIIIդ.) մնացորդները։ Կամուրջը կառուցել է Նորավանքի (Ամաղու) առաջնորդ Սարգիս եպիսկոպոսը (1265-1287թթ.)։ Նույն տեղում նկատվում են ավելի հին կամրջի հետքեր: