Մշկավանք (Մշակավանք) XIII դարի հայկական վանքային համալիրը գտնվում է Տավուշի մարզի Կողբ գյուղի մոտ, անտառապատ բարձրադիր սարահարթի վրա։
Պահպանվել են Ս.Աստվածածին եկեղեցին և նրան արևմուտքից կից գավիթը։ Կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ։ Մշկավանքի եկեղեցին 1219թ.-ին հիշատակվում է իբրև կանգուն շինություն։ Եկեղեցին հատակագծում քառակուսի միանավ դահլիճ է, ծածկված կիսագլանային թաղով։ Կիսաշրջանագծային աբսիդին երկու կողմից կից են երկհարկ նեղ ավանդատներ։ Արևելյան ճակատում, աբսիդի պատուհանից վերև, ոճավորված խաչ է, որի վերին թևում պատկերված է ցուլի գլուխ։ Միակ՝ արևմտյան մուտքը բացվում է դեպի գավիթ։ Գավիթը արևմուտքից երկարացված է լրացուցիչ տարածությամբ (ինչպես Հաղպատի, Գանձասարի գավիթներում)։ Վերջինս գավթի քառակուսի մասից բաժանված է կլոր հատվածքի զույգ զանգվածեղ սյուներով։ Մուտքը արևմուտքից է և երիզված է բազմագույն ձևավոր քարերով զարդարված շրջանակով։
Մշկավանքի համալիրը հարուստ է խաչքարերով և վիմական արձանագրություններով։
Վերականգնվել է 1955-1960թթ.-ին։