Մաստարան գտնվում է Թալինից 8կմ հյուսիս, պատմական Այրարատ նահանգի Արագածոտն գավառի Մազդարա բնակավայրի տարածքում: Այստեղով է անցել արքունի ճանապարհը, որի վրա եղել է «իջևանատուն արքունի»:
Մաստարայի տարածքում պահպանված հնագիտական և ճարտարապետական հուշարձաները վկայում են, որ միջնադարում այն եղել է նշանավոր բնակավայր: Գյուղի արևելյան կողմում միջնադարյան գերեզմանոցն է և հնագույն մատուռի ավերակները, գերեզմանոցից արևելք, գյուղի սահմանը կազմող բլրի լանջին, Մաստարայի մեծ խաչքարն է (1223թ.), հյուսիս-արևմտյան բարձունքի վրա պահպանվել են միջնադարյան ամրոցի ավերակները և հնագույն մատուռի տեղում կառուցված Ստեփանոս Նախավկայի եկեղեցին: Մաստարայի տարածքում կան մի քանի մատուռներ:
Հատկապես նշանավոր է Մաստարայի Ս.Հովհաննես եկեղեցին՝ միջնադարյան Հայաստանի հնագույն ու ամենակատարյալ կառույցներից մեկը: Մաստարայի եկեղեցին բազմիցս վերանորոգվել է, հատկապես մեծ վերանորոգում է եղել VIIդ.։ XVIIIդ. շրջապատված է եղել բարձր պարիսպով, որը 1889թ.-ին գյուղի քահանան քանդել է տվել և վերանորոգել եկեղեցին (արձանագրությունը ավագ խորանի հարավային մույթի սվաղի վրա է)։ Պահպանվել են ոմն Գրիգորաս վանականի երեք արձանագրությունները, որոնցում նա իրեն անվանում է եկեղեցու շինող։ Արձանագրությունները թվագրված են VIIդ., ըստ որի թվագրվել է նաև եկեղեցին։ Սակայն Մաստարայի եկեղեցու ուսումնասիրությունից պարզվել է, որ հիշյալ արձանագրությունները վերաբերվում են նրա VIIդ. վերանորոգմանը, և որ այն կառուցվել է Vդ., որի ապացույցն են հանդիսանում ճարտարապետական առանձնահատկությունները և կառույցի հնագույն շարքի վրա պահված արձանագրությունը:
Մաստարայատիպ են Ոսկեպարի (VIդ.), Արթիկի Մեծ (VIIդ.), Հառիճավանքի (VIIդ.) և Կարսի Առաքելոց (Xդ.) եկեղեցիները:
* * *
Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից իր հետ էր բերել Հովհաննես Մկրտչի մասունքները, որոնք թաղվել են եկեղեցու տակ. այստեղից էլ գալիս է գյուղի անվանումը` մաս - տարա: