Կեչառիսի վանքային համալիրը միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոններից էր: Գտնվում է Ծաղկաձոր քաղաքի հյուսիս-արևմուտքում։ Կեչառիսում ապրել և գործել են ժամանակի խոշոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյանը, Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ։
Համալիրը կազմված է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից։ Գլխավոր՝ Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ըստ հարավային մուտքի վերևի արձանագրության, 1033թ.-ին կառուցել է Գրիգոր Մագիստրոսը։ Հորինվածքով գմբեթավոր դահլիճ է՝ բեմի երկու կողմերին երկհարկանի ավանդատներով։ Արտաքին հարդարանքը զուսպ է, արևելյան ճակատը մշակված է երկու «հայկական խորշերով», որոնցից լուսամուտներ են բացված դեպի բեմ։ Ողջ հորինվածքի վրա իշխում է 10,4մ տրամագծով գմբեթը։ Եկեղեցուն արևմուտքից կից է ուղղանկյուն հատակագծով (14,8մ×16,5մ), չորս սյուներով կենտրոնակազմ գավիթը (XIIդ. վերջ), որի կենտրոնական մասը ծածկված է երդիկավոր ութանիստ գմբեթով։ Ի տարբերություն ճակատների պարզության, ներսի հարդարանքը բավականին հարուստ է։
Գլխավոր եկեղեցուց հարավ գտնվում է սլացիկ համաչափություններով գմբեթավոր Ս.Նշան ոչ մեծ եկեղեցին։ Այն որոշակի թվագրված չէ, սակայն, ելնելով XIդ. ճարտարապետական բնորոշ ձևերից և այն պատմական տեղեկությունից, որ Գրիգոր Մագիստրոսը Կեչառիսում 1051թ.-ին ևս մեկ եկեղեցի է կառուցել, ենթադրվում է, որ վերջինս Ս.Նշանն է։
Երրորդ՝ Կաթողիկե եկեղեցին, որը կառուցել է իշխան Վասակ Խաղբակյանը 1203-1214թթ.-ին (հավանաբար՝ Վեցիկ վարդապետի ձեռքով), տեղադրված է համալիրի հարավային մասում, Ս.Նշանի կողքին։ Ուղղանկյուն, ներքուստ խաչաձև գմբեթավոր շենք է՝ չորս անկյուններում երկհարկանի ավանդատներով։ Կաթողիկեն իր հարդարանքով Կեչառիսի վանքի եկեղեցիներից ամենաշքեղն է։
Շինությունների հիմնական խմբից արևմուտք, 120 մ հեռու, կանգուն է վանքի չորրորդ՝ Ս.Հարություն փոքրիկ եկեղեցին, որը, ըստ շինարարական արձանագրության, կառուցվել է 1220թ.-ին։ Արևմտյան ճակատին կից գավիթը եկեղեցու հորինվածքի հետ արտաքինից մի ամբողջություն է կազմում։
Կեչառիսում կան XII-XIIIդդ. բազմաթիվ խաչքարեր, որոնք գունագեղություն են հաղորդում վանքային համալիրին՝ դառնալով նրա բաղկացուցիչ տարրերը։ Համալիրի կարևոր կառույցներից է Վեցիկ ճարտարապետի մահարձան-խաչքարը (XIIIդ.), որը կանգնեցրել են նրա ճարտարապետ եղբայրները։ Կեչառիսի վանքում են թաղված նաև սելջուկների դեմ մղված ճակատամարտում զոհված Ապիրատյան Գրիգոր իշխանը (1099թ.), Մեծ իշխան Պռոշը (1284թ.)։
Կեչառիսի վանքը ողջ կերպարով համահնչուն է շրջապատի բնապատկերին։