Մակարավանք վանքային համալիր

Տավուշ
Գլխավոր եկեղեցին - 1205 թ.

Մակարավանք միջնադարյան վանքային համալիրը գտնվում է Տավուշի մարզի Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին։

Գլխավոր եկեղեցին, ըստ նրանից հարավ կանգնեցված խաչքարի արձանագրության, կառուցվել է 1205թ.-ին։ Արտաքինից ուղղանկյուն, ներսից խաչաձև, խորանի երկու կողմերում երկհարկ ավանդատներով գմբեթավոր հորինվածք ունի` կառուցված վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով (հյուսիս-արևմտյան խորշը հետագայում վերակառուցվել է ավանդատան)։ Հարավային և արևելյան ճակատները մշակված են եռանկյունաձև զույգ խորշերով (հյուսիսային պատի խորշերը ծածկվել են ավելի ուշ կառուցված գավթի ծավալով), գմբեթի (ծածկը քանդված է) կլոր թմբուկը զարդարված է զույգ կիսասյուների դեկորատիվ կամարաշարով։ Արևմտյան դուռն ունի ճոխ զարդաձևերով շքամուտք, որի ճակտոնապատը բազմագույն քարերի շախմատաձև շարվածքով է։ Գրեթե նույն ձևավորումն ունի գավթի մեջ բացվող հյուսիսային շքամուտքը։ Եկեղեցու հարավային պատի լուսամուտի տակ` ճանկերում հորթ բռնած արծվի բարձրաքանդակ է, որն ուշագրավ է կատարման մեծ վարպետությամբ։ Եկեղեցու լուսավոր և ընդարձակ ներսակողմում խիստ տպավորիչ է ու լուծումով ինքնատիպ խորանի հարդարանքը։ Աբսիդի կիսաշրջանաձև պատը զարդարված է 13 գոգավոր խորշերով` միմյանցից բաժանված կամարակապ զույգ որմնասյուներով։ Բեմի ճակատի ողջ մակերեսը ծածկված է միջնադարյան հայ արվեստի գլուխգործոցների թվին դասվող ութանկյուն աստղերի և ութանիստ բազմանկյունիների մեջ ներառված հարթաքանդակներով` երիզված հյուսկեն զարդերով կիսագլանաձև լայն շրջանակով։ Ուշագրավ է ութանկյուն աստղերի մշակումը։ Այստեղ հանդիպում են հուշկապարիկների, կենդանական և բուսական չկրկնվող զարդամոտիվներով հյուսկեն քանդակներ, աստվածաշնչյան թեմայով (Հովհանը կետի երախում) հարթաքանդակ և այլն։ Մակարավանքի ձկան քանդակներն իրենց պլաստիկայով և կատարման ռեալիստական ոճով զուգահեռներ չունեն միջնադարյան հայ արվեստում։ Աստղերից մեկի վրա կերտված է գործիքները ձեռքին եկեղեցու ճարտարապետի (և, անշուշտ, քանդակագործի) դիմաքանդակը և նրա անունը` «Երիտասարդ»։

Մակարավանքի երկրորդ` հնագույն եկեղեցին (X-XI դդ.) համալիրի հյուսիս-արևելքում է։ Արտաքինից ուղղանկյուն, ներսից շեշտված խաչաձև (բավական խոր թևերով) շինությունը հիմնականում կառուցված է կիսամշակ կարմրավուն տուֆի խոշոր քարերով, իսկ XIIIդ. վերակառուցված ծածկը և գմբեթը` նույն տուֆի սրբատաշ քարերով։ Հարդարանքի հիմնական տարրը բեմի ճակատի բուսական և երկրաչափական նուրբ զարդաքանդակներն են, որոնք ներառված են շեղանկյուն շրջանակների մեջ` հավանաբար սա նախօրինակ է ծառայել գլխավոր եկեղեցու բեմի զարդաքանդակների համար։

Մակարավանքի գավիթը (1207թ.), որ արևելքից կից է հնագույն եկեղեցուն, իսկ հարավից` գլխավորին, գրեթե քառակուսի հատակագծով, չորս սյուներով կենտրոնակազմ հորինվածք ունի, կառուցված է վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով։ Արևմտյան շքամուտքի վրա կան հուշկապարիկի, առյուծի և ցուլի մենամարտ պատկերող դինամիկ բարձրաքանդակներ։ Առանձնապես հարուստ է գավթի ներսի հարդարանքը։ Գմբեթի հիմքի սալերին կան գավթի շինարար վարպետների անունների սկզբնատառերը։

Գավթի և համալիրի հնագույն եկեղեցու հյուսիս-արևելյան անկյունում պահպանվել են ուղղանկյուն հատակագծով, սպիտակավուն քարով շինված նշխարատան (XIIIդ.) պատերը։

Համալիրի արևելյան մասում կանգուն է վարդագույն և կարմրավուն անդեզիտի սրբատաշ խոշոր քարերով շինված, ներքուստ խաչաձև (եռաբսիդ, արևմուտքում ուղղանկյուն թևով), արտաքուստ ութանիստ (գետնախարիսխը շրջանաձև է) կենտրոնագմբեթ հորինվածքով Ս.Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է Մակարավանքի առաջնորդ Հովհաննեսը` 1198թ.-ին։ Լուսամուտների պսակներն ու խորշերի հովհարաձև մշակված կիսակոնաձև գագաթներն ընդգրկող գոտու վրա կան թռչունների, առյուծների, վարդյակների, արծվի և վիշապի մենամարտ պատկերող հարթաքանդակներ։ Եկեղեցուն հյուսիսից կից է փոքրիկ, կիսավեր, թաղածածկ մատուռ։

Մակարավանքի համալիրը իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Ախթամարի, Բղենո Նորավանքի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ։


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ