Ջուխտակ միջնադարյան վանքային համալիրը գտնվում է Դիլիջանից 3կմ հյուսիս-արևմուտք, անտառապատ լեռնալանջին։
Վիմագրական աղբյուրներում ավանդվում է Պետրոսի վանք, Գիշերավանք անվանումներով։ Կազմված է առանձին կանգնած զույգ եկեղեցիներից (այստեղից էլ «Ջուխտակ» անվանումը), որոնցից արևմտյանը` Ս.Աստվածածինը, ըստ շքամուտքի բարավորի արձանագրության, կառուցվել է 1201թ.-ին, վանքի առաջնորդ Հայրապետի ջանքերով։ Միանավ, թաղակապ, երկթեք տանիքով դահլիճ է` բեմի երկու կողմում նեղ ավանդատներով։ Հարուստ է վիմական արձանագրություններով (արևմտյան պատուհանի պսակի արձանագրությունում հիշատակվում է կառուցող վարպետի` Սարգսի անունը)։ Մուտքի երկու կողմում նրբին քանդակազարդերով խաչքարեր են։
Ջուխտակ վանքի երկրորդ` Ս.Գրիգոր եկեղեցին գմբեթավոր (պահպանվել է գմբեթի գլանաձև թմբուկի ստորին մասը) դահլիճ է, որի կիսաշրջանաձև աբսիդի երկու կողմում կրկնահարկ ավանդատներ են։ Կառուցման ժամանակը որոշակիացնող տվյալներ հայտնի չեն։ Ս.Աստվածածին եկեղեցու շինարարական արձանագրությունից ենթադրվում է, որ նրա կառուցման ժամանակ Ս.Գրիգորը արդեն կանգուն է եղել։ Երկու եկեղեցին էլ կառուցված են բաց դեղնավուն ֆելզիտի սրբատաշ բազմերանգ քարերից։ 1973-1977թթ.-ին կատարվել են Ս.Գրիգոր եկեղեցու վերանորոգման աշխատանքներ:
Ջուխտակ վանքի շուրջը տարածվում է միջնադարյան գերեզմանոց։