Լուսավորիչ կոչվող սրբատեղին գտնվում է Ննգի գյուղից արևելք` անտառապատ թմբի վրա: Այդ վայրում տեղի է ունեցել իրադարձություն, որը կապված է համայն հայության հոգևոր աշխարհի պատմության հետ:
IVդ.-ում այստեղ է կանգնել Գրիգոր Լուսավորիչը: Քրիստոնեության քարոզչության ժամանակ, Հայաստանով երկար շրջելուց հետո, նա հասավ այդ թմբին: Շրջվեց դեպի արևմուտք, նայեց իր անցած ճանապարհին ու տեսավ փարթամ, կանաչ անտառներ: Այնուհետև ուղղեց հայացքը դեպի արևելք, և իր արջև բացվեց մի չոր, անապատանման տարածություն: Այստեղ և Լուսավորիչը հասկացավ, որ կանգնած է այն երկրի սահմանին, որում նրան շնորհվել էր քարոզել քրիստոնեությունը:
Դարեր ի վեր, այդ թումբը ուխտատեղի է եղել ոչ միայն շրջակա գյուղերի, այլ ամբողջ տարածաշրջանի քրիստոնյա աշխարհի համար: 1811թ.-ին այստեղ կառուցվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը իրենից ներկայացնում է փոքր բազիլիկ կառույց: Եկեղեցու շուրջ պահպանվել են հին գերեզմանաքարեր:
Մինչ այժմ մարդիկ ուխտագնացության են գալիս այս վայրը, պատմում են երիտասարդ սերունդներին, թե ինչով է այն նշանավոր և որտեղից է գալիս «Լուսավորիչ» անվանումը: