Բյուրական անունը գալիս է «բյուր»՝ 10 000 և «ակն»՝ «աղբյուր» բառերից:
Գյուղի մասին առաջին գրավոր հիշատակությունը թողել է Xդ. պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը, որը, գնելով Բյուրականը, դարձրել է իր դաստակերտը, այնտեղ կառուցել եկեղեցի (Ս.Հովհաննես) և հաստատել կուսակրոնների միաբանություն։ Պատմագիրը հիշատակում է նաև Բյուրականի ամրոցը, ուր ինքը փորձել է պատսպարվել արաբական Նըսըր ոստիկանի հետապնդումներից, սակայն տեղեկանալով, որ արաբները մոտենում են, փախել է Բագարան։ Բյուրականի բնակիչները 7 օր դիմադրել են, սակայն արաբները խուժել են ամրոց, սրի քաշել մոտ 200 մարդու և գերեվարել շատերին։ Նըսըրը, զգալով իր արարքի անարդարացիությունը, անսպասելիորեն ազատել է գերիներին։
Բյուրականում է գտնվում Ս.Հովհաննես թաղածածկ դահլիճ տիպի եկեղեցին, որը կառուցվել է Xդ. առաջին քառորդին։ Արևելյան ճակատը մշակված է խոյակավոր որմնասյունակամարաշարով։ Մշակման այս ձևը հնագույններից է և Սանահինի ու Անիի Մայր տաճարի ճակատների մշակման սկզբնատիպն է։ Ուշ միջնադարում վերանորոգվել են Ս.Հովհաննես եկեղեցու թաղածածկը և ավանդատները, հյուսիսից և արևմուտքից կրկնակի պատեր են կառուցվել։ Հատակագծային հորինվածքով, հարդարանքի մեկնաբանությամբ յուրօրինակ տաճարը բազմաթիվ տարրերով առնչվում է Հայաստանի IV-VIIդդ. ճարտարապետությանը։ Դեռևս XIXդ. եկեղեցու երկու կողմերում եղել են մեկական մատուռ, որոնցից մեկում կատարել են կրոնական արարողություններ, բայց 1841թ.-ին եկեղեցու քանդված թաղածածկը վերանորոգելուց հետո արարողությունները կատարել են այնտեղ։ XVIIդ. Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը Բյուրականը դարձրեց Էջմիածնի սեփականությունը։ 1835թ.-ին ռուս վերակացուները Բյուրականից արևելք կառուցեցին ամառանոց, իսկ 1874թ.-ին Գևորգ Դ կաթողիկոսը հիմնեց հայրապետական իր ամառանոցը և փայտե տախտակի վրա գրեց հիշատակարան։
Մոտ 1900թ.-ին Բյուրականի մոտ գտնվել է մի կոթող, որը, ենթադրվում է, Արտաշես Ա-ի կողմից դրված սահմանաքարերից մեկն է (մ.թ.ա. IIդ.)։
1929թ.-ին Բյուրականի մոտ` Աղվեսաձոր կոչված վայրում, հայտնաբերված դամբարանից հանվել են հարուստ նյութեր (զենքեր, գործիքներ, կավե ամաններ, զարդեր և այլն)։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են նաև Ամբերդ ամրոցը, Արտավազիկ եկեղեցին (VIIդ.), խաչքարերով գերեզմանատներ և այլն։