Վանք-ամրոցը գտնվում է Արցախի Ասկերանի շրջանում` Ննգի գյուղի անտառներում՝ Բովուրխան լեռան հյուսիսային լանջին:
Այն հիմնել է Շախնազարյանների իշխանական տոհմի նշանավոր մելիք` Վարանդայի իշխան Բաղրը: Նա իշխել է XVIIդ. առաջին կեսին մինչև 1646թ.: Սարը և վանք-ամրոցը մելիքի անունով կոչվել է Բաղրխան: Անվանումը հետագայում վերափոխվել և դարձել է Բուրուխան, Բովրխան, Բովուրխան:
Համալիրը բաղկացած է եկեղեցուց, բնակելի, տնտեսական ու արտադրական շինություններից և շրջապատված է պարիսպներով ու աշտարակներով: Համեմատաբար լավ է պահպանվել արևելյան մասում գտնվող եկեղեցին: Բոլոր տվյալները ցույց են տալիս, որ եկեղեցին կառուցվել էր XVIIդ.:
Վանքային համալիրում պարիսպը ընդգրկում է 40x18,5մ մակերեսով տարածք: Ամրոցը ունեցել է ջրմուղ և դեպի Ննգի գյուղը տանող գաղտնուղի:
Բովրխան լեռան ստորոտում գտնվում են վանքի աղբյուրը և ամրոցի պաշտպանական համակարգի մեջ մտնող չորս դիտակետ, Լեռի-խաչ և Անահիտ մատուռները:
Բովուրխանը հանդիսանում էր պաշտամունքային կենտրոն և Վարանդայի մելիքության ամառային նստավայրը: Բացի դրանից, XVIIIդ. առաջին կեսին այստեղ տեղակայված էր Քարքարի կայազորը: