Գտչավանք միջնադարյան վանքային համալիրը գտնվում է Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ։
Իբրև եպիսկոպոսանիստ՝ պատմական աղբյուրներում հիշատակվում է սկսած V դարից։ VIIIդ. վերջից համանուն բերդի հետ գտնվում էր Առանշահիկ իշխանական տոհմի Դիզակի ճյուղի հովանավորության ներքո։
Այժմյան համալիրի գլխավոր եկեղեցին կառուցել են Սարգիս և Վրթանես եպիսկոպոս եղբայրները, 1241թ.-ին։ Եկեղեցուն արևմուտքից կից է կիսամշակ բազալտից կառուցված թաղածածկ գավիթը, որը ծառայել է որպես իշխանական տոհմական տապանատուն։
Համալիրի հյուսիսային կողմում կանգուն է միանավ, թաղածածկ երկրորդ եկեղեցին, իսկ արևմտյան կողմում մնացել են բնակելի շինությունների և պարսպի ավերակները։ Վանքի համալիրը հարուստ է խաչքարերով, վիմական արձանագրություններով։ Պահպանվել են Գտիչի վանքում ստեղծված ձեռագրեր։