Բջնի գյուղի տեսարժան վայրերը

Կոտայք
Ամրոցը՝ X դ., Ս.Աստվածածին եկեղեցին՝ 1031 թ.:

Բջնի գյուղն առաջին անգամ հիշատակվում է Vդ., Ղազար Փարպեցու «Պատմություն Հայոց»-ում։

Սկսած Xդ., Պահլավունիների օրոք, Բջնիի քաղաքական դերը մեծացավ։ XI դարից Բջնին հիշվում է որպես բերդաքաղաք։ Այս շրջանում Բջնին Վասակ-Հոլում Պահլավունու նստավայրն էր։ Վերջինս վերաշինեց ամրոցը և 1020-ական թթ. ետ մղեց Բջնիի վրա հարձակում գործած քոչվոր ցեղերին։ Բջնին դարձավ Հայաստանի չորս եպիսկոպոսական աթոռանիստներից մեկը, որին վերապահված էր կաթողիկոսի ընտրությունը։ Այստեղ 1066թ.-ին տեղի ունեցան կաթողիկոսական ընտրություններ։

1072թ.-ից Բջնին ընկավ թուրք-սելջուկների գերիշխանության տակ, ենթարկվեց ավերների ու կողոպուտի։ 1201թ.-ին հայոց զորքերը գրավեցին Բջնին, և այն դրվեց Զաքարյանների իրավասության ներքո, ապա դարձավ Աթաբեկ Զաքարյան Ավագի աթոռանիստը։ 1386թ.-ին Բջնին ենթարկվեց Լենկթեմուրի հրոսակների ասպատակությանը։ XIII-XIVդդ. Բջնիում էր նստում Այրարատյան նահանգի արքեպիսկոպոսը, որը Արևելյան Հայաստանի չորս գերագահ եպիսկոպոսներից մեկն էր, և որի ձայնը վճռական նշանակություն ուներ կաթողիկոսական ընտրությունների ժամանակ։

Բջնին հայ գրչության օջախներից էր։ 1478թ.-ին գրված մի Ավետարանի հիշատակարանում Բջնին հիշատակվում է «աստվածաբնակ և անառիկ դղյակ Բջնի» ձևով։ Հին քաղաքի ավերակները գտնվում են Հրազդան գետի աջ ափին, բարձրադիր սարահարթի վրա։

Բջնիի արևելյան մասում, բլրի գագաթին, սրբատաշ տուֆից VIIդ. կառուցվել է Ս.Սարգիս գմբեթավոր խաչաձև եկեղեցին։ Իր արտակարգ փոքր չափերի հետևանքով (Հայաստանի նույնատիպ եկեղեցիներից ամենափոքրն է) կոնստրուկցիաները խիստ պարզեցված են։

Սարահարթի վրա Պահլավունի իշխանները X-XIդդ. հիմնել են մի բերդ, որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։ Բերդը հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից պաշտպանված է վերձիգ ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ բրգավոր հենապատ-պարսպապատով, որն այժմ կիսավեր է։ Բերդում բազմաթիվ շենքերի ավերակներն ու հետքեր են մնացել։ Բջնի բերդի տիրակալն էր Վասակ Պահլավունին, որի որդին՝ Գրիգոր Մագիստրոսը, 1031թ.-ին կառուցել է Ս.Աստվածածին եկեղեցին (այժմ էլ կանգուն)։ Եկեղեցու յուրօրինակ տարրերից են՝ ներսում 5մ բարձրության վրա պատերի երկայնքով ձգված բարձակային քարե դարակները։ Ենթադրվում է, որ այստեղ են դրվել Բջնիի վանքում գրված բազմաթիվ ձեռագրերը։

Եկեղեցուն հարավից կցված է թաղածածկ մատուռ (XIIIդ.), որի արևմտյան պատի խորշում կանգնեցված է մեծ խաչքար։ Բջնիում ստեղծագործել են նշանավոր քարգործ վարպետներ, այդ մասին վկայում է արևելյան պատի դիմաց կանգնեցված բարձրարվեստ խաչքարերը։ Եկեղեցին XVIIդ. ուղղանկյուն պարագծով պարսպապատվել է: Վերանորոգվել է 1947թ.-ին։ Եկեղեցու որմերն ունեն արձանագրություններ։

Բջնիի ուշագրավ վայրերից մեկը Ծակքար կոչվող ժայռն է, որն իսկապես բնության հրաշքներից է: Դա մի վիթխարի բնական կամար է, որը բացված է ձորի երկայնքով ձգված ժայռերի մեջ:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ