Գոշավանք (Նոր Գետիկ) վանքային համալիր

Տավուշ
1188 թ.

Տավուշի մարզի Գոշ գյուղում, Գետիկ գետի վտակի ափին, գտնվում է XII-XIIIդդ. կրոնական, կրթական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը` Նոր Գետիկ (Գոշավանք) վանքային համալիրը։

Երկրաշարժից փլված Գետիկ վանքի փոխարեն 1188թ.-ին իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ հիմնադրել է նշանավոր օրենսդիր, դավանաբան Մխիթար Գոշը` անվանելով Նոր Գետիկ։ Գոշի մահվանից հետո (1213թ.) նրա անվամբ կոչվել է Գոշավանք։

Գոշավանքը պատմական աղբյուրներում անվանվել է` վարժարան, վարժապետարան, համալսարան, ճեմարան։ Ուսուցվել են հայոց և օտար լեզուներ (հունարեն, լատիներեն), քերականություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, երաժշտություն, գրչության արվեստ, նկարչություն։ Այստեղ են կրթվել և գործել մշակույթի նշանավոր գործիչներ Վանական Վարդապետը և Կիրակոս Գանձակեցին, որոնք հետագայում իրենց հիմնած դպրոցներում շարունակել են Գոշավանքի ավանդները։ Այստեղ պահվել և ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր։ Վանքն ունեցել է այգիներ, ջրաղացներ, գյուղեր, վարելահողեր, անտառներ, ամառանոցներ։

Համալիրի կազմում պահպանվել են Ս.Աստվածածին, Ս.Գրիգոր եկեղեցիները, գավիթը, Գ.Լուսավորիչ և երկու փոքրաչափ այլ մատուռները, երկհարկանի գրատուն-զանգակատունը, ժամատան ավերակներ, խաչքարեր, փոքր շինությունների հիմքեր։ Շինությունների մեծ մասը (Ս.Աստվածածինը, գավիթը, Ս.Հռիփսիմե մատուռը և այլն), ըստ արձանագրությունների և Կիրակոս Գանձակեցու վկայության, կառուցել է «Հյուսն» մականունով Մխիթար վարպետը։

Գլխավոր եկեղեցին` Ս.Աստվածածինը (1191-1196թթ.), գմբեթավոր դահլիճ տիպի կառույց է, արևելքից երկու կրկնահարկ խորաններով, արևմուտքից և հյուսիսից` մուտքերով։ Արևելյան և հարավային պատերը մշակված են «հայկական խորշերով» (եռանկյունաձև կտրվածքի), հաստաբուն թմբուկը երիզված է նախշազարդ գոտիով։

Գավիթը (1197-1203թթ.) չորս սյուներով կենտրոնակազմ գավիթների հիմնական տիպին է պատկանում։ Արևելյան երկու անկյուններին ունի երկհարկանի խորաններ։ Գոշավանքի գավիթը ձևով և կառուցվածքային տարրերով, Սանահինից հետո, նշանավորում է իր տիպի զարգացման հաջորդ քայլը` նախապատրաստելով Հաղարծնի և Կեչառիսի նույնատիպ կառույցները։

Ս.Աստվածածնից հարավ, շատ մոտ կանգնած է նույնատիպ, բայց ավելի փոքր չափերի Ս.Գրիգոր եկեղեցին (ավարտվել է 1231թ.-ին), որի գմբեթը չի պահպանվել։ Գավթի հարավային պատին գրեթե կից է Ս.Գրիգոր Լուսավորիչ թաղածածկ դահլիճ-եկեղեցին (1237-1241թթ.), որը, չնայած փոքր չափերին, իր դեկորատիվ հարուստ հարդարանքով աչքի է ընկնում ընդհանուր առմամբ զուսպ մշակված համալիրի կառույցների շարքում։ Այստեղ դեկորատիվ որմնասյունակամարաշարը, որ քողարկում է կառույցի պարզագույն ծավալը, ինքնանպատակ զարդապատում չէ, այլ կերպար և ճարտարապետական նոր բովանդակություն ստեղծող արտահայտչամիջոց։ Իր հարդարանքով այս եկեղեցին միջնադարյան Հայաստանի դեկորատիվ արվեստի աչքի ընկնող կոթողներից է։

Գավթից հյուսիս, նրան կամարակապ միջանցքով հաղորդակից է երկհարկանի գրատուն-զանգակատունը։ Չտաշված մեծաչափ քարերով, փայտակերտ «վերնահարկերով» գրատունը և արևմուտքից նրա հետ ընդհանուր դռնով միջանցիկ ժամատունը, ըստ Կիրակոս Գանձակեցու, կառուցվել է Մարտիրոս վանահոր օրոք, մինչև 1241թ.-ը։ Հետագայում գրատան վրա կառուցվել է երկրորդ հարկը (1291թ., ճարտարապետներ` Գրիգոր և Զաքիոս), որը խորանանման փոքր աղոթարաններով կառույց է։ Մուտքը արևմուտքից է, ուր բարձրանում էին երկու կողմից` անկյուն կազմող բարձակային քարե աստիճաններով։ Ժամատունը հավանականորեն եղել է նաև գրչության սրահ, որտեղ ձեռագրեր են ստեղծվել։

Համալիրի բաղկացուցիչ մասն են կազմում գերեզմաններն ու խաչքարերը, որոնց թվում Պողոս վարպետի երեք «ասեղնագործ» խաչքարերը (Ս.Գրիգոր Լուսավորիչ մատուռի արևմտյան ճակատի մոտ տեղադրված երկու խաչքարերից մեկը 1935թ.-ին տեղափոխվել է Հայաստանի պատմության պետական թանգարան)։ Ըստ արձանագրության, խաչքարերից մեկը (տեղում կանգնած) ստեղծվել է 1291թ.-ին։

Վանքից ոչ հեռու, գյուղի հարավային մասում կան կառույցներ` Ս.Գևորգ գմբեթավոր փոքր եկեղեցին (1254թ.), Մխիթար Գոշի բնակարանի մնացորդները, նրա դամբարանը։

* * *

Ըստ ավանդույթի, երազում Մխիթար Գոշի մոտ է գալիս Աստվածը և ասում է. «Լսի´ր ուշադիր, Մխիթա´ր. յոթ տարին շարունակ լինելու են բերքառատ, որոնց ընթացքում անհրաժեշտ է ամբարվել, քանի որ հաջորդ յոթ տարին լինելու է երաշտ»: Լսելով Աստծուն` Մխիթարը վանքի միջոցներով ամբարներ սարքեց և ամբողջությամբ լցրեց ցորենով: Երբ հասավ օրհասական պահը, նա պատրաստեց մի աման` «գուշ», և այդ ամանով սկսեց բաշխել ժողովրդին հացահատիկը: Դրա համար, նա ժողովրդի կողմից ստացավ «Գուշ» կամ «Գոշ» մականունը:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ